Նոյեմբերի 16-ից Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ կմեկնարկի Աստվածաշնչի հեռավար սերտողության դասընթաց՝ «Ավետարանների սերտողություն» խորագրով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԹ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցները կծանոթանան Ավետարանին եւ կսերտեն սուրբգրային ճշմարտությունները:
«Տեղյակ էինք, որ գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հեռավար դասընթացներ, մտածեցինք ընդգրկել նաեւ հոգեւոր դասընթացներ, քանի որ հասարակության շրջանում ավետարանների ուսումնասիրության պահանջ կա: Հաճախ են հարցնում՝ ինչ է ավետարանը եւ ինչպես կարդալ այն: Այդ պատճառով կազմակերպում ենք համապատասխան դասընթաց, որը նախադեպը չունի Հայաստանում: Մեզ համար կարեւոր է անել ամեն բան, որպեսզի դասընթացը ծառայի նպատակին»,-ասաց տեր Եսային:
Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ավետարանների սերտողությունը հասանելի կլինի ոչ միայն Երեւանում եւ մարզերում, այլեւ սփյուռքում. «Հուսով ենք՝ մեծ լսարան կլինի: Դասընթացը կտեւի 10 շաբաթ՝ շաբաթական երկու անգամ: Համադրելու ենք չորս ավետարանները միասին: Սա առաջին փորձն է, իսկ հետագա ընթացքը կախված է հաջող ավարտից: Եթե պահանջարկ եւ հետաքրքրություն լինի, հուսով եմ՝ կկարողանանք հետագայում էլ գործակցել ԳԱԱ-ի հետ»:
Հավելենք, որ դասընթացն անվճար է: Մասնակցելու համար պետք է գրանցվել մինչեւ նոյեմբերի 10-ը՝ ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