Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. Սահմանադրության ընդունումից հետո փոփոխվելիք Ընտրական օրենսգիրքը կարող է իսկական տրոյական ձի դառնալ

Հոկտեմբեր 30,2015 15:07

ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է հետեւյալ գրառումը. «Նոր սահմանադրության նախագծին իմ դեմ լինելը ես տարբեր առիթներով հիմնավորել եմ՝ նշելով բազմաթիվ պատճառներ (տեսե՛ք նախորդ գրառումներս): Իմ՝ դեմ լինելու առանցքային պատճառն այն է, որ առաջարկվող սահմանադրությունը հետքայլ է Հայաստանում արդեն իսկ փխրուն ժողովրդավարությունից:

Ժողովրդավարության աստիճանը որոշվում է նրանով, թե ինչքանով է ժողովուրդը մասնակից լինում որոշումների կայացմանը և կառավարմանը:

Ժողովրդավարության օրրան Աթենքում նույնիսկ կենցաղային հարցերին վերաբերող որոշումները կայացվում էին ամբողջ ժողովրդի մասնակցությամբ: Հետագայում, ելնելով կյանքի իրողություններից և գործնականությունից, այս մոտեցումը հարմարեցվեց և հասցվեց ներկայացուցչական ժողովրդավարության գաղափարին՝ հասնելով մեր օրերը:

Առաջարկվող սահմանադրությունը ժողովրդին էապես հեռացնում է և՛ քաղաքական, և՛ որոշումների կայացման գործընթացներից՝ ժողովրդի դերը հասցնելով նվազագույնի: Հիմնավորեմ՝ ինչու:

Նախ, նախագահն ընտրվում է ոչ թե անմիջապես ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Նույնը վերաբերում է վարչապետին: Սահմանադրության դրույթների գերակշիռ մասը կարող է փոփոխվել ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի անդամների 2/3-ի կամքով:

Ավելին, նոր սահմանադրության ընդունումից հետո փոփոխվելիք Ընտրական օրենսգիրքը կարող է իսկական տրոյական ձի դառնալ Հայաստանի ժողովրդավարության համար: Շրջանառվող հուսալի պնդումների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե ընդհանրական համապետական ցուցակով, այլ՝ ռեյտինգային և ըստ առանձին ընտրաշրջանների: Դա կնշանակի, որ Հայաստանում համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, ի սպառ կարող են վերանալ: Այլ կերպ ասած՝ խորհրդարանական կայուն մեծամասնությունն էլ ուղղակիորեն չի ընտրվելու ժողովրդի կողմից: Մի խոսքով՝ ժողովրդի դերը հասցվում է նվազագույնի:

Երկրորդ, մեր կառավարման ամբողջ համակարգի խարիսխը լինելու են քաղաքական կուսակցությունները, որոնք այսօր Հայաստանում թերի ինստիտուտներ են: Կա՛մ կայացած չեն, կա՛մ ժողովրդավարական չեն, կա՛մ թափանցիկ չեն, կա՛մ էլ այդ ամենը միասին: Հայաստանում ցանկացած քաղաքական, պետական ինստիտուտ այսօր ավելի կայացած է, քան երկրի որևէ քաղաքական կուսակցություն:

Նման սահմանադրություն կարող են իրենց թույլ տալ միայն այն երկրները, որոնք ունեն ժողովրդավարության ամուր ավանդույթներ և հետևաբար՝ կայացած քաղաքական կուսակցություններ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031