Լրահոս
Օրվա լրահոսը

Ականավոր գիտնականի առաջարկը նախագահին

Հոկտեմբեր 31,2015 12:03

Օրերս Գյումրվա դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարը, որին մասնակցում էին տեղական իշխանությունները, պետական բարձրաստիճան այրեր, Շիրակի մարզի մտավորականներ, ինչպես նաև արմատներով շիրակցի անվանի ակադեմիկոսներ, գիտնականներ, զինվորականներ, մշակույթի և հասարակական գործիչներ և այլք:

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հնչեցրեց «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության Պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ հռչակավոր գիտնական, ծագումով գյումրեցի, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ուղերձը համագումարին: Ուղերձում մեծանուն գիտնականը հատուկ առաջարկով դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձը ներկայացվում է առաջին անգամ և ամբողջությամբ:

Sergey HambardzumyanՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

«ՇԻՐԱԿ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Հարգելի շիրակցիներ,

Գյումրվա իմ սիրելի համաքաղաքացիներ,

Ողջունում եմ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարի մասնակիցներին ու բոլոր իմ հայրենակիցներին:

Ներողամիտ եղեք իմ բացակայության համար… Ես իմ ողջ էությամբ, մանկական ու պատանեկան հուշերով, երիտասարդական ավյունով, իմ գիտակցական կյանքում հավաքած բեռով ու հասունացած խոհերով ձեզ հետ եմ: Ձեր կողքին եմ ու կիսում եմ ձեզանից յուրաքանչյուրի` 88-ի աղետից կրած անասելի ցավը, արդեն քառորդ դար տևող դժվարությունները:

Անցած տարիների ընթացքում իմ ընկերներն ու համախոհները ձեզ հետ միասին զգացել ու կրել են այդ ամենը…

Հայրենակցական այդ զգացողությունները մղեցին մեզ, որ 2000 թվականի նոյեմբերին միաբանվենք ձեզ զորակցելու և օգնելու գաղափարի շուրջ և կազմակերպենք Շիրակ հայրենակցական միությունը:

15 տարի հետո, վերջապես, ճիշտ եք արել, որ հավաքվել եք Գյումրի քաղաքում` հանրագումարի բերելու արածը և, որ ամենակարևորն է, միասնաբար որոշելու գալիք անելիքը: Գյումրին եղել է մեր ժողովրդի փայլուն ավանդների պահպանման, գիտակրթական, արհեստի ու արվեստի, սպորտի դոնորն ու կենսատու ավիշը:

Այդպիսին նորից կուզեինք դառնար մեր քաղաքը, քանզի այդ ամենի արմատներն այնքան խորն են ու առողջ, որ չեն կարող չծլարձակել ու նոր պտուղներ տալ:

Այսօր էլ Շիրակի զավակները իրենց նոր նվաճումներով փառաբանում են մեր հայրենիքը ու Գյումրի քաղաքը:

Դուք մեր ժողովրդի հպարտ ու տոկուն մասնիկն եք: Պատվիրում եմ պահել ու պահպանել դարերով ժառանգված այդ մասունքները` մեր լեզուն` իր անուշ Գյումրվա բարբառով, անկեղծ հումորը, մեր քաղաքին հատուկ կոլորիտը:

Ձեր անունից կրկին դիմում եմ Հայաստանի իշխանություններին առավել ուշադիր գտնվել Շիրակ աշխարհի ու Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական առողջացման ծրագրերի իրականացման մեջ: Այս համատեքստում հորդորում եմ Հանրապետության մեծարգո Նախագահին իրագործել ժամանակին իմ բարձրացրած ու իշխանությունների կողմից հավանության արժանացած առաջարկը. Գյումրիում կազմակերպել բարձր տեխնոլոգիաների համալսարան:

Ես ձեզ հետ եմ, սիրելի՜ հայրենակիցներ:

ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031