Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ջղաձգումները՝ ըստ «ոչ»-ի ճակատի

Հոկտեմբեր 31,2015 14:00

Հանրապետականները կարճ ժամանակում համոզվելու են,
որ կառավարման մոդելի փոփոխությունն իրենց որեւէ լավ բան չի տալու

«Այո»-ի եւ «ոչ»-ի ճակատներն ըստ երեւույթին անցել են երգիծանքի դաշտ: Մասնավորապես, օրերս ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ի պատասխան «ոչ»-ի ճակատի գործողությունների եւ այդ ճակատից հնչող անհնազանդության կոչերի` ծիծաղել էր ու հեգնել:

«Առավոտը» «ոչ»-ի ճակատում գտնվող քաղաքական ուժերից հետաքրքրվեց` ինչպե՞ս են վերաբերվում իշխանական` «այո»-ի թեւից եկող այս հեգնանքին ու ծիծաղին, արդյոք այդքան վստա՞հ են իրենց վրա, որ հանրաքվեի ժամանակ էլ «ինչքան ուզեն՝ խփելու են», «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իշխանության թիվ մեկ խնդիրն է քաղաքական դաշտի ամայացումը, այլախոհության եւ այլատեսակետության հետ հաշվի չնստելը, ինչը ցանկացած ժողովրդավարական պետության եւ պետականության համար սեփական անկախությունը, ինքնուրույնությունն ու դեմքը կորցնելու միակ ճանապարհն է: Բայց իշխանությունը գնում է դեպի միակուսակցական համակարգ, որտեղ այլ կարծիքներ ունեցողներ չպետք է լինեն, նրանց, ում հնարավոր է գնել՝ գնում են, նրանց, ում չի հաջողվում՝ փորձում են ձեռ առնել»: Արամ Սարգսյանը դժբախտություն է համարում այն, որ բազմահազարանոց ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը չի կարողանում 100 միլիոն դրամ հայթայթել իր ընտրական հաշվին դնելու համար: Ըստ նրա` պատճառն այն է, որ հարուստները վախենում են գալ ու այդ գաղափարների համար գումարներ ներդնել: Այս առիթով Արամ Սարգսյանը հիշեց Գագիկ Ծառուկյանին ու Արա Աբրահամյանին. «Այդ պարագայում հայտնվում են Արա Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի նման մեծահարուստներ ու էլի են հայտնվելու. ասում են՝ եթե փողով է, մենք ձեզնից շատ փող ունենք ու հավակնելու ենք իշխանության»:

Արամ Սարգսյանը իրեն ակտիվ «ոչ»-ի կողմնակից է համարում, սակայն շինծու է համարում «ոչ»-ի համակիրների միասնական գործունեությունը. «Ողջունում եմ «ոչ»-ի մնացած բոլոր կողմնակիցներին: Մենք իրար բացարձակապես չենք խանգարում, բայց այստեղ գերխնդիր է մոտեցումների տարբերությունը: Կան ուժեր, որոնք կարծում են` մինչեւ «ոչ»-ին հասնելը պետք է հեղափոխություն անել, սակայն հաղթել մինչեւ ընտրությունը եւ ընտրության գնալ հաղթանակով, այդ գաղափարը այնքան էլ նոր չէ: 2003-ի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Ստեփան Դեմիրճյանը դա փորձարկել է: Այն ժամանակ նույնիսկ հասարակական նման ակտիվության եւ գերլարման պարագայում այդ գործընթացները, որպես այդպիսին, արդյունքներ չունեցան: Տա Աստված` իրենց հաջողի: Ես այդ ճանապարհը մեկ անգամ անցել եմ եւ երկրորդ անգամ անցնելու խնդիրը չեմ տեսնում»: Արամ Սարգսյանի կարծիքով` ընտրությունների միջոցով փորձել հասարակական զանգվածներ տանելն ավելի հոգեհարազատ միջոց է, եւ այն իր արդյունքները տվել է նախագահական ընտրությունների ժամանակ` 2003-ին, նույնիսկ 2014-ին: Սակայն ըստ պարոն Սարգսյանի` այս ճանապարհն էլ աշխարհաքաղաքական իմաստով ունի լուրջ խնդիրներ, քանի որ ռուսական թեւը միշտ էլ պահելու է այս իշխանությանը: Արամ Սարգսյանի տեղեկացմամբ` «ոչ»-ի ճակատի հետ ժամանակին ունեցած իրենց անհամաձայնությունները հենց այս ուղղությամբ էին. «Մենք չենք կիսում նաեւ այն մոտեցումը, որ եթե «այո»-ն անցավ, այլեւս իշխանություն փոխել չի լինի: Ոչ մի տարբերություն` ընտրությունները կլինեն նախագահական, թե վարչապետական: Հետեւել եմ Մերկելի ընտրություններին, այն ժամանակ դեբատները նույնն էին, ուստի դա որեւէ բան չի տալու Հանրապետականին, իրենք շատ կարճ ժամանակում համոզվելու են դրանում»:

«Ոչ»-ի կողմնակից է նաեւ ՀԱԿ-ը: Այն քարոզում է մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ոչ»-ի ճակատի հասցեին հնչող հեգնանքի մասին մեզ հետ զրույցում ասաց. «Սա արդեն ցույց է տալիս նրանց նյարդայնությունը: Եթե իրենք վստահ լինեին իրենց ուժերի վրա, երբեք նման հայտարարություններ չէին անի, հակառակը` կխոսեին ժողովրդավարական գործընթացի մասին, կասեին, որ մենք հարգում ենք մեր հակառակորդներին, կասեին` ի՞նչ է եղել, թող իրենք իրենց ասածն ասեն, մենք էլ` մերը, եւ ժողովուրդը կորոշի հանրաքվեով, թե ով է հաղթելու: Դա կլիներ ինքնավստահ իշխանության խոսք: Եթե իրենք արդեն նման կերպով փորձում են ստեղծել տպավորություն, որ վախեցած չեն, որ ինչ-որ գերակա դիրքերում են գտնվում, ծիծաղով են վերաբերվում, դա շատ մանր, նյարդայնացած ու վախեցած մարդկանց կեցվածք է, որը ցույց է տալիս, որ իրենց գործերն այնքան էլ լավ չեն»:

«Ոչ»-ի ճակատի մասնակից մյուս քաղաքական ուժը` «Ժառանգությունը», կարծում է, որ պետք է մինչեւ հանրաքվեն հասնել իշխանափոխության։ Չնայած պայքարի տրամաբանության այս տարբերությանը ՀԱԿ-ի հետ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համամիտ է Լեւոն Զուրաբյանի հետ: Նրա կարծիքով էլ` իշխանականները ջղաձգվում են: Տիկին Փոստանջյանը մանրամասնեց. «Երբ մարդիկ ջղաձգվում են, նրանց մոտ ծիծաղ է ի հայտ գալիս: Ջղաձգված մարդու ռեակցիաները տարբեր են լինում, տարբեր ռեակցիաներից մեկն էլ հենց այն դրսեւորումն է լինում, երբ սկսում են ծիծաղել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031