«Սահմանադրության նոր նախագիծն էականորեն կարող է դրական փոփոխություններ բերել մեր պետության կառավարման գործում, պետության և քաղաքացու միջև լիարժեք իրավահարաբերություններ ապահովվելու, պետության ներքին և արտաքին կայուն զարգացումներն ապահովվելու հարցում»,-այսօր «Պոստ սկրիպտում« ակումբում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, Հայաստանի քաղաքական դաշտը կարեւոր ու պատասխանատու փուլում է գտնվում ու սահմանադրությունն իր քննարկումներով և բոլոր առաջարկություններով լիիրավ համապատասխանում է Հայաստանի առջեւ ծառացած ներքին և արտաքին խնդիրներին.
«Ունեինք դժգոհություններ, և շարունակաբար ասվում էր, որ այդ դժգոհությունների լուծման ճանապարհներից մեկը համակարգային փոփոխություններն են, և այսօր իշխանությունը Հայաստանի նախագահի գլխավորությամբ առաջարկում է համակարգային փոփոխությունների իր տարբերակը: Այս տարբերակը բերում է կառավարման ձևի փոփոխություն և Ազգային ժողովին դարձնում է իրական ներկայացուցչական մարմին, կուսակցություններին հնարավորություն է տալիս դասական իմաստով կայանալ և զարգանալ որպես քաղաքական միտք արտադրողներ, ոչ թե քաղաքական խմբավորումներ: Մարդիկ հնարավորություն են ունենալու իրենց խնդիրները, շահերը և հետաքրքրությունները կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ»:
Պարոն Զաքարյանի խոսքով, առաջարկվող սահմանադրությունը շատ հարցերի պատասխանը տալիս է կառավարման համակարգում եւ խորհրդարանական կառավարման ձևն ունի իր յուրահատկությունները: Ժողովրդավարության առումով լավագույն ձևն ամբողջ աշխարհում մնում է խորհրդարանական կառավարման մոդելը.
«Մեր ընդդիմախոսները հաճախ մատնանշում են անվտանգության հարցերում որոշումներ կայացնելու հարցը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլերում նոր կառավարման ձևն ինչպես կարող է իրեն դրսևորել, պետք է ասեմ, որ անկախ ամեն ինչից, գոյություն ունեն խնդիրներ, որոնք հասարակության համար առաջնային են և քաղաքական ուժերի համար բերում են միայն կոնսենսուսային մոտեցում: Անվտանգության խնդիրներում Հայաստանը բավական զգայուն է և այդ խնդիրը մնալու է քաղաքական օրակարգում, իսկ եթե խնդիրը քաղաքական օրակարգում է, ապա կապ չունի, թե որ ինստիտուտն է դրանով զբաղվում: Միշտ էլ բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժերից բոլոր հասարակությունները դժգոհ են լինում»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ սոցիալական առումով քաղաքացին լինելու է ավելի պաշտպանված. « Քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար ունենալու ենք այնպիսի խորհրդարան, որը կայուն մեծամասնության պարագայում ունենալու է վերահսկողություն իրականացնելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