Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի եւ ձանձրալի զբաղմունք

Հոկտեմբեր 31,2015 10:00

Մի անգամ արդեն պատմել եմ, հիմա հիշեցնեմ: 2005 թվականի նոյեմբերի 27-ին` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Գավառ քաղաքում իմ բարեկամը ցերեկը ժամը մեկին գնացել էր քվեարկելու: Ընտրական տեղամասի դուռը փակ էր: Որոշ ժամանակ անց դուրս եկան ինչ-որ մարդիկ եւ հարցրեցին, թե ինչո՞ւ է նա եկել, ի՞նչ է ուզում: Ազգականս բացատրեց, որ եկել է քվեարկելու: «Ախպեր ջան, արդեն քվեարկած ա»,- ժպտալով պատասխանեցին նրա զրուցակիցները: Այսինքն՝ «այո»-ի կազմակերպիչներն» իրենց նեղություն չէին տվել ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկներ լցոնելու, պարզապես թվեր էին լրացրել եւ թղթերը հանձնել ԿԸՀ:

Որպեսզի այս անգամ էլ նույնը չլինի այդտեղ, «ոչ»-ի կողմնակիցները պետք է գոնե մեկական հոգի վստահելի մարդ ունենան Գավառի ամեն մի տեղամասում: Արդյոք Միասնական Ընդդիմության Կոորդինացիոն Խորհրդի Գլխավոր Շտաբը, Ազգային Փրկության Ճակատը եւ այլ ահասարսուռ անուններ ունեցող կառույցներն ունե՞ն նման մարդկային ռեսուրս: Կարծես թե՝ ոչ: Եթե ունենային, ապա այդ մարդիկ այսօրվանից կանցնեին գործի՝ կգնային տնետուն եւ կպարզեին, թե ոստիկանության հրապարակած ցուցակներում գրանցված ընտրողներից ովքե՞ր են հանրապետությունում «ներկա», իսկ ովքեր՝ «բացակա», որից հետո կկազմեին եւ կհրապարակեին իրենց՝ իրականում առկա ընտրողների ցուցակները: Չէ՞ որ ակնհայտ է, որ «մեռյալ հոգիները» կլինեն հանրաքվեն կեղծելու գլխավոր ռեսուրսը:

Թե չէ՝ որոշ ընդդիմադիրներ հեշտ զբաղմունք են գտել. վերոհիշյալ ցուցակներում հայտնաբերում են կրկնվող անուններ ու ազգանուններ, մասնավորապես՝ իրենց անուն-ազգանունները: Համակարգչի մոտից չհեռանալու լավ տարբերակ է: Շատ ավելի դժվար է վեր կենալ տեղից եւ գնալ թեկուզ քո մուտքի հարեւանների մոտ ու պարզել՝ արդյոք ցուցակներում նշված Սանասարը կամ Բաղդասարն իսկապե՞ս ապրում են այս հասցեում, թե՞ արդեն 20 տարի ասֆալտ են փռում Ուստ-Կամենագորսկում: Իսկ մի քանի տասնյակ երիտասարդի այդ գործի համար կազմակերպելը պարզապես հրաշալի կլիներ: Ընտրություններից հետո ցուցակ հրապարակելը, որի համար պայքար է գնում, իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե որոշակի աշխատանքի արդյունքում հնարավոր լինի ապացուցել, որ այդ ցուցակով «քվեարկած» մարդիկ իրականում հանրապետությունում չեն: Դա, ինչ խոսք, շատ բարդ եւ աշխատատար գործ է: Նաեւ ձանձրալի: Շատ ավելի հետաքրքիր է ու հաճելի տարբեր ամբիոններից բոցաշունչ ճառեր արտասանելը, Ազատության հրապարակում հավաքվելը եւ Երեւանի կենտրոնով մի քանի հարյուր հոգով զբոսնելը:

