Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականում քանի՞ ընտրող ունի Գյումրին. ազգագրագետի հաշվարկները. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2015 20:35

Aravot.am-ը ազգագրագետ Արտաշես Բոյաջյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը չափազանց ուռճացված է, նույնիսկ այն աստիճան, որ գյումրեցիները ձեռ են առնում՝ չլինի՞ նորածիններն էլ են ընդգրկված ընտրացուցակներում:

«Որոշակի թյուրըմբռնում կա. ընտրացուցակները կազմում են ըստ պետռեգիստրի գրանցման տվյալների: Պետռեգիստրում գրանցվում են այն մարդիկ, որոնք տնային տնտեսություններում գրանցված են, բայց կարող է այդ մարդկանց ընտանիքն ամբողջությամբ բացակայի կամ ընտանիքի որոշ մասը բացակայի: Այսինքն` կա այսպիսի հասկացություն. փաստացի առկա բնակիչներ եւ պետռեգիստրում գրանցված բնակիչներ:

Բնականաբար փաստացի առկա բնակչության ու պետռեգիստրում գրանցված բնակչության միջեւ տարբերությունը շատ մեծ է, գուցե հասնի նաեւ մեկ միլիոնի: Այսինքն` իրենք ներկայացնեն, որ Հայաստանում ընտրողների թիվը 2,5 միլիոն է, բայց փաստացի առկա ընտրողների թիվը մեկ միլիոն երկու հարյուր հազարից կամ մեկ միլիոն երեք հարյուր հազարից չանցնի: Այստեղ շատ կարեւոր է իմանալ, թե առկա ընտրողների թիվը ինչքան է, որը բավականին դժվարին խնդիր է:

Դրա դեմն առնելը, որպեսզի ասենք կեղծիք չլինի պետք է լինի այսպես. ով որ շահագրգռված է արդար ընտրության հասնելու, նրանք պետք է հստակ գրանցեն՝ ինչքա՞ն մարդ մտավ ընտրատեղամաս, ինչքա՞ն դուրս եկավ, լավագույն վերահսկողության ձեւը դա է: Այստեղ երկրորդ խնդիր էլ կա, նույնականացման քարտերով խնդիրը, որ կարող են այդ քարտերով մի քանի տեղ մտնել, քվեարկել, այսինքն` ընտրությունների ժամանակ կեղծիքի մեխանիզմները բազմաբնույթ են ու բազմաթիվ»:

Ըստ մեր զրուցակցի, եթե ընտրություններն արդար անցկացվեին Հայաստանում, այսօր ընտրողների թիվը քննարկման թեմա չէր դառնա, մինչդեռ տառապանքը փորձ ունի, միշտ կեղծիք է կատարվել, ավել թիվ է գրանցվել, հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում ընտրությունների, քան ԱԺ ընտրությունների ժամանակ:

Հարցին՝ ինչպե՞ս է լինում, որ Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող մարդկանց թիվը գերազանցում է մարդահամարով ֆիքսված բնակչության թվին, մեր զրուցակիցն ասաց. «Մարդահամարը գրանցում է երկու կարեւոր տվյալ. առկա բնակչություն եւ մշտական բնակչություն: Առկա բնակչության թիվը 2011 թվականի տվյալներով 114 հազար է:

Եթե վերցնենք Գյումրիում այսօր առկա բնակչության թիվը, կա հատուկ բանաձեւ, որն օգտագործվում է, վերցնում են մահացածների թիվը եւ բազմապատկում են կյանքի միջին տեւողության վրա, ասենք 70 հազար, եթե էդ ցուցանիշը վերցնենք, ապա Գյումրիում այսօր մահացության ցուցանիշը տարեկան միջինը 1300-ից մի քիչ ավել կամ պակաս է: Եւ, եթե բազմապատկենք կյանքի միջին տեւողության վրա, էդ ցուցանիշը մոտավորապես ստանում ենք 90 հազար, այսինքն` Գյումրիում ապրողների թիվը 90 հազար է, եւ եթե էդտեղից էլ դուրս գանք ընտրության տարիք ունեցողների թիվը, այդ դեպքում չպետք է գերազանցի 60 հազարը: Եթե ընտրություններին մասնակցում է 60 հազար ու ավել բնակիչ, նշանակում է կեղծիքը այդտեղ բավական մեծ է:

Պաշտոնական վիճակագրական տվյալներն էլ շատ դեպքերում թիվը տալիս են, եւ չեն հետեւում, ասենք առկա բնակչության թիվը 2011 թվականին 114 հազար է, 2012 թվականին բարձրանում, հասնում է 149 հազար՝ ընտրություններից առաջ, հետո էլի նվազում է, 2014 թվականին՝ 119 հազար: Երբ որ ասենք դոտացիայի հարց է առաջ գալիս, որ բյուջետային հատկացումներ անեն համայնքներում, իրենք այդ ժամանակ հաշվի են առնում առկա բնակչության թիվը ու ավելի քիչ գումար են տալիս, եթե ընտրությունների ժամանակ է, բնակչության թիվն ավելի բարձր է ներկայացնում: Եթե ընտրողների թիվը, ցուցանիշը բարձր է, ուրեմն վաղը համայնքին հատկացված դոտացիան պիտի ավելանա. չէ՞ որ բնակչության թիվն ավել եք ցույց տալիս: Բայց իրենք ասում են ՝ոչ, բնակչության թիվը էդքան չէ, երկու տարի առաջ Գյումրիին քիչ գումար էին հատկացրել, քանի որ բնակչության թիվը 23 հազար մարդով պակասել էր»,- հիշում է ազգագրագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031