Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը նեղված է. Շիրակի դատարանը վճռել է քաղաքի բյուջեից մոտ 27 միլիոն դրամ գանձել ի օգուտ աղբատար ընկերությունների (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2015 17:05

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ սկիզբ առած հակամարտությունը կարծես ավարտ չունի. այժմ այն տեղափոխվել է իրավական հարթություն: Գյումրու ներկայիս քաղաքապետն ու քաղաքապետարանի պաշտոնյաները դժգոհում են, որ դատարանները անօրինական վճիռ են կայացնում ի օգուտ նախկին քաղաքապետի ու նրա շրջապատի մարդկանց՝ մեծ գումարներ տանելով քաղաքի աղքատիկ բյուջեից: Որպես թարմ օրինակ՝ նրանք մեջբերում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից երեկ ի օգուտ աղբահանող երկու ընկերությունների՝ «Լուսափայլ քաղաք»-ի ու «Եղիկյան եղբայրներ»-ի կայացրած վճիռները, համաձայն որի, Գյումրու քաղաքային բյուջեից մոտ 27 միլիոն դրամ են բռնագանձելու:

Վճռում ընթերցում ենք. «Եղիկյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարել մասնակիորեն. սկզբնական հայցով պատասխանող Գյումրու քաղաքապետարանից հօգուտ սկզբնական հայցով հայցվոր «Եղիկյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 14.668.330 ՀՀ դրամ, որից 12.174.601 ՀՀ դրամը որպես մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար եւ 2.493.729 դրամ՝ որպես 01.02.2013 թվականից մինչեւ 28.10.2015 ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված չափով հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաեւ բռնագանձել 70.000 դրամ որպես կատարված դատական ծախսի նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում»:

«Լուսափայլ քաղաք»-ի պարագայում դատարանը Գյումրու քաղաքապետարանին պարտավորեցնում է վճարել 12.003.515 ՀՀ դրամ՝ որպես մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար եւ 2.175.300 որպես տոկոսագումար, ինչպես նաեւ 50 հազար դրամ որպես կատարված դատական ծախս:

Նշենք, որ դատարանի վճռով Գյումրու քաղաքապետարանը նաեւ պարտավորվում է տոկոսներ վճարել այս երկու ընկերություններին: Ըստ այդ վճիռների, դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած հակընդդեմ հայցերը:

axbatar

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, որը դատարանում ներկայացրել է քաղաքապետարանի շահերը՝ արդեն որպես փաստաբան, ասաց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան: Ըստ նրա, այս երկու ընկերությունները գումար են պահանջել չկատարած աշխատանքի դիմաց, այսինքն 2013 թվականի հունվարից այս երկու ընկերությունները աղբահանություն չեն իրականացրել, եւ քաղաքապետարանը դատարանում այս մասով ապացույցներ է ներկայացրել: «Մեզ համար անակնկալ էր, չսպասված այսօրվա հրապարակված դատական ակտերը»,- ասաց նախկին փոխքաղաքապետը:

Նա նաեւ նշեց, որ պատվիրատուն, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետարանը իրավունք ունի դադարեցնել պայմանագիրը աղբահանող ընկերությունների հետ, չվճարել նրանց, եթե նրանք պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը:

Ըստ մեր զրուցակցի, եթե անգամ խիստ պայմանականորեն համարեն, որ հունվարին աշխատանք կատարվել է, փետրվարի 1- 20 այս ընկերությունները ընդհանրապես աշխատանք չեն կատարել: Սա կարող էր պայմանագրի դրույթի կատարման հիմք հանդիսանալ:

Մեր ճշգրտող հարցին՝ մի՞թե այս ընկերությունները իրենք չէին հրաժարվել ծառայություներ մատուցելուց, նախկին փոխքաղաքապետը հաստատեց՝ ասելով, որ վերջիններս հրաժարվել էին՝ պատճառաբանելով, որ նախկինում իրենց պարտք են եղել, իսկ քաղաքապետարանը չի հրաժարվել դրանք վճարել: «Բոլոր դեպքերում դա իրենց հիմք չէր տալիս պայմանագրային պարտավորությունները չկատարելու», -ասաց Գուրգեն Մալխասյանը:

Այս թեմայի շուրջ Aravot.am-ը լսել է նաեւ «Լուսափայլ քաղաք»-ի ղեկավար Սաշիկ Զաքարյանին, նրա պարզաբանումները կներկայացնենք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Կարծես թե նախկին քաղաքապետը չի հրաժարվել իր հին գործելաոճից, շարունակում է թալանել քաղաքային բյուջեն` բոլոր հնարավոր տարբերակներով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031