Լավ, ենթադրենք ես հայտնաբերեցի, որ ընտրացուցակներում հիսուն հոգի Արամ Աբրահամյան կա: Ինչի՞ մասին է դա խոսում: Միայն նրա մասին, որ իմ ազգանունը չափազանց տարածված է Հայաստանում, իսկ իմ ծնողներն էլ ինձ սովորական անուն են տվել (ինչի համար ես նրանց շնորհակալ եմ): Եթե նրանք իմ անունը դնեին, ասենք, Բախտիբեկ, ապա իմ «նմանակները» ընտրացուցակներում զգալիորեն ավելի քիչ կլինեին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Արամ, իմ կարծիքով կա մեկ պարզ իրողություն, դա այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց սահմանադրության փոփոխություններով առաջարկվող հանրային քննարկումներին ներգրավել մեր հասարակությանը, որի արդյունքում մենք, ցավոք, ունենալու ենք առաջարկվող փոփոխություններից հիմնականում անտեղյակ հասարակություն և “այո”-ի շատ բարձր ցուցանիշ: Հասարակության անտարբերությունը, իմ կարծիքով, ունի հիմնավոր պատճառներ` մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապ չունեցող փոփոխությունների առաջարկ, իշխանությունների նկատմամբ արմատավորված անվստահություն, ժողովրդին շահագործող պետական ապարատ, պետական ապարատից ծնվող օլիգարխներ և այլն: Անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում առաջարկվող փոփոխությունները, միևնույն է հասարակությունը դա ընկալելու է մեր երկրում առկա խնդիրների տեսանկյունից, որոնց պատասխանը թե գործող, թե առաջարկվող սահմանադրությունը չի տալիս:

  2. Տիգրան says:

    204. 102 Միրոյան Գյուլիզար Սուտոյի 20/01/1939 Կոտայք Քանաքեռավան 18 Փ. 8
    205. 102 Միրոյան Գյուլիզար Սուտոյի 20/01/1939 Կոտայք Քանաքեռավան 18 Փ. 22

    Այս տվայալները տրամադրել է ՀՀ Ոստիկանությունը:

    Իսկ Դուք ասում եք Բախտիբեկ….

  3. Հ.Շ. says:

    ԱՄՆ-յում ընտրական զեղծարարութիւնների ցանկ (լուրջ, սակայն ոչ լրացուցիչ) ՝
    https://thf_media.s3.amazonaws.com/2015/pdf/VoterFraudCases-Merged-3-2.pdf

    https://dailysignal.com/2015/08/11/nearly-300-cases-the-extent-of-voter-fraud-in-america/

    Այդտեղ տակաւին չէ նշուած, այս նիւթում, ԱՄՆ-ի ժամանակակից պատմութեան գերագոյն եւ ամենանշանաւոր գայթակղութիւնը՝ 2000-ի նախագահական «ընտրութիւնը»: Ան որ հետաքրքրուած է, թող հեշտօրէն պրպտէ եւ ստուգի, այդ մասին տեղեկատուական աղբիւրները չեն պակասում: Ի դէպ, այդ ժողովդրավարական բարձրագոյն զաւեշտի տարեդարձն է այս ամիս (նոյեմբեր) :

    Եւ այդ խեղկատակութեան արդիւնքը եղաւ, ոչ թէ տակաւին թէական երկրի մը սահմանադրական խարխափումները, այլ՝ աշխարհի ամենազօրեղ նախագահի (այդ օրերին, Ռուսաստանը ոտքի չէր կանգնած տակաւին) ընտրութիւնը: Ան, որ յաջորդող տարիներին ամբողջ մոլորակը տակնուվրայ ըրաւ, ի միջի այլոց, այլազան պատերազմներով:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    ..

  4. Ալեքսադր says:

    Գործնական և ԻՐԱՎԱԿԱՆ առումով մարդու Հայաստանում լինել-չլինելը ոչինչ չի նշանակում և դրա բացահայտելը ոչինչ չի տալիս: Ասենք ես գիտեմ, որ տարիներ շարունակ իմ հարևանները բացակայում են, ամառներն էր մեկ-մեկ գալիս են: Բայց իմ այդ գիտելիքը իրավապես ոչ մի արժեք չունի, քանի որ ում որ դա պետք է, կասի, – այդ օրը եկավ քվեարկեց և նույն օրը գնաց-, և թեև ես գիտեմ, որ չի եկել, դա ապացուցելն անհնար է: Եվ ո՞վ պետք է դա անի. պատկերացնում եք, թե դա ինչ ռեսուրս է պահանջում: Եվ այն, ինչ առաջարկում է հարգելի խմբագիրը, բացարձակ անիմաստ է և անհնար: Այլ միջոցներ են պետք, որոնք, սակայն, ես դժվարանում եմ առաջարկել, որովհետև պարզապես չգիտեմ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մեկ հոգու դեպքում, այո: Բայց եթե դուք ունեք 100.000 բացակայող մարդու ցուցակ, եւ իշխանությունն ասում է, որ 100.000 ընտրող մի օրով եկել է, քվերակել եւ գնացել, ապա դա, կարծում եմ, գործնական նշանակություն կունենա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031