Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Լիբերալիզմը, լինելով հասարակությունների, պետությունների զարգացման լավագույն մոդելը, մասսայականություն չի վայելում

Հոկտեմբեր 30,2015 17:35

«Լիբերալիզմը ամենաթարմ, ամենաազատ գաղափարախոսությունն է, եւ ոչ ոք դեռ նրան ձեւակերպում չի տվել»,- հոկտեմբերի 30-ին Կովկասի ինստիտուտում կազմակերպված հանրային դասախոսության ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Հանրային դասախոսության թեման էր «Ազատականության ուղղությունները հետխորհրդային աշխարհում»:

Արամ Մանուկյանը նշեց, որ լիբերալիզմը՝ ազատականությունը, հստակ գաղափարախոսություն չէ, այդ պատճառով շատերի համար դժվար է դառնում, բայց երիտասարդության կամ ադրենալին սիրողի համար լիբերալիզմն ավելի գրավիչ է: Նա նկատեց, որ լիբերալիզմը շատ հետեւորդներ չունի, եւ Եվրոպայում այսօր լիբերալիզմը մասսայականություն չի վայելում. երրորդ քաղաքական ուժն է. «Ֆրանսիայի, Ավստրիայի, Լեհաստանի նման երկրներում նացիոնալիզմը, ֆաշիզմը շատ ավելի մոդայիկ են, քան լիբերալիզմը: Լիբերալիզմը Եվրոպայում հաղթել է Էստոնիայում, հաղթել է Սլովենիայում, հաղթել է Սկանդինավյան երկրներում, վերջերս նաեւ կանադացիների հաղթանակն էր, որ վարչապետը լիբերալ էր: Եվրոպառլամենտում ընդամենը 600-ի հարաբերակցությամբ 7-8 տոկոս են կազմում լիբերալները՝ հիսուն քանի դեպուտատ, շատ քիչ է: Գերմանիայում անցած երկու ընտրությունների ժամանակ խայտառակ պարտվեցին, չմտան պառլամենտ: Այսինքն՝ լիբերալիզմը այսօր լինելով, ըստ իս, ես դրանում համոզված եմ ամբողջ էությամբ, հասարակությունների պետությունների զարգացման լավագույն մոդելը, մասսայականություն չի վայելում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ մոդելը չի մնում լավագույնը»:

Արամ Մանուկյանի կարծիքով՝ շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում լիբերալիզմը 1990-ական թվականներին ներդրվեց, առաջ գնաց եւ հետո եկավ մի շրջան, երբ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, որը շատ տեղեր տանում է Սովետական միության, տոտալիտարիզմի, պետական ճնշման ավելացման: Այսօր Հայաստանը այդ գործընթացի մեջ է, եւ ըստ նրա, գալու է նաեւ երկրորդ փուլը:

«Միակ գաղափարախոսությունն է լիբերալիզմը, որը գերակա արժեք ընդունում է մարդուն: Մարդը դառնում է գերակա արժեք, մարդը, որը կարեւոր չէ, որ ազգից է, կարեւոր չէ՝ որ երկրի քաղաքացի է, որ սեռին է պատկանում, որ կրոնն է դավանում, ինչ գաղափարախոսություն ունի, մարդը բարձրագույն արժեք է, թիրախ է գաղափարախոսության համար: Կոմունիզմը սա չի ընդունում, պահպանողականները սա չեն ընդունում, սոցիալիզմը սա չի ընդունում: Լիբերալիզմի կարեւոր առանձնահատկությունը մարդն է, մարդն է թիրախը, եւ մարդն է կենտրոնը: Սա մեր անձնագիրն է, դրոշն է, լիբերալների: Պետությունը տարբեր դասակարգման լիբերալների մոտ հնարավորինս քիչ ազդեցություն ունի: Որքան քիչ է պետության ազդեցությունը քաղաքացու վրա, այնքան դա լիբերալ է»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031