Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնասեռականություն. միֆեր և իրականություն

Հոկտեմբեր 31,2015 12:54

«Գեյերը ղզի՞կ են, գեյ լինելը հիվանդությու՞ն է, իսկ լեսբիներին էլ լավ տղամարդ չի՞ հանդիպել»

Երկու տարի առաջ, իր բարեկամներից մեկի ծննդյան օրվա երեկույթին, խնջույքի սենյակին կից սենյակում թողած պայուսակը փնտրելիս,  Ալվարդը` ներս մտնելով ականատես եղավ իր համար միանգամայն անհավատալի իրողության. բարեկամի որդու երկու ընկերները միմյանց հետ սեքսով էին զբաղվում: Անհավատալին ոչ միայն այն էր, որ երկուսն էլ տղաներ էին, այլ այն՝ որ նրանց արտաքին տեսքից որևէ կերպ հնարավոր չէր գլխի ընկնել, թե գեյ են: Ավելին՝ նրանցից մեկը առնական տեսքով ու թաղում անուն ունեցող տղա էր: Իր խոսքով՝ Ալվարդը «շոկի մեջ էր, որովհետև չէր պատկերացնում, որ այդ տղան կարող է գեյ լինել»:

Սա հանրությունում տարածված ընկալումներից մեկն է, համաձայն որի՝ գեյը արտաքնապես ընդգծված տարբերություն ունի մնացած տղաներից և ունի կանացիության որոշակի դրսևորումներ: Հայ հասարակությունը լի է ԼԳԲՏ համայնքի մասին միֆերով ու կարծրատիպերով:

Գեյը «ղզիկ» է

Հանրությունում ընդունված է կարծել, թե գեյը նուրբ կազմվածքով կանացի կերպար է, նույնիսկ տարածված խոսք կա՝ «աղջկա մատոռով», մինչդեռ իրականությունն այն է, որ  արտաքնապես մեծամասնությունից չտարբերվող բազմաթիվ գեյեր կան, որոնցից երկուսն էլ ապրում էին Ալվարդի շրջակայքում։Davit Gevorgyan

Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն,  հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանի խոսքով՝ այս միֆին մենք պարտական ենք պատմական աղբյուրներին, երբ նույնասեռականության մասին տեղեկությունները մեզ հասել են  կանացի տղամարդու տեսքով կերպարներից, որոնք ֆիզիոլոգիական տարբեր ատրիբուտներով՝ ձայն, քայլվածք, ժեստեր, մարմնի կազմվածք, հակված են կանացի կերպարին:

«Սակայն ես ենթադրում եմ, որ այն նույնասեռականները, որոնք ակամա կամ միտումնավոր ընդգծում են այդպիսի ցուցանիշներով միասեռական խմբին իրենց պատկանելությունը, շատ ավելի քիչ տոկոս են կազմում, քան նրանք, որոնք արտաքնապես որևէ կերպ չեն տարբերվում»,- ասում է նա:

Ամերիկացի սեքսապաթոլոգ Ալֆրեդ Կինսիի ուսումնասիրությունների համաձայն՝ բոլոր հասարակություններում էլ ԼԳԲՏ համայնքը որոշակի փոքր տոկոսով ներկայացված է: Նրա աշխատության համաձայն՝ հարցման ենթարկված տղամարդկանց մոտ 30 տոկոսը իրենց կյանքի որոշակի հատվածում ունեցել է առնվազն մեկ պատահական միասեռական ակտ, իսկ 25 տոկոսը՝ ոչ պատահական կապ, և միայն 4 տոկոսն է, որ ասել է, թե բացառապես միասեռական է։ Կանանց շրջանում դիտվել են գրեթե նույնական արդյունքներ:

