Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչի մասին է ահազանգում աշխարհի փորձը, եւ որն է մեր ճանապարհը

Հոկտեմբեր 31,2015 12:00
shavarsh qocharyan

Այս հոդվածը այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր Շավարշ Քոչարյանը հրապարակել է 20 տարի առաջ «Լրագիր» թերթում։ Նույնությամբ արտատպում ենք հոդվածը։

Եթե համեմատենք աշխարհի մոտ 200 պետությունների արդյունավետությունը զարգացման եւ ազգերի (պետությունների) մրցակցությունում հաջողության հասնելու տեսակետից, ապա կբացահայտվի մի օրինաչափություն. ամենաարդյունավետ պետությունները, այդ թվում մեծ ԱՄՆ-ը եւ փոքր Լյուքսեմբուրգը, ունեն ժողովրդավարական քաղաքական կառուցվածք: Առանց լրացուցիչ հիմնավորումների, արձանագրենք հետեւյալ մեր հասարակության լայն շերտերի համար ընդունելի թեզը՝ Ժողովրդավարությունը պարտադիր է ՀՀ-ի համար, որպես լավագույն երաշխիք թե՛ պետությունների (ազգերի) մրցակցությունում հաջողության հասնելու եւ ազգային նպատակներն իրականացնելու, թե՛ ժողովրդի հոգեւոր եւ նյութական բարգավաճումը, մարդու իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար:

Ժողովրդավարության հաստատման վրա ազդող գործոններ

Եթե ժամանակակից աշխարհում պետության ամենաարդյունավետ ձեւը ժողովրդավարությունն է, ապա ինչո՞վ կարելի է բացատրել այն իրողությունը, որ պետությունների միայն մի մասն է ընտրում ժողովրդավարական զարգացման ուղին եւ, ավելին, այդ պետություններից բոլորին չէ, որ հաջողվում է հասնել ժողովրդավարության հաստատման:

Հնարավոր բացատրություն կարելի է ստանալ, եթե հաշվի առնենք ազգերի պատմական, մշակութային, կրոնական, հոգեբանական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական առանձնահատկությունները: Այս տիպի առանձնահատկությունների վրա անհնար է կամ գրեթե անհնար է ազդել: Եթե ընդունենք, որ միայն այդ գործոններն են կանխորոշում մեր կայացող պետությունը, ապա ակտիվ միջամտությունը շոշափելի արդյունքի չի հանգեցնի, պետությունը կլինի այնպիսին, ինչպիսին թելադրում են մեր կամքին չենթարկվող պայմանները: Պետությունները միմյանցից տարբերող մյուս առանձնահատկություններից են տնտեսական եւ սոցիալական պայմանները: Այս առանձնահատկությունների վրա կարելի է ազդել, ընդ որում՝ դրական փոփոխությունները լավագույնս հնարավոր են ժողովրդավարության պայմաններում: Թվում է, որ այստեղ կա փակուղի` ժողովրդավարությունը հնարավոր է համապատասխան տնտեսական եւ սոցիալական մակարդակի ապահովման պայմաններում, իսկ այդ մակարդակին հասնելը հնարավոր է ժողովրդավարության պայմաններում: Հաշվի առնելով աշխարհի զարգացած պետությունների պատմական փորձը, ելքը հետեւյալն է. ապահովել պետության զարգացման այն ուղին, որը տանում է դեպի ժողովրդավարության հաստատում, միաժամանակ տնտեսության բարեփոխումների եւ սոցիալական պայմանների բարելավում:

Այստեղ մենք հանգում ենք մեր կարեւորագույն թեզին` կա այն լծակը, որի ձեւավորումը կախված է մեր ժողովրդի, մեր հասարակության հավաքական կամքից, եւ որը կարող է ազդել, որպեսզի Հայաստանը ընթանա ժողովրդավարական ուղիով:
Այդ լծակը երկրի քաղաքական հաստատությունների կառուցվածքն է, առաջին հերթին կառավարման ձեւը: Այսպիսով մենք խոսում ենք «նոր ինստիտուցիոնալիզմի» հայտնի դրույթից՝ ժողովրդավարությունը կախված է ոչ միայն տնտեսական եւ սոցիալական պայմաններից, այլ նաեւ քաղաքական հաստատությունների կառուցվածքից: Ավելին, միջազգային փորձը հուշում է, որ երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացումը կախված է կառավարման ձեւի ընտրությունից:

