Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը ներողություն է խնդրում փաստաբանական համայնքից

Հոկտեմբեր 30,2015 17:29

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ ՓՊ նախագահի 19.10.2015թ. թիվ 195-Ա հրամանով ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել էր աշխատանքային կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել զանգվածային լրատվության տարբեր միջոցներում, ինչպես նաև սոցիալական կայքերում լայն քննարկման առիթ դարձած xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»վերտառությամբ և 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակման հետ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի առնչության վարքագիծը ստուգելու անհրաժեշտությունը:

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի կողմից 2015թ. հոկտեմբերի 29-ին ընդունվել է «ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» թիվ 206-Ա հրամանը, համաձայն որի՝  ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց՝ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը

Հայկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ի հավելումն գրել է. «Վերջերս քննարկման առարկա է դարձել լրագրողի կողմից կատարած այսպես ասած բացահայտումը, իբր թե հոդված եմ պատվիրել գործընկեր փաստաբանի դեմ: Չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ: Միայն պետք է մեկ անգամ ևս հաստատեմ, որ այո, ես կապ եմ ունեցել այդ երկու հոդվածների հետ, հոդվածները ստեղծվել են իմ և լրագրողի համատեղ աշխատանքի արդյունքում, որևէ նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վարկաբեկելու:

Լրագրողի հետ աշխատանքը մամուլի պատասխանատուի գործն է: Իմ աշխատանքում փորձել եմ բարոյականության սկզբունքով պաշտպանել կին- փաստաբանին, ով աշխատում է հեռավոր մարզում և հնարավորություն չունի մեդիա դաշտում արտահայտել իր դիրքորոշումը և ինքն է հարձակման թիրախ դարձել: Այնուամենայնիվ աշխատելով ԲԱՐՈՅԱԿԱՆ դաշտում՝ այսինքն օգնել եմ կնոջը, թերացել եմ ԻՐԱՎԱԿԱՆ դաշտում, քանի որ ինչպես պարզվեց խախտել եմ հավասարակշռությունը, երբ երկու փաստաբանների բանավեճում օգնել եմ մեկին:

Ցանկանալով վերջակետ դնել այս քննարկումներին և ինչո՞ւ չէ նաև շահարկումներին, և հավատարիմ մնալով լրատվամիջոցների և փաստաբանների հետ աշխատելու անկեղծության իմ սկզբունքին, ներողություն եմ խնդրում փաստաբանական համայնքից:

Շարունակում եմ աշխատել ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես մամուլի խոսնակ և շարունակելու եմ նպաստել լրագրող-Փաստաբանների պալատ հարաբերությունների զարգացմանը: Մոտ ապագայում հանդես կգամ դրան ուղղված նոր գաղափարներով ու ծրագրերով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031