Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հետեւելու համար ստեղծված ոստիկանության օպեր շտաբի խոստումը իմիտացիա է
Ոստիկանության օպերատիվ շտաբը խոստանում է արձագանքել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում հնչեցվող բողոքներին, իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետեւել կազմակերպությունների եւ քաղաքացիների հայտարարություններին, դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա եւ հանդես գալ պարզաբանումներով:
«Դա իմիտացիոն եւ ձեւական բնույթ ունի»,-ոստիկանության նախաձեռնությանն այսպես արձագանքեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Սաքունցը հիշեցրեց նախորդ համապետական ընտրությունները, երբ կրկին նման մի շտաբ էր ստեղծվել, որը նոր ոստիկանապետի նշանակվելուց հետո պրակտիկա է դարձել, եւ այդ ժամանակ դիտորդների կողմից ներկայացված ահազանգերը՝ ընտրակաշառքների, մարդկանց ուղղորդված տեղափոխման հետ կապված, տեղամասերից դուրս, անտեսվում էին այդ շտաբի կողմից:
Կարդացեք նաև
Սաքունցի խոսքերով՝ «Եւ հատկապես քվեարկության օրը, երբ մենք դիտարկում էինք իրավիճակը, պետք է ասեմ, որ շատ ծուլորեն էին արձագանքում, մենք նկար ունեինք՝ տնակներից մեկում փող էին բաժանում, մարդիկ մտնում ու դուրս էին գալիս մի տնակ: Մենք ահազանգել էինք ոստիկանություն, զուգահեռ էլ ստուգում էինք, թե ինչ է կատարվում: Մինչեւ ոստիկանության գալը, մարդիկ փակել էին շտաբը, ու երբ ոստիկանությունն եկավ՝ արձանագրեց՝ ոչ մի բան էլ չկա, մարդիկ ուղղակի նստած են:
Այնպես որ, այդ հայտարարությունն ու նախաձեռնությունն, ընդամենը այն քաղաքական որոշման իրականացման շրջանակում է, ըստ որի պետք է հանրաքվեն անցկացվի միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընդամենը ստեղծում են այդ կառույցը, բայց բողոքների արդյունավետ քննություն մենք չենք ակնկալում»:
Իրավապաշտպանն ասաց, որ բողոքներին կարձագանքի ոստիկանական այդ շտաբը, բայց միայն այն դեպքում, երբ բողոքները լինեն «Ոչ»-ի կողմնակիցների, «Այո»-ին դեմ հանդես եկողների դեմ. «Այս դեպքում, վստահ եմ, ողջ խստությամբ կօգտագործվի այդ ռեսուրսը հենց այդ մարդկանց նկատմամբ: Բայց ոստիկանական այդ շտաբը կլինի բացարձակ լոյալ եւ անտարբեր «Այո»-ի կողմնակիցների կողմից կատարված խախտումների նկատմամբ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