Հոգեբան Գևորգյանի կարծիքով, գեյերի կանացիության հետ նույնացման ընկալման հիմնական պատճառն այն է, որ պիտակավորելով հեշտ է իդենտիֆիկացնել «չարիքը» և հեռու պահել, որովհետև մարդու համար շատ ավելի տագնապային է, երբ ինքը շփվում է որևէ մեկի հետ, որի տեսքից հնարավոր չէ գլխի ընկնել նրա սեռական կողմնորոշման մասին:

Գեյ լինելը հիվանդություն է, որը հնարավոր է բուժել

Աշխարհում մինչև 1970-ականները միասեռականությունը իսկապես համարվել է հիվանդություն։ Կինսիի աշխատությունների հիման վրա  1972-73թթ. ամերիկյան հոգեբանների ասոցիացիան, իսկ 1992թ․նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, միասեռականությունը հանեցին հոգեկան համարվող հիվանդությունների շարքից։

Հայաստանում այս ընկալումը դեռևս չի փոխվել: Այն երբեմն ընդունում է անհեթեթ դրսևորումներ, իբրև միասեռականությունը վարակիչ է։

ՓԻՆՔ ՀԿ-ն 2011թ. հանրային վերաբերմունքի ուսումնասիրություն է արել, համաձայն որի հարցվողների 98 տոկոսը կարծում է, որ այն շեղում է, իսկ 52 տոկոսն էլ ասել է, որ հայ ազգին հարիր չէ ԼԳԲՏ լինելը:

Գևորգյանն ասում է, որ ցանկացած միֆ, այդ թվում միասեռականությանը վերաբերվող ընկալումները բացատրվում են ոչ սովորական համարվող երևույթների նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի համատեքստում:

«Այն, ինչը սովորական չէ ու անորոշ է՝ մարդու համար վտանգավոր է, ու տագնապներից խուսափելու համար մարդը հակված է միֆեր հնարելու, որպեսզի իր համար բացատրի այն, ինչ թվում է անբացատրելի»,- ասում է նա։

Հոգեբանն ասում է, որ ցանկացած մարդ ի սկզբանե բիսեքսուալ է, սակայն կա դոմինանտի սկզբունք, որի համաձայն աղջիկների մոտ գերակշռում է իգական, իսկ տղամարդկանց մոտ՝ արական սեռը։ Ինչ-որ մասի մոտ այդ բալանսը խախտված է։ Մարդու երկսեռ լինելու մասին միտքը հաճախ արծարծվում է անալիտիկ հոգեբանության հիմնադիրԿարլ Յունգի ուսմունքում:

Սովորաբար, երեխան 3-7 տարեկանում անցնում է սեռական նույնականացման փուլով․ տղան՝ հոր հետ, աղջիկը՝ մոր հետ։ Գևորգյանն ասում է, որ միասեռականների դեպքում այդ պրոցեսը զարգանում է մի փոքր այլ կերպ, որի պատճառներն ընկած են տարբեր ենթագիտակցական շերտերում, իսկ այն, որ շատ դեպքերում երեխային մեծացնում են  շեշտադրելով առնականությանը բնորոշող գծերի վրա՝ իրականում շատ քիչ կապ ունեն նրա հետ, թե ինչպես է ձևավորվում հոմոսեքսուալությունը, և ընդհակառակը՝ երեխային դարձնում են նեյրոտիկ անձ։

Մինչդեռ շատ հաճախ այս «հիվանդությունը» փորձում են բուժել հորմոնալ դեղամիջոցներով` համարելով միասեռականությունը հորմոնալ խանգարում:

«Եթե հորմոնալ խանգարման դեպքում մարդիկ փոխեին նաև իրենց սեռական հակումներն ու ցանկությունները, Հայաստանում կանանց մեծ մասը, որոնց շրջանում բավական մեծ է հորմոնալ խանգարման դեպքերը  պարբերաբար կդառնային լեսբի,  հորմոնալ խախտումները կարող են ազդել  ասենք ֆիզիոլոգիական խնդիրների, մազակալման աճի վրա, սակայն ոչ երբեք` սեռական  կողմնորոշման ու հակումների»,- ասում է բժիշկ, գինեկոլոգ Լուսինե Մուրադյանը:

