Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Իլհամ Ալիեւը ու մեղադրանքներ հնչեցրել աջ ու ձախ: Նա դատապարտել է ոչ միայն հայկական կողմին, այլ նաեւ միջնորդներին։ Ալիեւը նախ հիշել է անցյալ տարի Փարիզում իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից երկու շաբաթ անց ԼՂ-ում մեկնարկած զորավարժությունները, թե իբր այդ ժամանակ հայկական զինված ուժերի ուղղաթիռները գրոհել էին ադրբեջանական դիրքերը, ապա սկսել է արդարանալ, թե Ադրբեջանը օրեր շարունակ լռում էր:
Ալիեւին զայրացրել է Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը, որ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ Նա Հայաստանը «տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող երկիր» է ներկայացրել. «Միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդները այդպես էլ ադեկվատ ձեւով չարձագանքեցին հայկական կրակոցներին, եւ այդ ամենը Ադրբեջանի դիտարկմամբ՝ ստվեր է նետում միջնորդական առաքելության վրա»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից հայտնի չէ, թե ինչ են պատասխանել միջնորդները իրենց ուղղված մեղադրանքներին: Սակայն Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել հանդիպել մինչեւ տարեվերջ, նրա խոսքով՝ հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։ «Նախագահները պետք է ուղիներ փնտրեն հակամարտության համակողմանի կարգավորման համար, միեւնույն ժամանակ քննարկեն շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները։ Այսօր իրավիճակը արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որը կար երկու տարի առաջ։ Առաջին անգամ մենք ականատեսը եղանք շփման գծում ծանր հրետանու կիրառման, ինչի արդյունքում քաղաքացիական անձինք զոհվեցին։ Լարվածությունն օր օրի աճում է։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որպեսզի նախագահները հանդիպման ժամանակ քննարկեն լարվածության աճը»,- ասել է ամերիկացի համանախագահը։
Ուորլիքն արդեն իսկ խոսել է հակամարտության կարգավորման պտուղների մասին, որ այն սկիզբ կդնի նոր ժամանակաշրջանի եւ մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի զարգացման համար, որ կողմերը պարտավոր են հաջորդ սերունդների համար ապահովել կայուն ապագա, որ երկու ժողովուրդների միջեւ պետք է կապ հաստատվի, եւ շեշտել է, որ հասունացել է հակամարտության համակողմանի կարգավորման անհրաժեշտությունը՝ հանուն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների անվտանգության։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Ուորլիքը ԼՂ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը գնահատել է «սարսափելի». «Եթե նախկինում մեզ մոտ հարցեր էին առաջանում, թե որքան վտանգավոր է այս իրավիճակը, ապա իմ փորձով կարող եմ ասել, որ վիճակը շփման գծում սարսափելի է»։ Նա հավելել է, որ պետք է հրատապ լուծում գտնել խնդրի խաղաղ կարգավորման համար. «Ես իմ գործընկեր միջնորդների հետ եղել եմ անվտանգ վայրում, բայց ԵԱՀԿ երկու ծառայողներ եղել են վտանգի մեջ եւ սկսել են թաքստոց փնտրել։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ Նման միջադեպերն անընդունելի են։ Երբ միջադեպը քննարկում էինք ԵԱՀԿ փորձագետների հետ, նրանք ասացին, որ հնարավոր չի եղել ճշտել, թե որ կողմից է կրակը բացվել։ Նրանք մասնագետներ են այդ հարցում: Ցանկանում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ նման միջադեպերը համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ անընդունելի են»,- ասել է Ուորլիքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից:
Պաշտոնական Բաքուն համանախագահների` տարածաշրջանային այս այցի ընթացքում ընդգծել է փախստականների հարցը: Բաքվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող հասարակական միավորման ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել միջնորդների գործունեության վերաբերյալ: «Երբեմն ձեր հայտարարություններից կարելի է դատել, որ դուք մտածում եք հայերի պես»,- համանախագահներին ուղղված իր խոսքում նշել է փախստականների միավորման ներկայացուցիչ, ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը։ «Ինչպես ես ասել էի Երեւանում՝ մինչեւ չլուծվի փախստականների խնդիրը, մինչեւ նրանք չվերադառնան իրենց հայրենի տարածքը, համակողմանի լուծում հնարավոր չի լինի»,- նկատել է ամերիկացի համանախագահը։ Իսկ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն վստահեցրել է, թե հասկանում են փախստականների հարցի կարեւորությունը հակամարտության կարգավորման համատեքստում եւ հարցը քննարկում են յուրաքանչյուր հանդիպման ընթացքում։
ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էլ հավելել է, թե ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ տարաձայնություններ ունեն միջազգային հարցերի կապակցությամբ. «Սակայն ԼՂ հակամարտության հարցում մենք միասնական ենք»: «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող միավորումում հանդիպման ժամանակ ռուսաստանցի միջնորդը նշել է, թե «բոլոր համանախագահները հակվում են նրան, որ փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր»:
Մինչեւ Բաքու մեկնելը համանախագահները Երեւանից Ստեփանակերտ էին մեկնել, որտեղ հանդիպել էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ բանակցությունների գլխավոր հարցը սահմանին տիրող իրավիճակն է եղել, սահմանին առկա լարվածությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները վտանգում են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը։
ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկել են իրավիճակը շփման գծում, որի ավարտին էլ գրանցվել էր գնդակոծություն՝ ավտոմատ հրազենից, ադրբեջանական կողմից՝ ըստ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ի: Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին նշել էր, թե կրակ է բացել հայկական կողմը: Այնուհետեւ միջադեպին իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել էր ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Երբ մենք հատում էինք շփման գիծը, կրակահերթը ստիպեց ԵԱՀԿ դիտորդներին պատսպարվել: Դա անընդունելի է»:
Ալիեւի նյարդային վիճակը կարելի է հասկանալ: Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Դրանք ընթանալու են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ բավական կոշտ հայտարարությունների ֆոնին: Ադրբեջան-Արեւմուտք հարաբերություններում լարվածությունը բավական ակնառու է:
Վերջին երկու տարիներին շփման գծում լարվածության ֆոնին` Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ավելի ու ավելի են ջերմանում: Բաքվից պաշտոնական մակարդակով սկսել են ավելի հաճախ խոսել Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության մասին:
Միջազգային մի շարք խնդիրներում ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ Ռուսաստանն, այո, բազմաթիվ տարաձայնություններ ունի, սակայն արդյոք ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանը միասնակա՞ն է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:
Ղարաբաղյան բանակցությունների շարունակականությունն ապահովելը եւ շփման գծում հանդարտության ապահովումն այսօր միջնորդների թիվ մեկ խնդիրն է: Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ` նոյեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից եւ Հայաստանում դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո, Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն:
Ներքին սպառման համար, իրականում, Ալիեւի քարոզչությունը տվել է «արդյունքներ»: Այդ երկրում դեռ «Հայաստանը ոչնչացնելու» ու ցանկացած օր «Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու» մասին Ալիեւի ելույթները որպես բացարձակ ճշմարտություն են ընդունվում:
Այլ է պատկերը միջազգային հանրության առումով: Հենց սա է, թերեւս, բացատրում Ալիեւի ջղաձիգ պահվածքը, որն իր հերթին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը որոշակի ճնշումների է ենթարկվել եւ ստիպված է ղարաբաղյան բանակցությունները փակուղուց հանելու ուղղությամբ կոնկրետ քայլերի գնալ` համաձայնելով բանակցությունների շարունակմանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10..2015