Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյանը գիտի ինքը վունդերկինդ է, թուրը վեց կողմով կտրում է». աղբահանող ընկերության ղեկավար

Հոկտեմբեր 30,2015 18:33

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր հօգուտ երկու աղբահանող ընկերությունների՝ «Լուսափայլ քաղաք»-ի ու «Եղիկյան եղբայրներ»-ի մոտ 27 միլիոն դրամ բռնագանձել Գյումրու քաղաքային բյուջեից: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու քաղաքապետարանի պաշտոնյաները նեղսրտել են դատավոր Արմեն Խաչատրյանի կայացրած վճիռներից: Նրանք ասում են, որ դատարանի երկու վճիռները անակնկալի են բերել իրենց, քանի որ այս երկու ընկերությունները 2013 թվականի հունվար, փետրվար ամիսներին իրականում գործ չեն արել՝ փոխարենը փորձում են աղքատ Գյումրիի քաղաքային բյուջեից գումարներ տանել, փոշիացնել:

Aravot.am –ը այս թեմայի շուրջ լսեց նաեւ «Լուսափայլ քաղաք» ընկերության ղեկավար Սաշիկ Զաքարյանին: Վերջինս ասաց, որ կան տեսանյութեր իրենց կատարած աշխատանքի մասին, ավելին, երբ իրենք նախազգուշացրել են, թե չեն աշխատելու, քանի որ իրենց գումարը չեն վճարում, նախկինից եւս այս ընկերությանը պարտք էին, Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը մի քանի անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ ու հորդորել, որ թող աշխատեն, կտանք պարտքերը:

«Էդ մարդու (ի նկատի ունի Սամվել Բալասանյանին) հետ ինչ-որ բա՞ն է կատարվում. բոլորն էլ գիտեն, որ մենք աշխատել ենք՝ քաղաքն էլ, ժողովուրդն էլ գիտեն: 2013 թվականի հունվարի 2-ին, հունվարի 24-ին ու փետրվարի 1-ին հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել իր կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը: Ամսի 24-ին «Շանթ»-ը նկարել է մեր մեքենաները աղբադաշտում՝ ամեն ինչով, մեր վարորդին նկարել են՝ աղբը դատարկելով: Մանասյանը հեռուստատեսությամբ ասել էր՝ ոչինչ, թող աշխատեն, մենք փողը կտանք: Մենք էլ հրավիրել էինք, ասել, որ եթե չպիտի տան փողը, մենք չենք աշխատի: Մեզ նախկինից էլ էին պարտք, չէին տվել, էդ ամսվա փողն էլ չէին ուզում տալ:

Մանասյանը ելույթ ունեցավ «Շանթ» հեռուստատեսությամբ, բառացի ասեց՝ աշխատում են մարդիկ, մենք խոսք ենք տալիս, որ փողերը կտանք էս երկու օրը ու չտվեցին, մենք էլ հունվարի 30-ից սկսեցինք չաշխատելը: Նույն Մանասյանը փետրվարի մեկին ելավ, տելեվիզորով ելույթ ունեցավ, թե էս ընկերությունները մեզ անակնկալի բերեցին, վաղվանից ստիպված մենք պիտի աշխատենք: Հերիք չե՞ն վկաները, երկու-երեք հատ տելեվիզորի կլիպնե՞րը: Հետո փաստացի Երեւանից եկած պատասխանը, թե պարտք եք, փողերը տվե՛ք մարդկանց, քննչական ծառայությունից եկած պատասխանը: Ի՞նչ անենք, էդ մարդը չի սիրում բանվորներին աշխատավարձ տալ: Դատարանն էլ մաքուր վճիռ է կայացրել, ինքը (ի նկատի ունի Սամվել Բալասանյանին) մի անգամ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ, էսպես ասեց. «Ես նույնիսկ ասել եմ արդարադատության նախարարությանը, որ ոչ մի լումա չենք տալու, տո դու ո՞վ ես, որ չտաս: Մարդը աշխատել է, ես 10 միլիոն վարկ եմ վերցրել, որ փակվել եմ էդ պարտքը, էսօրվա օրը ես պարտքերը չեմ տվել իր երեսից: 4 տարի է վարկ եմ փակում իր պատճառով»,-վրդովվեց Սաշիկ Զաքարյանը: Նա ասաց, որ այն ժամանակ 4 բանվոր, 4 վարորդ, հաշվապահ, պահակ է ունեցել, իսկ հիմա չեն աշխատում:

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանի ելույթը որպես ապացույց դիտվել է դատարանում, դատավորը նայել է տեսանյութը: «Եթե կոմունալ բաժնի պետ Մանասյանը փետրվարի մեկին հայտարարում է, որ մեզ անակնկալի բերեցին աղբահանող ընկերությունները, ստիպված մենք պիտի աշխատենք, ինչպես հասկանա՞նք… Բալասանյանը գիտի ինքը վունդերկինդ է, թուրը վեց կողմով կտրում է, ինչպես ուզի, էնպես կխոսի: Կամ դատավորը խելա՞ռ է բյուջեի փողին կպնի, ասենք չհասնող փող լինի ու մեզ տա: Որ ինքը ելել, ելույթ էր ունենում (ի նկատի ունի քաղաքապետ Բալասանյանին), թե չաշխատեցին, ես հավես չունեի, զզված էի իրենցից, որ ելնեի պատասխանեի, մի բան էլ առաջարկեի, թե կանչի կոմունալ բաժնիդ պետին, տեսնենք աշխատե՞լ ենք, թե ՞չէ: Որ չենք աշխատել, ինչո՞ւ է կոմունալ բաժնի պետը ելնում, հեռուստատեսությամբ հայտարարում, թե աշխատել են, աշխատում են, կտանք փողերը, կամ ինչո՞ւ է փետրվարի մեկին հայտարարում, թե մեզ անակնկալի բերեցին,չեն ուզում աշխատել, վաղվանից մենք պիտի աշխատենք… Դե պատկերացրեք դրանց մակարդակը», -եզրափակեց Սաշիկ Զաքարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031