Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ապրող և ստեղծագործող Ռոբերտ Վարդանյանն ու Իզաբելա Գևորգյանը` իրենց համատեղ կյանքը նվիրել են արվեստին: Դերասանական տաղանդը զարգացնելուց զատ` ամուսինները կարողացել են իրենց սեփական տիկնիկային թատրոնը հիմնել: 1995 թվականին թողնելով` Էջմիածնի Ժողովրդական Դրամատիկական թատրոնը՝ իրենց ամբողջովին նվիրեցին «Նուրի» կոչվող թատրոնին:
Aravot.am-ը զրուցեց մանկագիր- դերասանուհի Իզաբելա Գևորգյանի հետ. «Նուրի»-ն ազգային բարի տիկնիկ է, որը ձմեռ պապի նման հայտնվում է գիշերները և օգնում աղքատ երեխաներին: Դեռևս ուսանողական տարիներից կար տիկնիկայինը: Ես ու Ռոբերտը համատեղ ջանքերով կարողացել ենք մինչև օրս պահել այն: Խաղացանկում ընդգրկված է ինչպես հայ և ռուս դասականների ստեղծագործություններ,այնպես էլ ամուսնուս պիեսները,որոնք տիկնիկային թատրոնի համար գրված լավագույն գործներից են»:
Իզաբելա Գևորգյանը պատմում է, որ տիկնիկային թատրոնը միակն է Արմավիրում: «Պիեսները բեմադրում, դեկորացիաները պատրաստում և երեխաների համար հետաքրքիր է դարձնում Ռոբերտը` տնային պայմաններում: Տիկնիկային թատրոն ունենք,բայց ստեղծագործելու տեղ չունենք: Ամեն ինչ` սկսած տիկնիկներից ու զգեստներից, վերջացրած փորձերից, տանն է կատարվում»:
Ռոբերտ Վարդանյանն էլ իր խոսքում ասաց, որ տիկնիկայինի հետ կապված աշխատանքներից բացի, Իզաբելան շուտով ընթերցասերներին կներկայացնի իր թվով չորրորդ ժողովածուն` կրկին մանուկների համար: «Մենք փորձում ենք հնարավորինս շատ բան ստեղծել մեր ապագա սերունդների համար: Գրեթե հիսուն տարի է մեր գործն ու ապրելակերպը տիկնիկներն ու Իզաբելայի գրքերն են: Այն բազան ,որ ունի մեր թատրոնը կարող է տարվա կտրվածքով հանրապետության բոլոր համայնքներին ընդունել ու ներկայացնել այն, ինչ ստեղծել ենք տարիների քրտնաջան աշխատանքով»:
Կարդացեք նաև
Արվեստով ապրող ամուսինները կարևորում են, որ երբեք չհանձնվեցինն և չեն պատրաստվում հանձնվել: «Չնայած սուղ պայմաններին` թատրոնը շարունակելու է նոր պիեսներ բեմադրել, և առաջիկայում «Դդմուշիկի արկածները» բեմադրությունը կհայտնվի մեր խաղացանկում: Ռոբերտը ջանք չի խնայում, որ մատաղ սերնդին պիեսի միջոցով` բարիության,արդարության ենթատեքստը կարողանա լիարժեք ներկայացնել»,-ասում է տիկին Իզաբելան:
ՀԱՅԿ Մագոյան
Հարգելի, սիրելի Իզաբելա Գեւորգյան, վերջապես գտա ձեզ: Շատ ուրախ եմ ձեզ համար: Իսկ ավելի շատ՝ ինձ համար, որ իմ կյանքում հանդիպել եմ ձեզ եւ եղել ձեր ուսանողուհին: Գրեք ինձ ՖԲ-ի էջում: Ես ձեզ շատ սիրում եմ: