Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հեշտությամբ թողնել ծխելը

Հոկտեմբեր 30,2015 15:17

ԼՂՀ Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ և Ասկերան քաղաքներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին անցկացվեցին հակածխախոտային իրազեկման ակցիաներ: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ իրազեկման ժամանակ ոչ թե շեշտը դրվում էր նրա վրա, թե ծխելու հետևանքով ինչ հիվանդություններ են առաջանում, այլ այն հարցի վրա, թե ինչպես կարելի է հեշտությամբ թողնել ծխելը:

«Առողջ օրգանիզմ՝ առողջ սերունդ» խորագրով ծրագիրն իրականացրեց «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ԼՂՀ-ի 5 քաղաքների բնակչության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակարության վերաբերյալ՝ բուկլետների և պոստերների միջոցով։

Ինչպես տեղեկացրեց «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գոռ Սարգսյանը, տպագրվել և բնակչության շրջանում բաժանվել են ծխախոտի կանխարգելման և իրազեկության վերաբերյալ 4000 բուկլետներ և 1500 պոստերներ, որոնք տրամադրվել են ԼՂՀ-ի Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ և Ասկերան քաղաքների սպասարկման հաստատություններին (խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, բջջային օպերատորներ), կրթական հաստատություններին (ԲՈՒՀ-եր, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ)։

Գոռ Սարգսյանը շեշտեց. «Դպրոցներ այցելել ենք այն պատճառով, որ ծխելը` որպես վնասակար սովորություն դարձնելու հարցում առաջին քայլերն արվում են հենց դպրոցական տարիքում, ուստի աշակերտների շրջանում իրազեկման աշխատանքներ ենք տարել: Իսկ քանի որ ծխելը` որպես վնասակար սովորություն ամրապնդվում է բանակում, այցելել ենք նաև զորամասեր»:

Գոռ Սարգսյանի տեղեկացմամբ` ԼՂՀ-ում նշված հարցերում տեղեկատվության պակաս կար, ուստի բնակչությունը հետաքրքրված էր այս թեմաներով. «Մենք չէինք տեղեկացնում միայն, թե ծխելու արդյունքում ինչ հիվանդություններ են առաջանում, այլ մարդկանց տեղեկացնում էինք, թե ինչի արդյունքում է ծխելու ցանկություն առաջանում և ինչպես կարելի է հեշտությամբ թողնել ծխելը»:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031