Ժողովրդավարական կառավարման ձեւեր

Որո՞նք են այն կառավարման ձեւերը, որոնցից պետք է ընտրություն կատարենք Հայաստանը ժողովրդավարական ուղիով զարգանալու համար: Ամեն մի ժողովրդավարական պետություն ունի իր կառավարման ձեւի առանձնահատկությունները, սակայն այդ ձեւերը հիմնականում երեքն են. 1. խորհրդարանական, 2. նախագահական, 3. կիսանախագահական:

Խորհրդարանական պետություններում գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը, պետք է աջակցություն ունենա խորհրդարանի մեծամասնությունից եւ պաշտոնանկ է արվում (կառավարության կազմի հետ համատեղ), երբ ստանում է անվստահության քվե: Խորհրդարանական կառավարման ձեւի դեպքում վարչապետը միայն գործադիր իշխանության ղեկավարն է, իսկ պետության ղեկավարը կամ թագավորն է, կամ (սովորաբար խորհրդարանի կողմից ընտրված) հանրապետության նախագահը: Այս դեպքում պետության ղեկավարի լիազորությունները հիմնականում արարողական են:

Նախագահական պետություններում գործադիր իշխանության ղեկավարը, որը եւս կոչվում է հանրապետության նախագահ, ընտրվում է (որպես կանոն` ժողովրդի անմիջական քվեով) որոշակի ժամկետով եւ չի կարող հեռացվել պաշտոնից խորհրդարանի կողմից (բացառությամբ իմպիչմենտի): Նախագահական կառավարման ձեւի դեպքում նախագահը եւ՛ կառավարության ղեկավարն է, եւ՛ պետության:

Կիսանախագահական կառավարման ձեւի հակիրճ բնութագրումը հետեւյալն է. եթե նախագահն ունի օրենսդիր մարմնի մեծամասնության աջակցությունը, ապա նա գործադիր իշխանության ղեկավարն է, եթե ոչ, ապա գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է մեծամասնության աջակցությունը վայելող վարչապետը:

Նորանկախ
պետությունների փորձը

Այսպիսով, մեր խնդիրն է ընտրել վերը նշված կառավարման երեք ձեւերից մեկը: Առաջին հայացքից կարող է թվալ՝ ինչ տարբերություն, քանի որ երեքն էլ ժողովրդավարական են: Սակայն համաշխարհային փորձը միանշանակ ցույց է տալիս, որ տարբերություն կա, եւ ընտրությունը ճակատագրական է ազգի եւ պետության ապագայի համար: Հաշվի առնելով Հայաստանի պայմանները` չձեւավորված քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարական ավանդույթների բացակայություն, փլուզված եւ արմատական վերափոխումների ենթակա տնտեսություն, ժողովրդի սոցիալական ծանր պայմաններ, մենք պետք է աոաջին հերթին օրինակ վերցնենք կամ հաշվի առնենք ոչ թե այսօրվա Անգլիայի (խորհրդարանական կառավարում), Ֆրանսիայի (կիսանախագահական) կամ ԱՄՆ-ի (նախագահական) տիպի պետությունների փորձը, այլ աշխարհի նորանկախ պետություններինը:

Աշխարհում 1945-79 թթ. ընթացքում առաջացել է ընդհանուր թվով 93 նորանկախ պետություն: Այդ պետություններից 41-ն ի սկզբանե ընտրել էին խորհրդարանական կառավարման ձեւ, 36֊ ը՝ նախագահական, 3-ը՝ կիսանախագահական եւ 13-ը՝ միապետական: Որոշ ժամանակ անց 41 խորհրդարանականներից երկուսն անցան նախագահական կառավարման եւ մեկը` կիսանախագահական: Այսպիսով, 1980 թ. տվյալներով, նորանկախ պետություններից 38-ը խորհրդարանական էին, 38-ը՝ նախագահական, 4-ը՝ կիսանախագահական եւ 13-ը` միապետություններ: Ուսումնասիրվել է, թե որոնք են այդ 93 պետություններից 80-89 թթ. ընթացքում եղել շարունակական ժողովրդավարական:

1945-79թթ. ստեղծված
նորանկախ պետություններից
քանիսն են ժողովրդավարական եղել 1980-89թթ.

