Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղող մթերողները 180 դրամով տեղ չունեն՝ 120-100-ով տեղ ունե՞ն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2015 13:00

Մինչ գյուղոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ այս տարվա բերքահավաքի աշխատանքները ավարտվել են, մթերվել է այսքան տոննա խաղող, Վայոց ձորում շատ գյուղացիների բերքը դաշտից ո՛չ կարողանում են տուն բերել, ո՛չ էլ խոստացված գնով վաճառել վերամշակողներին: Ամսվա սկզբից խաղող մթերող ընկերությունները պատճառաբանում էին, թե խաղողի շաքարայնությունը ցածր է, հետո երբ բարձրացավ, որոշ ժամանակով դադարեցրին մթերումները` պատճառաբանելով, թե տեղի խնդիր կա, իսկ երբ նորից սկսեցին մթերել, գյուղացու հետ նախապես պայմանավորված գինը կտրուկ իջեցրին՝ 180-ից դարձնելով 100 դրամ:

«Արդեն քանի օր ա՝ անձրեւ ա գալիս, էս անձրեւին մի կերպ հավաքում տանում ենք, ասում են՝ շաքարայնությունը ցածր ա, ոնց կարող ա 14 օրվա մեջ գրադուզը այդքան իջնի, խաղողը ցրտից ա շաքարայնությունը ավելացնում, ոչ թե շոգից: Հոկտեմբերի 14-ին բերքահավաք եմ արել եւ 6 տոննա խաղող տարել եմ «Արմենիա Վայն», շաքարայնությունը եղել ա 23 տոկոս, հիմա տանում եմ ուրիշ գործարան, ասում են՝ 18-19 տոկոս ա, 100 դրամով ենք վերցնում»,- «Առավոտ-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի բնակիչներից մեկը: Աղավնաձորցի այս խաղողագործը հաշվարկել է ու պարզել, որ անցած տարի մոտավորապես վաճառել է 16 տոննա խաղող, որը 3 միլիոնից ավելի գումար է կազմել, իսկ այս տարի վաճառելու է 20 տոննա խաղող, որը կազմելու է 2 միլիոն դրամ:
Մեկ այլ բնակիչ էլ մեզ հետ զրույցում նշեց. «Սեպտեմբեր ամսից սահմանափակ քանակից չեն խոսել՝ բոլորն էլ գիտեին, որ տարին բարենպաստ ա, եւ բերքի ծավալներն էլ անցած տարվա համեմատությամբ էս տարի գերազանցելու են: 2 անգամ ճանապարհ փակեցինք, բողոքեցինք, որ 200 դրամից ինչի՞ ա գինը իջել 180 դրամ: Մթերող ընկերությունները այդ 180 դրամն էլ չպահեցին, կիլոգրամի գինն իջեցրին 140-120 դրամ, հիմա էլ դարձրին 100 դրամ: Էն ժամանակ գյուղատնտեսության նախարարը ասում էր՝ աղավնաձորցուն գինը չի բավարարում, պիտի մթերող ընկերության հետ միասին գին որոշեն, բայց ո՞վ եկավ մեզ հետ գին որոշի, բեռը դատարկում վերջացնում են՝ վերջում իրենց ուզած գինն են ասում, դե, կռիվ արա՝ էդ ա, ում ուզում ես՝ բողոքի»:
Խաղողագործների խոսքերով՝ հիմա իրենց վերջին հույսը «Վեդի-Ալկո» ընկերությունն է. «Ցածր գին ա, թե բարձր՝ մթերում ա, հուսահատված մարդու համար գինը՝ ի՞նչ, էս պահին էլ ուրիշ մթերող գործարան չկա: Այս ընկերությունն էլ ասում ա՝ գինու համար նախատեսված խաղողի քանակը սպառվել ա՝ կոնյակի անվան տակ ա տանում՝ մինչեւ 19 տոկոս շաքարայնության խաղողը՝ 100 դրամով, 19-20 շաքարայնությամբը՝ 119 դրամով, 20-ից բարձրն էլ՝ 120 դրամով»:

Գյուղացիները պատմում են, որ մի 10 օր առաջ Արարատի գինու գործարանի ներկայացուցիչն իրենց ասել է՝ առանց շաքարայնությունը որոշելու 140-150 դրամով կվերցնի, բայց մի քանի անգամ մթերելուց հետո խաղողի գինը միանգամից դարձրել է 100 դրամ. «Դե, բողոքի, ասում ա՝ չես ուզում, հետ տար` էս ա իմ առաջարկը: Էսօր արտադրողը պաշտպանված չի՝ արտադրում ա, հետո նստում լացում ա՝ արտադրածի ձեռը կրակն ընկած»:

Հուսահատված աղավնաձորցիներից մեկն ասաց. «Եթե մեր արածը ապարդյուն ա անցնում, մեր բողոքը տեղ չի հասնում կամ էլ հասնում ա, բայց «շան» տեղ չեն դնում՝ ավելի հստակ, որովհետեւ տեր չունենք՝ անտեր մարդիկ ենք: Մենք էն վախտ էինք տեր, երբ Ղարաբաղի հողերն էին ուզում: Էն վախտ լավ մարդ էինք, էն վախտ մեր ընկերները, մեր ախպերները կռիվ էին անում հողի համար, հիմա էս իմ հողը 3 տարի ա՝ առել եմ, ներդրում եմ արել, բայց եթե առածս գինը տան, հենց հիմա կտամ, էս մնացած բերքն էլ մեջը՝ ինձ պետք չի ոչ էս հողը, ոչ էլ Հայաստանի հողը: 43 տարեկան հայրենասեր տղա եմ, բայց արդեն հասել ա կոկորդս, ավելի լավ ա ռուսի համար աշխատեմ, ռուսի երեխեն ապրի, իմ երեխեն էլ լավ ապրի, քան թե մնամ ստեղ, իմ երեխեն չապրի՝ էն խուլիգան օլիգարխներն ապրեն»:

Մի քանի բնակիչ էլ նշեցին, որ բախտները բերել է, որ «Արմենիա Վայնի» հետ պայմանագիր ունեին ու բերքի մի մասը հանձնել են 210 դրամով, թե չէ, ըստ նրանց, ավելի շատ կտուժեին. «Միակ ընկերությունն ա եղել, որ գյուղացու հետ նորմալ աշխատում ա, մնացածները գին են փոխում՝ 180 դրամի ժամանակ ասում էին՝ տեղ չունենք, բա ոնց ա՞, 100-120 դրամի ժամանակ տեղ կա՞»:

«Առավոտ»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց. «Ծավալների հետ կապված՝ ամիսներ առաջ նշել էին, որ վերամշակողները ունեն ծավալների խնդիրներ, որովհետեւ ապրանքը չեն վաճառել, եւ, հետեւաբար, տարողությունների խնդիր կա, այսինքն՝ այն ծավալները, որ սպասվում էին, պատրաստ չէին կազմակերպությունները մթերելու՝ տեղի բացակայության առումով»: Փոխնախարարը նշեց, որ մի քանի անգամ վարչապետի մոտ խորհրդակցությունների եւ բազմիցս գյուղատնտեսության նախարարի` վերամշակողների հետ հանդիպումների, հորդորների շնորհիվ վերամշակողները, հասկանալով իրավիճակը, մթերումներ իրականացրին. «Չենք ստիպում՝ խնդրում ենք, բացի այդ էլ, տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չի. նախորդ տարվա մթերումները որ իրականացրել են, ստացված արտադրանքը չեն իրացրել` լրացուցիչ տարողություններ են ձեռք բերել, մինչեւ անգամ իրենց որակի հաշվին ծավալները ավելացրել են: Մենք մասնավորին ստիպելու իրավունք չունենք, մենք խնդրում ենք: Ուղղակի ֆիքսված գին չի եղել: Մենք գների վրա ազդելու ոչ մի կարգավորիչ լծակ չունենք, որ վերամթերողին խնդրենք, որ մթերի, դրանից հետո էլ պարտադրենք, ասենք՝ այս գնով պետք է մթերել, երկու տնտեսվարող սուբյեկտներ իրենք են որոշում գինը»:

Ռոբերտ Մակարյանն այս խնդիրը պայմանավորում է Ռուսաստանի Դաշնությունում ռուբլու արժեզրկմամբ. «Չեմ կարծում, որ անընդհատ այս իրավիճակը լինելու է: Վերամշակողները հիմա իրենց առջեւ ուրիշ խնդիր են դրել՝ շուկաները դիվերսիֆիկացնել, որ կախված չլինեն ռուսական շուկայից, այլ տարբեր ուղղություններով արտահանումներ իրականացնեն, որպեսզի արտարժույթի տատանումները նրանց վրա բացասական էֆեկտ չունենան»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031