Լրահոս
Օրվա լրահոսը

13-րդ դարի Սուրբ Գեւորգը վերագտել է իր շքեղ գույները

Հոկտեմբեր 31,2015 12:30

Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագրի դոնորների եւ հավատացյալների մասնակցությամբ: Սուրբ Գեւորգի վերակառուցման ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանի խոսքով, 13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարեւորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Ամիրխանյանի խոսքով, մինչ վերականգնումն ու ամրացումը եկեղեցին ծանր վիճակում էր, այն մեծ ճաքեր ուներ, հիմքը խարխլված էր, ներսի որմնանկարները սվաղված էին, իսկ կապտականաչավուն ջնարակված գմբեթը փակված էր ցինկապատ թիթեղով:

Սուրբ Գեւորգի վերակառուցման ծրագրի ղեկավարը հայտնեց, որ գնվել է եկեղեցու հարակից շինությունների մի մասը՝ առաջիկայում մշակութային կենտրոն ու թանգարան հիմնելու համար: Ամիրխանյանն ասում է, որ ի սկզբանե պետք է վերականգնվեր 220 քմ որմնանկար, բայց պարզվեց, որ հարկավոր է 1090 քմ որմնանկար վերականգնել: Նրա գնահատմամբ, Սուրբ Գեւորգի նման շքեղ եկեղեցի հայերս չունենք:

Surb_Gevorg_2

Եկեղեցին՝ մինչ վերանորոգումը:

Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն պատմում է, որ ամենայն խորությամբ ամրացրել են Սուրբ Գեւորգի հիմքը, տաճարն արդեն մի քանի հարյուր տարի կապրի: Նրա խոսքով, իրենց առաջ խնդիր էին դրել նախ կանգուն պահել եկեղեցին, մեծ ուշադրություն է դարձվել շինության ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը մեծ վտանգ էին ներկայացնում, ողողում էին տաճարի հիմքը, քայքայում պատերի աղյուսե շարվածքը: Այսպիսով, ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը: Օթար Չակվետաձեն ասում է, որ ինքը տեսակով աշխարհիկ մարդ լինելով՝ Սուրբ Գեւորգի վրա աշխատելուց հետո այլ հույզեր է ունեցել: Հավելենք, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գեւորգ եկեղեցու որմնանկարների եւ իկոնաստասի վերականգնմանը: Տաճարի մուտքի եւ խորանի կողքի պատերը, կամարային որմնախորշերը եւ սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գեւորգ Բաշինջաղյանի եւ անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով: Որմնանկարներն ու իկոնաստասը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ: Սուրբ Գեւորգի վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը պատկանում է IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, տաճարը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով, հիմնական դոնորներն են՝ Ալբերտ Ավդոլյանը (ռուսաստանցի խոշոր գործարար եւ մեկենաս, որը ակտիվ բարեգործական նախագծեր է իրականացնում Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս), Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիիլ Խաչատուրովը, ինչպես նաեւ Վարդանյանների ընտանիքը:

Surb_Gevorg_4 Surb_Gevorg_3

 

Վիրահայության կյանքում խոշոր դերակատարություն ունեցող Սուրբ Գեւորգը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, ժամանակին եղել է հայկական միջնադարյան հոգեւոր, մշակութային եւ լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք ներկայումս պահվում են Մատենադարանում: Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լոռիս -Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի եւ Բորիս Շելկովնիկովի աճյունները: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն առանձնակի հպարտությամբ է խոսում հին Թիֆլիսի սրտում գտնվող Սուրբ Գեւորգի մասին: Ասում է՝ այս տաճարում բոլոր հայ անվանի մշակույթի գործիչները աղոթել են. «Ուզում ենք երախտագիտություն հայտնել բոլոր դոնորներին, ի մասնավորի մեր Ռուբեն Վարդանյանին, որովհետեւ ինքը սկսեց, ու հավատացին իր ընկերները եւ միացան»: Սրբազանը նշում է, որ ժամանակին տեսիլք է ունեցել՝ Վիրահայոց թեմի ծաղկելու մասին: Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Արժանիկ Հովհաննիսյանը նշեց, որ տաճարի ներկի ծածկույթների տակ գոյություն ունեն որմնանկարների բավականին մեծ շերտեր, մեծ մասն արված է 15-16-րդ դարերում: «Տարբեր դարաշրջանում կատարված որմնանկարները հուշարձանին տալիս են ընդհանուր գաղափարախոսական, հոգեւոր տրամադրություն եւ ընկալվում են որպես մեկ ամբողջություն: 4 մեծ որմնանկարներից երկուսում Բաշինջաղյանի ստորագրությունն է, ձեռագրաբանական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չորս կոմպոզիցիաներն էլ Բաշինջաղյանինն են, ինչպես նաեւ առագաստներում գտնվող 4 ավետարանչական գրքերը»,- ասում է մասնագետը: Ինչ վերաբերում է Հովնաթանյաններին, եկել են այն եզրակացության, որ Հովնաթանյանների մի քանի սերունդ է աշխատել Սուրբ Գեւորգի որմնանկարների վրա:

Surb_Gevorg_1

Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ Կարեն Մաթեւոսյանն էլ հայտնեց, որ Սուրբ Գեւորգի վերականգնման գործում ինքը ներգրավվել էր որպես խորհրդատու եւ տեխնիկական վերահսկիչ: Նա նույնպես բացառիկ որակեց Սուրբ Գեւորգը. «Որմնանկարազարդ եկեղեցիներ էլի ունենք, բայց որ ամբողջությամբ որմնանկարազարդ լինեն, համարյա չկա, եթե չհաշվենք Ախթալան: Վերջին ռեստավրացիոն եւ վերականգնողական աշխատանքներից հետո 30%-ով նոր բաներ են բացվել… Եկեղեցին հին է, 1251 թ. այն կառուցել է հայ առեւտրական Ումեկը, ծնունդով Մանասկերտից էր, ու Կարինում հաջողությունների էր հասել: Մոնղոլական արշավանքներից հետո Ումեկը գնաց Վրաստան: Մոնղոլների հետ լավ կապեր ունեցող հայ ազնվական Ումեկը հայտնի է նրանով, որ օգտակար եղավ վրաց արքա Դավիթ Ուլուի եւ մոնղոլների միջեւ ծագած մի վեճը հարթելուն, եւ դրա համար էլ հենց վրաց թագավորից ստացավ մեծ արտոնություններ եւ Մեյդանում՝ հրապարակի վրա գերիշխող դիրքում իրավունք ստացավ կառուցել հսկա հայկական եկեղեցին: Սուրբ Գեւորգը հետագայում դարձավ առաջնորդանիստ, որոշ ժամանակ այնտեղ էին նստում նաեւ Հաղպատի առաջնորդները: Իմիջիայլոց, Մատենադարանում ունենք ձեռագրեր, որոնք Թիֆլիսից են ծագում եւ դրանց մի մասը հենց Սուրբ Գեւորգի գրչատանն են ստեղծվել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝
ԱՌՆՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031