աղյուսակ 1

1
Այսպիսով, (տես աղյուսակ 1) ելնելով 42 նախագահական ե կիսանախագահական պետությունների փորձից, կարելի է պնդել, որ այդ կառավարման ձեւերի ընտրությունը բացառում է ժողովրդավարության հաստատումը նորանկախ պետություններում: Իսկ Խորհրդարանական կառավարման ձեւը, ըստ 38 նորանկախ պետությունների փորձի, 40 տոկոսով հնարավոր է դարձնում ժողովրդավարության հաստատումը:

ժողովրդավարության հաստատման ուղիով զարգացող 15 պետությունների շարքում են հսկայական, բազմազգ ե բազմակրոն Հնդկաստանը, կես միլիոնից պակաս բնակչություն ունեցող պետություններ, ինչպիսիք են Բահամները, Բարբարոսը, ինչպես նաեւ Հայաստանի հետ համեմատելի Իսրայելը (որն ունի հազարամյա մշակույթ եւ ազդեցիկ սփյուռք), Պապուա Նոր Գվինեան, Տրինիդադ եւ Տոբագոն, Ջամայկան եւ այլ պետություններ (որոնք չունեն հազարամյա մշակույթ եւ ազդեցիկ սփյուռք):
Այժմ ներկայացնենք մեկ այլ հետազոտության հրապարակված արդյունքները: Ուսումնասիրվել են 1945-85 թթ. ընթացքում ստեղծված նորանկախ պետությունները: Այս անգամ նախապես բացառվել են բոլոր միապետությունները եւ կայացման պահից բռնապետական (անկախ ձեւական անվանումից) կարգեր ընդունած պետությունները: Այսպիսի պետությունների ընդհանուր թիվը 72-ն է, որից խորհրդարանական են 42-ը եւ նախագահական կամ կիսանախագահական` 30-ը: Ի դեպ, նախագահական եւ կիսանախագահական պետությունների թվի նվազումը նախորդ աղյուսակի համեմատ ցույց է տալիս, որ այդ կառավարման ձեւերը ավելի հաճախ են օգտագործվում տոտալիտար համակարգը թաքցնելու նպատակով:
Պարզվում է եւս մեկ ցնցող օրինաչափություն (տես աղյուսակ 2)՝ նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձեւ ընտրած 30 նորանկախ պետություններից ոչ մեկը չի խուսափել ռազմական հեղաշրջումներից, հեղափոխություններից եւ բռնապետության հաստատումից: Մինչդեռ խորհրդարանական 42 պետությունների մոտ 70 տոկոսը խուսափել է այդ քայքայիչ իրադարձություններից:

1945 – 85թթ. ստեղծված նորանկախ պետություններից քանիսն են
խուսափել ռազմական հեղաշրջումներից, հեղափոխությռւններից
եւ բռնապետության հաստատումից

աղյուսակ 2

2
Եթե այս «հեռավոր» երկրների փաստարկները բավարար չեն, անդրադառնանք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների փորձին: Ուզբեկստանում եւ Թուրքմենստանում նախագահական կառավարման ձեւը քողարկում է հաստատված անձնիշխանությունը, Ռուսաստանում, Ղրղըզստանում եւ Ղազախստանում խորհրդարանները անօրինական ցրվել են նախագահների կողմից, ընդ որում՝ Ռուսաստանում եղել են հարյուրավոր զոհեր: Վրաստանում, Ադրբեջանում եւ Տաջիկստանում նախագահական կառավարման ձեի ընտրությանը հաջորդել են ժողովրդավարության ոտնահարումներ, ռազմական հեղաշրջումներ եւ քաղաքացիական պատերազմներ: Նախագահական Ուկրաինայում, չնայած բարենպաստ աշխարհագրական դիրքին եւ հարուստ բնական պաշարներին, խորանում է տնտեսական ճգնաժամը:

Պատկերը այլ է Բալթյան հանրապետություններում: Երեքն էլ ունեն նախագահի պաշտոն, բայց նախագահը միայն պետության ղեկավարն է, իսկ կառավարման ձեւը խորհրդարանական է: Երեք հանրապետություններում կայացել են խորհրդարանի նոր ընտրություններ, իշխանության են եկել քաղաքական նոր ուժեր եւ, ի տարբերություն ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունների, նորանկախ Բալթյան պետությունները կայուն են եւ արագ զարգանում են ժողովրդավարության հաստատման ու տնտեսական բարեփոխումների ուղիով:

