«Դեկտեմբերի 6-ին նշանակված է սահմանադրական հանրաքվե, որի նպատակը բոլորին արդեն պարզ է»,-հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, «Ոչ»-ի քարոզչության շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ թերահավատները պնդում են, որ պայքարը իմաստ չունի, պետք չէ պայքարել, միեւնույն է հերթական հիասթափության ալիքն է բարձրանալու. «Նման բան ասողները, սակայն, չեն հասկանում, կամ էլ չեն ուզում հասկանալ, որ Հայաստանում ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ, նրանք չեն հասկանում, թե ինչ բարդ խնդրի առջեւ է կանգնած Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրանց թվում է, թե այո-ի թիվը շատ մեծ է, եւ իսկապես թվում է, թե այո-ի թիվը մեծ է՝ այնտեղ է Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմով, այնտեղ են այն քաղաքական ուժերը, որոնք արդեն պայմանավորվել են, որ հանրաքվեի ժամանակ այո-ն պաշտպանելու դիմաց նույն ընտրակեղծարարների ձեռքով նրանք կստանան ինչ-որ մի տոկոս՝ հաղթահարելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 5 տոկոսի շեմը: Այստեղ են նաեւ նրանք, ովքեր ձեւականորեն ոչ ասելով նոր Սահմանադրությունը, ժողովրդին ասում են, որ պայքարելն անիմաստ է, եւ իրենց միակ առաքելությունն են համարում ժողովրդի մեջ թերահավատություն, հուսահատություն տարածելով օգնել իշխանությանը կոտրել ժողովրդի դիմադրությունը»:
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ իրականությունն այլ է. «Հենց ռեժիմի ներսում կա լրջագույն խնդիր: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը իրենից կախված ամեն բան արել է, որ հանրաքվեի անցկացման գործին լծվեն իր թիմակիցները. Նա խոստացել է Հովիկ Աբրահամյանին, որ նոր Սահմանադրության դեպքում Հովիկ Աբրահամյանը կլինի երկրի վարչապետը, Գագիկ Հարությունյանին խոստացել է, որ նա կդառնա երկրի գլխավոր թամադան: Ինչո՞ւ եմ ասում թամադան, որովհետեւ նոր Սահմանադրությամբ մեծ հաշվով նախագահը ավելի լուրջ լիազորություններ չի էլ ունենալու, Շարմազանովի տեղն էլ են երեւի դասավորել: Սակայն, իշխանության մեջ շատերը իրենց տեղը չեն գտնում այդ համակարգում, նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը այդ ամենն անում է իր անձնական իշխանության ամրապնդման համար եւ չունեն նրան օգնելու շահագրգռվածություն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