Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Ես հավատում եմ մեր նախագահի այն բացատրություններին»

Հոկտեմբեր 31,2015 15:40

Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ) հոկտեմբերի 31-ին գումարեց վերամիավորումից հետո իր 2-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը:

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովի ընթացքում առանձին բանաձեւ պետք է ընդունեն սահմանադրական փոփոխությունների մասին. ՌԱԿ պատգամավորներն են որոշելու այո են ասելո՞ւ, թե՞ ոչ:

«Մեր գլխավոր մտահոգությունը հետեւյալն է, որ որեւէ օրենք, մանավանդ, հիմնական օրենք, պետք է, որ իրականացվի, իրագործվի, շեղումներ չլինեն: Լավ օրենք ունենալը ոչ մի բան չի նշանակում, երբ դա կյանքի չի կոչվում ամեն ինչում»,- ասաց նա:

Հակոբ Ավետիքյանը հավելեց, որ ՌԱԿ գաղափարախոսությունը այո է ասում խորհրդարանական կառավարական համակարգին, սակայն կուսակցությունը մտահոգվում է, քանի որ դրա համար պետք է ուժեղ թիմ, կուսակցություններ, որը առիթ կտա հետագայում խոշորացնելու գոյություն ունեցող կուսակցությունները: Ըստ նրա՝ Հայաստանը կարող է անցնել խորհրդարանական համակարգին, եթե փոփոխության ենթարկվեն «Կուսակցությունների մասին» օրենքը եւ Ընտրական օրենսգիրքը. «Այլապես մենք կունենանք 19 թվականի բյուրո կառավարություն, որը գիտենք՝ ինչ բերեց մեր երկրի գլխին»:

Նա չի համաձայնում այն կարծիքին, թե սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը. «Ես հավատում եմ մեր նախագահի այն բացատրություններին, որ ասում է՝ եթե ես չանեմ, ապա հետագայում ինձ կասեն՝ դու այսքան 2 շրջան անցկացրեցիր, չտեսա՞ր մեր գործող Սահմանադրության թերությունները, ինչո՞ւ ոչինչ չձեռնարկեցիր: Այս առումով՝ ինքը շատ ճիշտ բացատրում էր, առանց իր բացատրության էլ էր հայտնի՝ գործող Սահմանադրությունը խիստ սահմանափակում է նախագահի իշխանությունը, լիազորությունները, բայց կատարվում է մի բան, որ գործող Սահմանադրության պարագայում մենք 3 նախագահ ենք ունեցել, նրանք բացարձակ իշխանության գործառույթներ են վերցրել իրենց վրա՝ առանց Սահմանադրության համապատասխան կետերի: Կնշանակի՝ Հայաստանում այսպիսի սուբյեկտիվ վերաբերմունք միշտ առկա է եղել, եւ սրանից պետք է ձերբազատվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031