Մինչ այս պահը մենք ծանոթանում էինք 20-րդ դարի երկրորդ կեսի նորանկախ պետությունների փորձին: Բայց պատկերը շատ ավելի ընդհանուր է. նախագահական կառավարման ձեւ ընտրած աշխարհի ոչ մի երկիր, բացառությամբ ԱՄՆ-ի, չի խուսափել հեղաշրջումներից եւ հեղափոխություններից, բռնապետության հաստատումից: ԱՄՆ-ում նախագահական կառավարման ձեւի արդյունավետության եւ կայունության պատճառների ուսումնասիրումը տարբեր մասնագետների կողմից բացահայտել է այդ երկրին բնորոշ առանձնահատկությունների համալիր, որի շնորհիվ ԱՄՆ-ն նախագահական երկրների մեջ միակ բացառությունն է: Չթվարկելով այստեղ այդ առանձնահատկությունները, նշենք միայն, որ Հայաստանը (ինչպես շատ այլ երկրներ) չունի եւ չի կարող ստեղծել այդ առանձնահատկությունների համալիրը: Ինչ վերաբերում է կիսանախագահական կառավարմանը, ապա այդ ձեւը կիրառվում է ընդամենը մոտ 80 տարի (առաջին փորձը Գերմանիայի Վեյմարյան հանրապետությունն էր, որն ավարտվեց ֆաշիզմի հաստատումով) եւ իրեն արդարացնում է միայն ժողովրդավարության ավանդույթներ ունեցող երկրներում (Ֆրանսիա, Ֆինլանդիա):

Նախագահական կառավարման ձեւի այլասերում

Ինչո՞ւ նախագահական կառավարումը, որը նույնիսկ ավելի հստակ է սահմանում իշխանության երեք թեւերի տարանջատումը, քան խորհրդարանականը, խափանում է ժողովրդավարությունը եւ աղետ բերում այդ կառավարման ձեւը ընտրած պետությունների ժողովուրդներին: Պարզվում է, որ ի սկզբանե ընտրված ժողովրդավարական նախագահական կառավարումը անխուսափելիորեն այլասերվում է դեպի թվացյալ նախագահական կամ կեղծ նախագահական կառավարման:
Թվացյալ նախագահական կառավարման ձեւի ամենաբնութագրական հատկանիշը հետեւյալն է՝ Սահմանադրությունը եւ օրենքները ընդունվում եւ փոփոխվում են այնպես, որ իրավաբանորեն խորհրդարանը հակակշիռ է նախագահին, իսկ իրականում խորհրդարանը միայն վավերացնում է նախագահի որոշումները: Կեղծ նախագահականությունը նախագահական կառավարման ձեւի այլասերման այն աստիճանն է, երբ նախագահականությունը կայացած բռնապետությունը թաքցնելու քող է: Բնորոշ օրինակ՝ բռնապետը ստանձնում է «նախագահի» տիտղոս, նախատեսում է նախագահական Սահմանադրություն, հասարակությունը քաղաքականապես բարոյալքված է եւ ընտրությունների կամ Սահմանադրության հանրաքվեի արդյունքը` նախապես կանխորոշված:

Նախագահական կառավարման ձեւի այլասերման եւ անկայունության պատճառները

Բնական է, որ նախագահականության անկայունությունը եւ այլասերման միտումն ունեն այդ կառավարման ձեւին բնորոշ պատճառներ, որոնք բացահայտված են քաղաքագետների ջանքերով: Թվարկենք հիմնականները:

1. Պետության եւ միաժամանակ կառավարության ղեկավարի ինքնահակասություն: Պետության ղեկավարն ագգային համաձայնության, հանդուրժողականության, պետության նկատմամբ լոյալության սիմվոլն է: Կառավարության ղեկավարը անձնավորում է որոշակի քաղաքականություն եւ քաղաքական ուժ: Ժողովրդի հիասթափությունը կառավարությունից, նրա վարած քաղաքականությունից ինքնաբերաբար տեղափոխվում է դեպի պետության դեկավարը եւ պետությունը: Իսկ քանի որ նախագահի սահմանադրական եղանակով փոխելը, որպես կանոն, անհնարին է, ապա դժգոհության թիրախ են դաոնում պետության սահմանադրական կարգը ե ինքը` պետությունը: Այս ամենը նպաստում է ռազմական հեղաշրջումներին եւ հեղափոխություններին, ինչպես նաեւ այլ պատճառների հետ համատեղ խթանում արտագաղթը:

2. Նախագահի կառավարման ֆիքսված ժամկետը: Նախագահի հանդեպ նույնիսկ ժողովրդի լայն զանգվածների դժգոհության եւ անվստահության դեպքում, նրա հեռացումը պաշտոնավարության ընթացքում անլուծելի խնդիր է: Խնդիր, որը խորացնում է լարվածությունը պետությունում: Խորհրդարանական կառավարման դեպքում հարցը լուծվում է մեկ քվեարկությամբ` վարչապետին անվստահություն հայտնելով:

3. Նախագահի հարաբերությունները խորհրդարանի եւ կուսակցությունների հետ: Նախագահականության դեպքում խորհրդարանը, կուսակցությունները եւ հասարակությունը, որպես կանոն, ի վիճակի չեն ուղղություն տալու նախագահի քաղաքականությանը, նրանք կարող են լավագույն դեպքում միայն խոչընդոտել գործադիր իշխանության քայլերը: Նախագահը իր հերթին հակված չէ ընդունել խորհրդարանի եւ կուսակցությունների առաջարկությունները եւ իր ընդդիմադիրներին համարում է թշնամական ուժեր: Որպես հետեւանք՝ գործադիր իշխանության աշխատանքը արգելակվում է օրենսդիրի կողմից, ճգնաժամ, որն ունի հաղթահարման երկու ձեւ.
ա. օրենքների շրջանցում նախագահի կողմից՝ քայլ դեպի թվացյալ նախագահականություն,
բ. հեղաշրջում, որպես կանոն, հենց գործադիր իշխանության ներկայացուցիչների խմբի կողմից, կեղծ նախագահականության հաստատում:
Խորհրդարանականի դեպքում կառավարությունը լրջորեն է ընդունում խորհրդարանի եւ կուսակցությունների, այդ թվում ընդդիմադիր առաջարկությունները, քանի որ հաշվետու է օրենսդիրին, եւ ընդդիմությունը կարող է խթանել խորհրդարանում քաղաքական ուժերի տեղաշարժը, որի արդյունքում կփոխվի կաբինետը:

4. Նախագահի ընտրությունների գինը: Նախագահական ընտրություններում հաղթած անձը կամ քաղաքական ուժը շահում է ամեն ինչ, իսկ պարտվողները կորցնում են ամեն ինչ շատ որոշակի եւ երկար ժամկետով: Կատարվում է ուժերի խիստ բեւեռացում: Պարտված քաղաքական ուժերն ունեն իրենց կողմնակիցների հաճախ բավական բարձր տոկոսը: Գործադիր իշխանության անհաջողություններն ավելի են խորացնում բեւեռացումը եւ կարող են ստեղծել զանգվածային դիմադրություն իշխող ռեժիմին: Նախագահը այս իրավիճակում սովորաբար հակված է շրջանցել Սահմանադրությունը եւ օրենքները, ինչպես նաեւ դրանք հարմարեցնել սեփական իշխանությունը պահպանելու եւ հաջորդ ընտրություններին հաղթանակն ապահովագրելու նպատակին:
Խորհրդարանականի դեպքում նույնիսկ փոքր կուսակցությունը, ստանալով խորհրդարանում տեղ, հնարավորություն ունի մասնակցել կառավարության ձեւավորմանը կամ ազդել քաղաքականության վրա՝ միանալով ընդդիմությանը: Այստեղ, ի տարբերություն նախագահականի, ընտրությունների հետեւանքով խիստ բեւեռացում չի առաջանում:

5. Նախագահի պառակտիչ դերը: Խորհրդարանականի դեպքում կառավարությունը շահագրգռված է խորհրդարանում քաղաքական ուժերի միասնությանը, մեծամասնություն ունենալու մեջ, դա նպաստում է կառավարության աշխատանքի արդյունավետությանը: Կառավարությունը շահագրգռված է նաեւ, ռր կուսակցությունները լինեն կազմակերպված եւ համագործակցեն:

Ճիշտ հակառակն է նախագահականի դեպքում, նախագահի համար խորհրդարանական համաձայնությունը խանգարիչ հանգամանք է, եւ նրա քաղաքականությունն է պառակտել եւ թուլացնել կուսակցություններն ու խորհրդարանը: Իսկ քանի դա չի հաջողվում, նախագահը շրջանցում է խորհրդարանը` խախտելով Սահմանադրությունը եւ օրենքները:

6. Կադրային քաղաքականություն: Նախագահականի դեպքում կադրային քաղաքականության առանցքում անձնական նվիրվածության սկզբունքն է: Խորհրդարանականի դեպքում կարեւոր դեր են կատարում կուսակցությունների մրցակցությունը, փոխադարձ վերահսկողությունը, վերահսկողությունը կադրերի հանդեպ ամեն մի կուսակցության կողմից: Արդյունքը` կաոավարման ոլորտ փորձառու եւ ազնիվ կադրերի ներմուծման խթանում, պրոֆեսիոնալ կադրերի պահպանում եւ աճ՝ անկախ վերին օղակներում քաղաքական ուժերի փոփոխություններից:

Նախագահականի դեպքում անձնական նվիրվածության սկզբունքը տարածվում է իշխանության վերին օղակներից դեպի ստորին օղակներ: Պրոֆեսիոնալ կադրերը փոխարինվում են ոչ պրոֆեսիոնալներով կամ ենթարկվում ոչ պրոֆեսիոնալներին: Արդյունքում կադրերի անբավարարվածություն, աշխատանքի արդյունավետության անկում, ճահճացում, միջգերատեսչական վեճեր, ամենուրեք անձնական ղեկավարման ձեւի հաստատում, վերին օղակում կայուն ղեկավարման հաստատությունների ձեւավորման տապալում, ինտրիգներ, պրոտեկցիոնիզմ, համատարած կաշառակերություն: Այս ամենն աոաջացնում է ներքին դիմադրություն ռեժիմին, նաեւ բուն գործադիր իշխանության համակարգում: Պատահական չէ, որ հեղաշրջում իրականացնողը, որպես կանոն, ոչ թե ընդդիմությունն է, այլ բյուրոկրատիան, եւ առաջին հերթին ուժային կառույցների ներկայացուցիչները:

Այսպիսով, նախագահական կառավարումը պառակտում է հասարակությունը, արգելում տնտեսության բնականոն զարգացումը, նպաստում կաշառակերությանը, բարոյալքում մարդկանց, խափանում իրավական պետության կայացումը, անխուսափելիորեն տանում դեպի բռնապետություն, ռազմական հեղաշրջումներ եւ հեղափոխություններ: Խորհրդարանական ձեւի ընտրությունը ինքնին երաշխիք չէ, բայց բարենպաստ սահմանադրական հիմք է ստեղծում նախագահական կառավարմանը բնորոշ աղետալի հետեւանքներից խուսափելու եւ պետության զարգացման համար:

Նախագահական
կառավարման ձեւի ընտրության պատճառները

Ինչո՞վ է կարելի բացատրել, որ նորանկախ պետությունների զգալի մասը, անտեսելով համաշխարհային փորձը, ընտրում է նախագահական (կամ կիսանախագահական) կառավարման ձեւը եւ կրկնում բազմաթիվ պետությունների ճակատագրական սխալը: Հնարավոր պատճառներից բերենք երկուսը:

Հասարակական կարծիք: Կա մի պատրանք, որն ավելի բնորոշ է տոտալիտար կամ գաղութային լծից նոր ազատված, ձեւավորված քաղաքացիական հասարակություն չունեցող երկրների համար, նախագահական կառավարումը երաշխավորում է ավելի ուժեղ, արդյունավետ եւ կայուն գործադիր իշխանություն: Ճիշտ հակառակն է ապացուցում վերը շարադրված համաշխարհային փորձը:

Հաշվի առնելով նախագահական կառավարման դեպքում գործադիր իշխանության ավելի մեծ անձնավորվածությունը նախագահով, թվում էր, որ կարելի է նրան պատասխանատվության կանչել ձախողումների համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նախագահները, որպես կանոն, իրենց պատասխանատու չեն համարում հասարակության առջեւ եւ ավելին` շրջանցում են երկրի օրենքներն ու իրենց վեր են պահում օրենսդիր եւ դատական իշխանությունների առջեւ հաշվետու լինելուց:
Շատերը համոզված են, որ նախագահական համակարգը ավելի կայուն պայմաններ է ստեղծում գործադիր իշխանության վերնախավի պաշտոնավարության համար, իսկ խորհրդարանականի դեպքում հաճախ կառավարական ճգնաժամերի պատճառով պաշտոնյաների միջին կառավարման ժամկետն ավելի կարճ է: Այս դեպքում էլ իրական պատկերը չի համընկնում տարածված տեսակետի հետ: Այսպես, 1950-80 թթ. ուսումնասիրվել է Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Լատինական Ամերիկայի երկրների ժողովրդավարական ժամանակահատվածների համար նախարարների պաշտոնավարության երկու ցուցանիշ (տես աղյուսակ 3):

Նախարարների պաշտոնավարությունը խորհրդարանական
եւ նախագահական պետություններում
աղյուսակ 3

3

Ստացվում է, որ խորհրդարանական երկրներում նախարարները պաշտոնավարելու ավելի կայուն երաշխիքներ ունեն եւ ավելի փորձառու են, քան նախագահական երկրներում:
Այսպիսով, հակառակ տարածված հասարակական կարծիքի, ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական կառավարումն է ավելի «ուժեղ» համախմբող, վստահելի, կայուն, պրոֆեսիոնալ եւ հասարակության առջեւ պատասխանատու:

Նորանկախ պետությունում իշխանության եկած ուժի գործոնը: Նորանկախ պետությունում իշխանության եկած քաղաքական ուժը կամ մարդկանց խումբը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում, նա հնարավորություն ունի, օգտագործելով թե՛ առաջատար ուժի հեղինակությունը, թե՛ իշխանության լծակները, էապես ագդել կայացող պետության սահմանադրական կարգի վրա: Հետեւաբար այդ ուժը հնարավորություն ունի ընդլայնել սեփական լիազորությունները եւ հարմարեցնել պետության իրավական համակարգը սեփական իշխանության ժամկետը երկարաձգելու համար: Գայթակղությունը շատ մեծ է, եւ ավելի հազվադեպ է իրագործվում պետության ապագայի համար լավագույն տարբերակը` արագ մշակել եւ ընդունել ժողովրդավարական Սահմանադրություն եւ կարեւորագույն օրենքներ ու բոլոր քաղաքական ուժերի համար հավասար ստարտային պայմաններում հայտարարել խորհրդարանի նոր ընտրություններ (ինչը իրականացվեց Բալթյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում):

Իշխանությունը պահպանելու եւ ժողովրդավարությանը արտաքուստ հավատարիմ մնալու լավագույն միջոցը նախագահական կառավարման ձեւի ընտրությունն է: Նախագահական կառավարումը հաճախ հաստատվում է հապճեպ, առանց իշխանության երեք թեւերի լիազորությունների եւ փոխադարձ հակակշռելիության օրենսդրական սահմանման, ինչը հղի է թվացյալ նախագահականությամբ: Սակայն համաշխարհային փորձը ապացուցում է, որ նույնիսկ եթե Սահմանադրությունը եւ ողջ իրավական համակարգը լինեն ժողովրդավարական, բայց նախագահական, անկայունությունը, ճգնաժամը, եւ բռնապետության հաստատումը, միեւնույն է, անխուսափելի են քաղաքացիական հասարակություն եւ ժողովրդավարական ավանդույթներ չունեցող պետությունների համար:

ՀՀ անցած ուղին

Վերը շարադրված համաշխարհային փորձի ամփոփման ժամանակ ՀՀ փորձը հաշվի չի առնվել: Սակայն ակնհայտ են հայտնաբերված օրինաչափությունների արտահայտությունները Հայաստանում: Հաճախ թվում է, թե պատկերն ուղղակի արտատպված է մեր անցած ուղուց եւ մեր այսօրվա կյանքից: Սա լուրջ ահազանգ է, որ մենք վաղուց շեղվել ենք զարգացման ուղուց:

Հայաստանում նախագահական կառավարումը (հաստատված 1991 թ. օրենքով, առանց համապատասխան սահմանադրական փոփոխություններ կատարելու) արդեն բացահայտորեն այլասերված է դեպի թվացյալ նախագահական: Իսկ սահմանադրական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության նախագծի ընդունումը հանրաքվեով հաստատելու է կեղծ նախագահական կառավարում, այսինքն` սահմանադրորեն ամրագրված բռնապետություն: Հայաստանը այս կործանարար ուղուց շեղելու միակ երաշխիքը խորհրդարանական կառավարման ձեւին անցնելն է: Փաստարկները, թե խորհրդարանական կառավարումն իրեն չի արդարացրել 1990-91 թթ. եւ ստիպված ենք անցնել նախագահականի, հիմնավորված չեն: Մենք ունեցել ենք ոչ թե խորհրդարանական կառավարում, այլ «խորհրդային» մեկ կուսակցության (ավելի ճիշտ՝ նոմենկլատուրայի) իշխանության մենաշնորհ, իսկ Գերագույն խորհուրդը՝ տոտալիտար համակարգը թաքցնելու քող: Գերագույն խորհրդի խորհրդարանին բնորոշ որոշ լիազորություններ ինքնուրույն չէին օգտագործվում մինչեւ 1990 թ. ընտրությունները: Նախագահի համակարգի հաստատման անվան տակ փաստացի վերականգնվեց կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը, ձեւավորվեց նոր նոմենկլատուրա, գրեթե հին, բայց ավելի այլասերված խաղի կանոններով, եւ խորհրդարանը նորից վերածվեց քողի: Սա թվացյալ նախագահականության «ետխորհրդարանային» տարբերակն է, որն ակնհայտ միտում ունի ավելի այլասերվել դեպի կեղծ նախագահականություն:

Ո՞րն է ելքը

Հայաստանը ժողովրդավարության հաստատման եւ զարգացման ուղի վերադարձնելու գործում հաջողության առաջին շոշափելի արդյունքը կլինի խորհրդարանական կառավարման ձեւի սահմանադրական ամրագրումը: Որո՞նք են այսօր այդ նպատակին հասնելու հնարավոր տարբերակները:

Լայն հասարակական համաձայնություն՝ ետին պլան մղելով կուսակցական, խմբակային եւ այլ տարաձայնություններ: Այս տարբերակը հնարավոր է իրականացնել իշխանության լծակներին տիրապետող վարչախմբի եւ առաջին հերթին նախագահի էական դերակատարման դեպքում: Հենց այս հանգամանքն անհավանական է դարձնում այս տարբերակի իրականացումը` արդեն ձեւավորված նոմենկլատուրային վերնախավը պատրաստ է ատամներով պահել նախագահական համակարգը:
Հեղափոխություն: Հետեւանքներն անկանխատեսելի են, իսկ նույն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հեղափոխությունները, բացառությամբ «թավշյա» հեղափոխությունների, հաճախ ոչ պակաս չարիք են ժողովրդի եւ պետության համար, քան տոտալիտար ռեժիմը:

Ընտրություններ: Այս տարբերակը ենթադրում է հասարակական առողջ ուժերի, ընդդիմադիր կուսակցությունների եւ ժողովրդի միավորում ընդհանուր ծրագրի շուրջ, արդար ընտրությունների մթնոլորտի ապահովում, ժողովրդի ակտիվ մասնակցություն առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ միավորված ընդդիմության հաղթանակ, մերժում նախագահական Սահմանադրության տարբերակի, եթե այն դրվի հանրաքվեի, խորհրդարանական Սահմանադրության արագ մշակում եւ ընդունում, անմիջապես նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Այս ծրագրի իրագործումն ունի բազմաթիվ լուրջ բարդություններ: Բայց չմոռանանք` սա գուցե վերջին հնարավորությունն է առանց լուրջ ցնցումների շեղվել աշխարհի բազմաթիվ պետությունների որդեգրած կործանարար ուղուց եւ հիմք դնել պետության այնպիսի կաոուցվածքի, որը կերաշխավորի ազգային միասնությունը, պետության արդյունավետությունը եւ զարգացումը, մեր ժողովրդի արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքը, մեր ազգային նպատակների իրականացումը:

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
«Լրագիր», 13-14 ապրիլի 1995թ.

«Առավոտ» օրաթերթ
30.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Տպավորիչ հոդված է, սակայն մակերեսային ուսումնասիրություն է, որի վրա չի կարելի է հիմնվել հիմա: Նախ՝ հարգելի Շավարշին կարելի է հիշեցնել ֆրանսիական ժողովրդավարության ցնցող դասերը՝ օր ու գիշեր աշխատող գիլյոտինով, որը ի վերջո կտրեց նաեւ ամենից ,,անկաշառ,, ժողովրդավար Ռոբեսպիերի գլուխը: Ասելս ինչ է՝ բա որ հանկարծ ՀՀԿ – ը չանցավ ու իշխանությունն ընկավ ասենք, թույնով լցված ճճկ – ի ձեռը, ու որոշվեց երկիրը մաքրել ,,ժողովրդի թշնամիներից,,՝ տռզած նախկին հանցագործներից: Կարելի է պատկերացնել թե քանի ,,գիլյոտին,, կաշխատի ժողովրդի ծափ ու ծիծաղի տակ …
    Երկրորդը՝ շատ հեռու չգնանք, օրհնված սովետի թարմ դասը մեզ հետ է դեռ: Ըստ նոմինալի, այն իսկական ժողովրդավարություն էր (խորհրդային), իսկ ըստ էության՝ կոլեկտիվ-ռեպրեսիվ, սակայն սոցիալիստական ուղղվածությամբ: Հիմա մեր վարպետները կարծես ուզում են նույն մոդելը սարքել: Բայց չի ստացվի հաստատ, քանի որ ա) սովետը հիմնված էր թույլատրելի միակ կուսակցության վրա, բ) սովետը սոցիալիստական էր (հաշմանդամներին ,,զապո,, էր տալիս, աշխատավորներին բնակարան, ձրի ,,պուտյովկա,, եւ այլն:) Իսկ սրանք միայն ,,խուզող,, են՝ ըստ նոմինալի, իսկ այլ կուսակցությունները չեն արգելվում … Այսպիսով հեշտ է հասկանալ, որ իրենց գերեզմանի ճամփան են կարճեցնում, այ դրա համար իսկապես պետք չէ խանգարել …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031