 

ԼԳԲՏ համայնքը որպես այլասերվածների խումբ

ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ ամենացցունն ու տարածված միֆն այն է, որ այս համայնքին պատկանելությունը նույնացվում է այլասերվածության հետ:

«Բայց եթե մարդը հետերոսեքսուալ է, դա չի նշանակում, որ նա սեռական կյանքով  չի ապրում, սակայն մարդիկ հենց խոսում են ԼԳԲՏ-ի մասին, առաջին պլանում սեքսն է ու սեքսի ձևը»,- պարզաբանում է Հովսեփյանը:

Հոգեբան Գևորգյանն էլ շեշտում է,  որ ԼԳԲՏ բառն իրենով իսկ հղում ունի անձի սեռական կողմնորոշմանը, և, մարդը՝ խոսելով այս համայնքի մասին, անգիտակցաբար ընդգծում է այդ խմբի հիմնական հատկանիշը, որը տարանջատում է այս համայնքը մյուսներից՝ տվյալ դեպքում սեռական վարքը:

Հոգեբանի կարծիքով, քանի որ այս մարդիկ հասարակությունում իրենց խոցելի զգալու հիմքեր ունեն, հետևաբար նրանց շրջանում առկա է սիրված և ընդունված լինելու մեծ պահանջմունք, որը փնտրում են իրենց համայնքի ներսում, և որը հաճախ դրսևորվում է  սեռական վարքով, այս տեսանկյունից այդ միֆը դառնում է «արդարացված»:

Գևորգյանը շեշտում է, որ հետերոսեքսուալ և հոմոսեքսուալ խմբերի սոցիալիզացիայի պայմանները համեմատելի չեն, և եթե հետերոսեքսուալ մարդիկ իրենց շրջապատում են այնպիսի մարդկանցով, որոնց հետ իրենց հաճելի է կամ կրում են նույն գաղափարները, և  որևէ նշանակություն չեն տալիս այդ մարդկանց՝ հետերոսեքսուալ լինելու փաստին, և ապա  միասեռականության պարագայում դրդիչ և կարևորագույն պատճառն այն է, թե մարդը ոնց է վերաբերվում նրա՝այդպիսին լինելուն։

«Իսկ եթե մարդն ինքը միասեռական է, ուրեմն առաջին լարվածությունն ընկնում է և կարելի է խոսել այլ բաների մասին»,- ընդգծում է նա։

Գեյերը կրեատիվ ու «քուլ» տղաներ են

Գեյերի մասին նաև տարածված ընկալում կա, իբր նրանք արտասովոր տաղանդ ունեցող մարդիկ են, հատկապես երաժշտության բնագավառում։ Հավանաբար, դրա համար հիմք է ծառայում այն, որ բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, օրինակ Ֆրեդի Մերկուրին կամ Էլթոն Ջոնը գեյ են։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանի կարծիքով սա ևս կարծրատիպ է, որովհետև բազմաթիվ գեյեր կան, որոնք օժտված չեն որևէ տաղանդով։

«Նրանք ուղղակի հասարակության մի մասն են, ու ինչպես հասարակությունում, այնպես էլ ԼԳԲՏ համայնքում կան պահպանողական գեյեր, հավատացյալներ, աթեիստներ, լավ կամ վատ մասնագետներ և այլն»,- ասում է նա։

Լեսբիներին լավ տղամարդ չի հանդիպել

ՓԻՆՔ-ի նախագահը նշում է, որ հանրությունում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ միֆերի առյուծի բաժինը գեյերինն է, ու լեսբիների վերաբերյալ կարծրատիպերն ավելի քիչ են, քանի որ հասարակությունում առավել կարևորվում են տղամարդիկ,  որպես հասարակության կարևորագույն և շարժիչ մաս, և ըստ այդմ, լեսբիների նկատմամբ ուշադրությունն ավելի քիչ է, քանի որ կանայք ընդհանուր առմամբ ընկալվում են որպես սեռական օգտագործման օբյեկտ:

«Որովհետև հայրիշխանական հասարակությունում լեսբիներին բռնության և ճնշումների ենթարկում են իրենց կին լինելու համար,- մեկնաբանում է Հովսեփյանը,- Դրա համար լեսբիներն իրենց խնդիրներն ընդհանուր առմամբ ասոցացնում են կանանց խնդիրների հետ»:

Օրինակ այդպիսի մի միֆ կա, որ լեսբիներին լավ տղամարդ չի հանդիպել, ու միջազգային հարթակներում օգտագործվում է նաև «ուղղիչ բռնաբարություն» եզրը՝ որպես միջոց աղջկան «դարձի բերելու» համար։

ԼԳԲՏ համայնքը` նույն միֆերի կրող

Հետաքրքիր է նշել, որ հասարակությունում առկա բոլոր այս կարծրատիպերն ու միֆերը գրեթե նույնությամբ գործում են նույն ԼԳԲՏ համայնքի ներսում: Հովսեփյանը նշում է, որ մի անգամ մի տրանսգենդերի հետ խոսելիս վերջինս ասել է, որ տրանս է աշխատում՝ նկատի ունենալով, որ մարմնավաճառ է: Սա հանրությունում տարածված մեկ այլ միֆ է, որ մարմնավաճառությունը տրանս համայնքին բնորոշող է:

«Բայց տրանսգենդերն իր ինքնությունն է, մասնագիտություն չի, այսինքն ԼԳԲՏ համայնքը հասարակության արտացոլումն է ու ինչ կարծրատիպեր, որ կան հասարակությունում, նույնպիսի կարծրատիպեր էլ ունեն իրենք»,- ասում է նա:

ԼԳԲՏ համայնքի ներսում ևս առկա են որոշակի միֆեր, որոնք առաջացնում են ԼԳԲՏ ընդհանուր համայնքին հակադրվող ենթամշակույթներ: Այս առումով որոշակի անհանդուրժողականություն կա հատկապես բիսեքսուալների և տրանս համայնքի նկատմամբ: Վերջինս ԼԳԲՏ համայնքի ամենախոցելի հատվածն է:

Հասարակական  ընկալումներում  ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ ձևավորված կարծրատիպերն ու միֆերը հաճախ շարժիչ ուժ և գործողությունների հիմնական դրդապատճառ են  դառնում,  մինչդեռ իրականությունը որոշ դեպքերում բոլորովին հակառակ տիրույթում է:

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

 Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ասելիքներդ ի՞նչ ա..պարապ ե՞ք մնացել, թե՞ Ոսկանի հերոսների նման նյութներդ հատել ա..

  2. Սևակ says:

    Լավ հոդված էր: Ինքս ժամանակին մի ֆեյսբուքյան քննարկումից հավաքեցի ու մանրամասն պատասխանեցի տասից ավել կարծրատիպի: Էստեղ կիսեմ, գուցե օգտակար լինի. https://issuu.com/sevak/docs/homosexuality

  3. Rom says:

    Շնորհակալ ենք տեղեկության համար:
    Իսկ կոնկրետ ինձ այս բաժինը ամենից շատ դուր եկավ, «Այն, ինչը սովորական չէ ու անորոշ է՝ մարդու համար վտանգավոր է, ու տագնապներից խուսափելու համար մարդը հակված է միֆեր հնարելու, որպեսզի իր համար բացատրի այն, ինչ թվում է անբացատրելի»:
    Ինձ թվում է մարդ արարածի հիմնական խնդիրը դա է:

  4. Paron Anjik says:

    Օյյ՜՜՜յ տղանե՜րրր, այսինչ հրաշալի և սեքսուալ հոդված էր, մեՌսի՜՜՜, պաչիկներ, ուտեմ մռութը:
    ԲոլոՌռռռ գեյե՜ր միացյե՜ք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031