Քիչ առաջ սկսվեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը: Հանրահավաքի ընթացքում նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանն ասաց, որ գաղտնիք չէ Սահմանադրությունը ամբողջությամբ չէ, որ գործում է, բայց այնուամենայնիվ միջազգային հանրությունը զսպաշապիկ է հանդիսանում Սերժ Սարգսյանի համար, որ Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնի:
«Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը Հայաստանում հաստատելու համար հենց հակասահմանադրական կարգ: Սա է ամբողջ իմաստը»,- ասաց նա:
Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը իր ելույթի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը ուզում է ծուղակը գցել ժողովրդին եւ հաստատել այս տարիներին ձեւավորված միակուսակցական քրեապետության ռեժիմը. «Եթե մինչ այս ժողովրդի իշխանությունը յուրացվում էր ընտրությունից ընտրություն քաղաքացիների քվեն կեղծելու պարբերական գործողություններով, ապա այս նոր Սահմանադրության դեպքում ընտրությունները ընդհանրապես կվերացվեն, կվերածվեն ձեւական միջոցառումների, եւ ժողովուրդը ամբողջությամբ կզրկվի ընտրությունների միջոցով իր կամքը արտահայտելու հնարավորությունից, ինչի հետեւանքով երկրում ի սպառ կվերանա սահմանադրականության դեռեւս պահպանված պատառիկները եւ կհաստատվի հակասահմանադրական կառավարում: Մինչդեռ մեր ազգի համար սահմանադրականությունը այլընտրանք չունի, որովհետեւ մեր տարածաշրջանի սպառնալի իրավիճակի պայմաններում մենք կարող ենք գոյատեւել միայն այն դեպքում, երբ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ կլինի իր երկրի ճակատագրի ու պետության լիիրավ տերն ու պաշտպանը, ինչպես նաեւ իր անձնական կյանքի եւ ճակատագրի»:
Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ սահմանադրականություն ասելով պետք է հասկանալ երկու այնպիսի քաղաքական բեւեռների, որոնք միաժամանակ ե՛ւ հակակշռում են, ե՛ւ փոխնպաստում են միմյանց, ուստի՝ նոր Սահմանադրության ընտրության հանրաքվեն իրական ընդդիմության համար միանալու ե՛ւ առիթ, ե՛ւ պատճառ է՝ ժողովրդին հավաքելու եւ երկրում սահմանադրականություն հաստատելու համար:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