Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. Հոկտեմբերի 30 – ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԻՈՒԹՅԱՄԲ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԸ՝ Դևը»:
Մեղմ անձրև է տեղում։ Հողը փափուկ է ու մի քիչ խոնավ։ Փոքրիկ մի շիվ վախեցած հանել է իր գլուխը ծեր կաղնու հողի վրա սողացող հաստ արմատների արանքից ու զարմացած շուրջն է նայում։ Հոգատար ծառը իր ճյուղերը տարածել է նրա վրայով՝ փորձելով իր խիտ սաղարթով պաշտպանել նրան շուրջն ընթացող պատերազմից։
Դավիթը հակառակորդի տեղաշարժման և դիրքերի հետախուզման համար բավականին հարմար տեղ էր ընտրել․ փոքրիկ բլրակի մոտ գտնվող հաստաբուն կաղնու կողքին փոս էր փորել այն դարձնելով դիտակետ։ Նա լավ գիտեր Հադրութի շրջանի այս գյուղը:
– Տողը մորս հարազատ գյուղն է, ամառները դպրոցական արձակուրդներին հաճախ եմ եղել այստեղ։ Գյուղի տղաների հետ գառնարած էի։ Այ, այն տունը, կարմիր կղմինդրով բարձր տանիքովը, պապիս տունն է։ Մի օր է հետևում եմ, այնտեղ անընդհատ զինվորականներ են ելումուտ անում, տան առաջ էլ միշտ մի քանիսը մշտական կանգնած են։ Հաստատ այնտեղ շտաբ են հիմնել: Մխո, հեռադիտակը վերցրու, շարունակիր հետևել, գնամ հրամանատարի մոտ, խոսելու բան կա։
Կարդացեք նաև
Առավոտյան լույսը բացվելուն պես իրեն փոխարինման եկած Մխոն վերցրեց հեռադիտակը, զննեց գյուղը, գտավ նշված տունը։
– Տես է՜, տան մուտքի մոտ իրենց դրոշն են ամրացնում։ Ինչքան են իրենց ինքնավստահ զգում, մտածում են մշտական են, – հեռադիտակը կրկին փոխանցեց Դավիթին։
– Հաստատ իրենց շտաբն է, ավելի վատ իրենց համար։ Դու ամբողջ օրը հսկի իրավիճակը, ես գիշերը կվերադառնամ։ Միայն․․․, – մտախոհ նայեց Մխոյին։
– Ի՞նչ։
– Քիթդ փոսից դուրս չհանես, նշանառուն կնկատի՝ կվնասի, արվեստի գործ է։
Մխոն չնեղացավ լավ գիտենալով մարտական ավագ ընկերոջ բնավորությունը։ Ո՞նց կարող էր նա առանց կատակելու իրեն վտանգավոր հատվածում մենակ թողնելով հեռանալ։
Դիտակետի և հակառակորդի միջև կիսահնձված ցորենի արտ է։ Քանի որ դիմացը գտնվող գյուղը զառիթափի վրա է՝ համեմատած ավելի բարձր դիրքում, ծառի կանաչ սաղարթը դիրքավորվողի համար պաշտպանիչ ծածկոցի դեր էր կատարում։ Կողքը ձորակ է, որով դեպի յուրայինների դիրքեր անվտանգ տեղաշարժման հնարավորություն էր ապահովում։ Դավիթը բլրակը շրջանցեց, մտավ ձորակ։ Ձորակից դուրս գալիս պայմանական սուլեց, լսեց պատասխանը, առաջ շարժվեց։ Խումբը դիրքավորված էր հարթավայրի պռնկին, իսկ նրանց թիկունքում կիրճն էր։
Հրամանատարն անհանգիստ էր անհարմար դիրքավորումից։ Պատերազմում ըստ իրավիճակի կա և դիրքային առաջխաղացում, և տակտիկական նահանջ։ Այս դիրքից նահանջելը կարող է իրենց համար կործանարար լինել։ Շարունակական արագ գործողությունների համար հակառակորդի դիրքերը հետախուզել էր պետք։ Սկզբից ուզում էր երեք հոգի ուղարկել։ Դավիթը պնդեց տարածքին իր քաջատեղյակ լինելը և մեծ խմբի նկատվելու վտանգը, դրանով հիմնավորելով իր մենակ հետախուզման գնալը։ Խնդրեց իր գնալուց հետո նշած տեղը մեկ օր հետո փոխարինող ուղարկել, դեռ փոխարինման եկողին էլ նախօրոք մանրամասն բացատրեց իր դիրքավորվելիք վայրը։
Մեկօրյա հետախուզական առաջադրանքի արդյունքները Դավիթը ներկայացրեց եզրափակվելով հետագա գործողությունների իր առաջարկով։ Հետո հրամանատարի հետ ճակատ ճակատի երկար քննարկեցին գործողությունների պլանը․
– Ռիսկային է, բայց կաշխատի, – հրամանատարի այս կարծիքը գործողության առաջարկված պլանին փաստացի համաձայնություն էր։ Հետո նա կատարվելիք գործողությունների ընթացքը մանրամասն ծանոթացրեց մարտական խմբին, նախօրոք հայտարարելով․
– Այսպիսին է Դևի դիվական առաջարկը իր պապի գյուղի ազատագրման պահով, – Դևը Դավիթի մարտական անունն էր։ Խումբը բաժանվելու է երեք մասի, գործելու ենք գիշերով առանձին-առանձին, բայց միաժամանակ։ Դա թվային գերազանցություն ունեցող թշնամու մոտ բազմաքանակ զորքի հարձակման տպավորություն կստեղծի և կստիպի խուճապահար նահանջել: Այս պահին նրանք ուժերի կենտրոնացմամբ են զբաղված, մեր կողմից հարձակման ուշացումը մեզ համար ճակատագրական կարող է լինել։
Մթնեց։ Մարտական ջոկատները շարժվեցին նախանշված ուղղություններով։ Դավիթը գնաց Մխոյի մոտ, ծանոթացրեց անելիքին։ Եթե գործողության ընթացքում իր հետ որևէ բան պատահեր, Մխոն պետք է այն շարունակեր։ Երկուսով շարժվեցին առաջ։ Հետո, երբ մոտեցան գյուղին, Դավիթը մենակ զգուշորեն մոտեցավ ժամապահին։ Ամեն ինչ կատարվեց արագ և անաղմուկ։ Հեռվից դիտարկման ընթացքում իրեն հայտնի էր երկրորդ ժամապահի տեղը։ Մոտեցավ, դիրքավորվեց։ Շրջիկ ժամապահը քայլելով ուզում էր անցնել իր մոտով։ Այն պահին, երբ նա պատրաստվում էր հարձակվել ժամապահի վրա, պապի տնից ազերի սպա դուրս եկավ, ձայնեց ժամապահին, սա պատասխանեց՝ տալով սպայի անունը։ Սպան ծիծաղեց, մտավ տուն։ Պահը հարմար էր։ Այս մի խոչընդոտն էլ անաղմուկ վերացրեց ու քայլեց դեպի ազերիների կողմից շտաբ դարձված պապի օջախը: Նրանք այնտեղ սպայակազմով աղմկոտ խնջույք էին սարքել։ Դավիթը մոտեցավ պատուհանին, թակեց, անունով բարձրաձայն կանչեց քիչ առաջ խոսող սպային։ Վերջինս մոտեցավ պատուհանին ու բացեց։ Դավիթը «բռնեք դևին» գոռալով ներս նետեց նռնակների կապուկը և արագ պառկեց պատի տակ։ Հետևեց ուժեղ պայթյուն, տան առաստաղը փլվեց ներսում գտնվողների վրա, փոշու ամպ բարձրացավ։ Այդ պահին պայթյունը հարձակման ազդանշան ընդունելով գյուղի տարբեր ծայրերից կրակահերթեր հնչեցին։ Սկսվեց երեք մասի բաժանված մարտական ջոկատների միաժամանակյա գրոհը։
Երբ պայթյունից առաջացած փոշին մի քիչ մաքրվեց, փորի վրա պառկած ձեռքերով գլուխը գրկած Դավիթը զգաց, որ իրեն շոշափում են։ Միթե՞․․․․ Կտրուկ շրջվեց՝ պատրաստ հակահարվածի։
– Ես եմ, հո չես վնասվել – Մխոն էր, – մեր բաժին տարածքի մաքրումն ավարտել եմ։ Ստացվեց, թշնամին զենք-զինամթերքը թողած խուճապահար փախչում է։
Մարտական ընկերները գրկախառնվեցին։
– Դև։
– Հա, Մխո;
– Պապական օջախն ես պայթեցրել, որ տուն գնաս պապին ի՞նչ պատասխան ես տալու։
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