«Ոչ»-ի քարոզչության շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ես ցանկանում եմ անկեղծ խոսակցություն վարել ձեզ հետ եւ պատասխանել այն հարցադրումներին, որ կապված են երկրում ծավալվող Սահմանադրական գործընթացի հետ: Դեկտեմբերի 6-ին նշանակված է նոր սահմանադրության ընդունման հանրաքվե: Հանրությունը շատ լավ է հասկանում սահմանադրափոխության իրական նպատակը՝ ճանապարհ բացել Սերժ Սարգսյանի իշխանության շարունակման համար: Այստեղ կարծես հարցականներ չեն մնացել:
Եւ, եթե կա մի հարց, որ այսօր հուզում է մեր հանրությանը, դա այն է, թե արդյո՞ք ինչպես է հնարավոր խափանել Սերժ Սարգսյանի պլանները եւ երկրում իրականացնել իշխանափոխություն, ճանապարհ բացելով ժողովրդավարության հաստատման համար:
Կարդացեք նաև
Չէ՛ որ, ինչպես արդարացիորեն ասում են թերահավատները, իշխանությունները կառուցել են ընտրակեղծարարության հզոր մեքենա, որը գործում է անխափան եւ ապահովում է իշխանության հաղթանակը ցանկացած քվեարկության ժամանակ: Եւ ուրեմն, ըստ այդ նույն թերահավատների, մտնել այդ հանրաքվեի մեջ կնշանակի գնալ կանխորոշված պարտության, որը եւս մեկ անգամ կհիասթափեցնի եւ կհուսահատեցնի մեր ժողովրդին:
Նման բան ասողները, սակայն, չեն հասկանում կամ չեն էլ ցանկանում հասկանալ, թե ինչպիսի բարդ խնդրի առաջ է կանգնած Սերժ Սարգսյանի ռեժիմը: Նրա ՛՛Այո՛՛-ի ճակատը առաջին հայացքից բավականին մեծ է թվում: Այստեղ է Սերժ Սարգսյանը եւ նրան սատարող հանրապետական կուսակցությունը: Այստեղ են քաղաքական այն ուժերը, որոնք արդեն պայմանավորվել են նրա հետ, որ ՛՛Այո՛՛ ասելու դիմաց, ընտրակեղծարար մեքենայի օգնությամբ, 2017 թվականին ընտրությունների ժամանակ կհաղթահարեն հինգ տոկոսանոց շեմը եւ կհայտնվեն խորհրդարանում: Այստեղ են նաեւ նրանք, ով ձեւականորեն ՛՛Ոչ՛՛ ասելով նոր սահմանադրությանը, ժողովրդին համոզում են, որ սահմանադրափոխության դեմ պայքարը անիմաստ է եւ իրենց միակ առաքելությունն են համարում, ժողովրդի մեջ հուսահատություն եւ թերահավատություն տարածելով, օգնել իշխանությանը կոտրել հասարակության դիմադրությունը՝ Սերժ Սարգսյանի սահմանադրական այս արկածախնդրությանը: Եւ ահա թվում է, թե ՛՛Այո՛՛-ի բանակը բավականին հզոր է:
Իրականությանը, սակայն լրիվ այլ է: Հենց ռեժիմի ներսում կա լռելյայն սաբոտաժ Սերժ Սարգսյանի ծրագրի դեմ: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն իրենից կախված ամեն բան արել է հանրաքվեի անցկացման գործին թիմակիցներին լծելու նպատակով: Հովիկ Աբրահամյանին խոստացել է վարչապետի պաշտոնը նոր խորհրդարանական Հայաստանում, Գագիկ Հարությունյանին խոստացել է, որ նա կդառնա Հայաստանի Հանրապետության գլխավոր թամադան /որովհետեւ նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնը մեջ հաշվով այլ լիազորություններ չունի/: Իշխանության մեջ շատերը, սակայն, իրենց տեղը չեն գտնում նոր ստեղծվող համակարգում: Նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը այս ամենը անում է իր անձնական իշխանության երկարացման համար եւ չունեն նրան օգնելու որեւէ շահագրգռվածություն: Նրանք նաեւ հասկանում են, որ դա արվում է Հայաստանի կառավարման համակարգի թուլացման եւ նրա ներսում պատասխանատվության լղոզման գնով, ինչը խոցելի է դարձնում ե՛ւ Հայաստանը որպես պետություն, ե՛ւ իշխանության ամբողջ համակարգը, ներառյալ իրենց անհատական դիրքերը իշխանության մեջ:
Կարծում եք, ինչո՞ւ են ՛՛Այո՛՛-ի շտաբի պետ նշանակվել բազմազբաղ վարչապետը, նրա տեղակալներ՝ նախարարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները /թվով 6 հոգի/, ինչու են բոլոր մարզպետներին դարձրել շտաբի տարածքային պատասխանատուներ: Չէ՛ որ շատ ավելի վատ վիճակներում ռեժիմը ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը անզգուշաբար ի ցույց դնելու նման փորձ անցյալում երբեք չի արել: Առեղծվածը շատ պարզ լուծում ունի. Նրանց բոլորին դրել են ֆորմալ անձնական պատասխանատվության տակ, որ բացառեն սաբոտաժը: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները իրենք էլ հենց շատ լավ գիտեն Այո-ի թիմի ներսում սաբոտաժի ծավալները:
Երկրորդ խնդիրը, որն ունեն իշխանությունները, դա այն է, որ սահմանդրափոխությունը հաջողելու համար նրանք պետք է ապահովեն մոտ 700 հազար ՛՛Այո՛՛: Իշխող ռեժիմն ունի ընտրակեղծարարության երեք հիմնական աղբյուր. 1/ ընտրակաշառքի բաժանում եւ իշխանության օգտին կարուսելի ու այլ ձեւերով քվեարկության պարտադրում, 2/ հատուկ կազմակերպված բազմակի քվեարկողների շրջիկ բրիգադներ, 3/ հանրային թույլ վերահսկողությամբ ընտրատեղամասերում արձանագրությունների կեղծում: Ի սկզբանե իշխանության հաշվարկը մոտավորապես հետեւյալն է եղել. 200,000 ձայն ստանալ ընտրակաշառքից, 200,000՝ բազմակի քվեարկությունից, 200,000՝ արձանագրությունների կեղծումից, 100,000 էլ որպես անկեղծ աջակցություն ռեժիմի քաղաքական հենարանից՝ տարբեր մակարդակի իշխանավորներից, նրան բարեկամներից եւ այլն: Դեպքերի զարգացումը, սակայն խախտել է իշխանության պլանները: Մեր հասարակությունը շատ արագ հասկացավ խորհրդարանական հանրապետությանն անցնելու քողի տակ սեփական իշխանությունը երկարացնելու Սարգսյանի խորամանկ պլանը եւ հանրության մեջ շատ արագ ձեւավորվեց այդ սահմանադրական փոփոխությունների մերժման համընդհանուր մթնոլորտ:
Իշխանության հաշվարկներում սա էապես կրճատել է ե՛ւ փոփոխությանը անկեղծորեն աջակցող քաղաքացիների սպասվող քանակը, ե՛ւ ընտրակաշառքից ակնկալվող արդյունքը: Մի բան է, երբ ընտրակաշառքի բաժանման օպերացիան կատարվում է ժողովրդի անտարբերության պայմաններում, եւ լրիվ այլ բան, երբ ժողովրդի մեջ ամրապնդվում է Սերժ Սարգսյանի ծրագրի ակտիվորեն ՈՉ ասելու եւ դրա հաղթանակի համար պայքարելու պատրաստակամությունը: Ռեժիմը հասկացավ, որ հանրաքվեի արդյունքների կեղծումը առանց ծանր քաղաքական հետեւանքների վտանգված է: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ սաբոտաժը, որի մասին խոսեցի սկզբում, պարզ է դառնում, թե ռեժիմը տենդագնորեն փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից: Դրանով են բացատրվում ռեժիմի հապճեպ փորձերը՝ օրինականացնել նույնականացման քարտերով քվեարկությունը, ինչը թուլ կտա ավելացնել բազմակի քվեարկության շնորհիվ ընտրակեղծարարության ծավալը:
Մի բան հասկանալի է: Սերժ Սարգսյանի ռեժիմի վիճակը եւ գործողությունները վկայում են, որ նրա հաղթանակը հանրաքվեում այլեւս ոչ վճռված եւ ոչ էլ կատարված փաստ համարել չի կարելի: Հակառակը, ստեղծվել է մի իրավիճակ, որում եթե ժողովուրդը հաղթահարի անտարբերությունը, հուսահատությունը եւ հիասթափվածությունը, եւ վճռական դառնա իշխանափոխության գործում, այն հնարավոր կդառնա:
Այստեղից էլ բխում է մեր անելիքը:
- Ամբողջ երկրում ծավալել ակտիվ ՈՉ-ի քարոզ, ձեւավորելով պայքարի պատրաստ քաղաքացիների մի ամբողջ բանակ: Այդ գործին խնդրում ենք զինվորագրվել մեր երկրի ճակատագրով ապրող բոլոր քաղաքացիներին: Նոր, ժողովրդավարական Հայաստանի դուռը բացող ՈՉ-ի քարոզը պետք է հասնի ամեն տուն: Դրա համար մենք կօգտվենք Հանրաքվեի մասին օրենքով նախատեսած բոլոր հնարավորություններով, ներառյալ հեռուստաեթերի օգտագործումը, մարզային այցերը եւ հանդիպումներ ժողովրդի հետ, տպագիր նյութերի տարածումը: Սա պետք է դառնա հիրավի համաժողովրդական պայքար, որի կազմակերպման համար անհրաժեշտ են նաեւ լուրջ միջոցներ: Երիտասարդները Ձեզ բաժանել են ՈՉ-ի համատեղ քարոզարշավի քարոզչական հիմնադրամի հաշիվը: Մեզ համար կարեւոր է, որ նաեւ այս առումով պայքարը դառնա համաժողովրդական: Կարեւոր է ո՛չ թե ներդրման մեծությունը, այլ մասնակցության փաստը, որը ինքնին ձեւավորելու է նվիրյալների այն բանակը, որի մասին արդեն խոսեցի:
- Ակտիվորեն ձեւավորել ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, վստահված անձերի եւ դիտորդների կարգավիճակով հանրաքվեի օրինականության համար պայքարելու պատրաստ ավանգարդը եւ ապահովել քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների լիարժեք համագործակցությունը տեղամասերում կատարվող ընտրակեղծիքները մինիմումի հասցնելու նպատակով:
- Այս բոլոր քայլերը արդյունավետ չեն լինի, եթե զուգահեռաբար երկրում չծավալվի հզոր հանրահավաքային պայքարը: Մենք վստահ ենք, որ ակտիվ հանրահավաքային պայքարը եւ մասնակցությունը հանրաքվեին ոչ միայն միմյանց չեն խանգարում, այլ որ մեկը առանց մյուսի ի վիճակի չեն արդյունքի հասնել: Ուստի մենք կոչ ենք անում սկսել նաեւ ակտիվ հանրահավաքային պայքար, պատրաստ լինելով ժողվրդի մոբիլիզացիայի հարցում համագործակցել ՈՉ-ի ճակատի բոլոր ուժերի, այդ թվում ՛՛Նոր Հայաստան՛՛ միավորման հետ:
ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԱՍԱ ՈՉ՝ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ
ԱՍԱ ՈՉ ԵՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՔՈՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Հ.Գ. Նաեւ օգտվելով առիթից, ցանկանում եմ հայտարարել, որ «Ոչ»-ի քարոզչական համատեղ շտաբը նոյեմբերի 20-ին, ժամը 17-ին, հրավիրում է հանրահավաք՝ Ազատության հրապարակում, եւ ես կոչ եմ անում բոլոր աջակիցներին աշխատելու այդ հանրահավաքի իրազեկման ուղղությամբ, այդ հանրահավաքում կամփոփենք հանրաքվեի նախապատրաստման եւ մեր պայքարի միջանկյալ արդյունքները եւ արդեն ժողովրդին կասենք, թե ինչպես ենք մենք դեկտեմբերի 6-ին ստանալու այն արդյունքը, որը պետք է մեր ամբողջ ժողովրդին:
20 տարի ավել նույն խաղն են գլխներիս խաղում ու միշտ ,,խփում,, իրենց ուզածը, տարբեր նորամուծություններով: Միթե այդ աստիճան տկարամիտ կարելի է լինել, մտածելով որ քվեարկության միջոցով բան պիտի փոխվի? Դա նշանակում է մասնակցել խաղի, 100% վստահ լինելով որ դիմացինդ անազնիվ է ու իրենն է անելու ցանկացած դեպքում: Կամ ձեւ պիտի գտնել, կամ սսկվել ու ընդհանրապես մի կողմ քաշվել, չխանգարելով որ իրենք իրենց յուղով տապակվեն (,,սամոքյաշ,, – ի վարիանտ էլ կա): Մենք ,,ոչ,, կասենք թե ,,պոչ,, ինչը պիտի փոխվի հիմա, բացի նրանից, որ ավելորդ ,,տուշ,, է տրվելու անիմաստ թատրոնին: Թե պիտի մտածենք, որ մեր ,,ոչ,, – ից հետո (եթե նույնիսկ այդպես ստացվի) իրենք մի նոր ,,ասող,, չեն գտնելու, որ գլխին դնեն ու – գահը մեզ պիտի անցնի? Մեղք ենք իսկապես …