Լրահոս
Օրվա լրահոսը

Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` խայտառակություն

Հոկտեմբեր 30,2015 16:54

Փերինչեքի գործով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ոչ միատեսակ մեկնաբանվեց այն տեսանկյունից` արդյոք այն ձեռնտո՞ւ է Հայաստանին, թե` ոչ:

Վճռով սահմանվում է, որ Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վճռի հրապարակումից րոպեներ անց հայտարարեց, որ Հայաստանի պահանջները որպես երրորդ կողմ բավարարվել են:

Aravot.am-ի հետ զրույցում Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը ՄԻԵԴ-ի այս վճիռը խայտառակություն համարեց ու մանրամասնեց. «Կարծում եմ` Շվեյցարիայի կառավարությունը պիտի ավելին աներ, քանի որ թեև Հայաստանը երրորդ կողմ էր, բայց գործն առաջին հերթին նրանց դեմ էր: Պետք է Փերինչեքին իր տեղը ցույց տրվեր»: Մեր հարցին` խնդիրն իրականում Շվեյցարիայի կառավարության թերացմա՞ն, թե՞ ՄԻԵԴ-ի կողմնապահության մեջ էր, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Առաջին հերթին Շվեյցարիայի պետությունը պիտի դրա դեմ քայլեր աներ: Իհարկե, Եվրախորհրդարանն էլ իր մեղքն ունի, հետո երրորդ մակարդակն արդեն Հայաստանն է»:

Մեր դիտարկմանը` հնարավո՞ր է, որ այս վճիռը պատճառ դառնա ու խոչընդոտի, որ հետագայում մյուս պետությունները խուսափեն Հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձևեր ընդունելուց, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Հայոց ցեղասպանության ճանաչման հոսքն ու ալիքն այնքան մեծ է, որ չեմ կարծում: Բայց մի քիչ խանգարելու է: Իհարկե, Փերինչեքի արածն ավելի թուրքական, ադրբեջանական շուկայի համար էր, դրան եվրոպացիներն առանձնապես կարևորություն չեն էլ տալիս, բայց անշուշտ այս վճիռն իր ազդեցությունն ունենալու է: Զարմանալի էր, որ ՄԻԵԴ-ը նման վճիռ կայացրեց, փաստորեն մի կողմից դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, մյուս կողմից՝ արդարացնում ժխտողին»: Մեր հարցին` իսկ ՀՀ-ի դիրքորոշումը` միանգամից ներկայացնել, որ հաղթանակած ենք դուրս եկել, ճի՞շ տ էր, պարոն Քոչարյանն այսպես պատասխանեց. «Բարոյական հաղթանակներից արդեն հոգնել եմ: Չեմ արդարացնում այդ մոտեցումը, բայց մյուս կողմից ի՞նչ կարող էր մեր պետությունն անել: Իրենց պակասում է ուժը, ծանոթությունը, լոբբին և դրամը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031