Ինչով է զբաղվելու ՕԵԿ-ը քարոզարշավների ընթացքում: Այսօր այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ «Հայկական վերածնունդն» ունի իր ճակատը, որին միացել է 140 կազմակերպություն. «Մենք ունենք մեր շտաբը, մեր ռազմավարությամբ, մեր հանդիպումներով կոչ ենք անելու ոչ քվեարկել: Կլինեն հանդիպումներ, հեռուստահաղորդումներ, ամեն լծակ կօգտագործենք, որ մեր ոչ-ը հիմնավորենք»:
ՕԵԿ-ն իր շտաբի պետին եւ շտաբի կազմը կներկայացնի առաջիկայում. «Վաղը համակարգող խորհրդի նիստ է լինելու»:
Հովհաննես Մարգարյանն ասաց, որ եթե նույնականացման քարտով թույլ են տալու մասնակցել ընտրությունների, ուրեմն թող վարորդական իրավունքով, ծննդյան վկայականով էլ թույլ տան մասնակցել:
Հովհաննես Մարգարյանին հիշեցրին, որ երբ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս էր գալիս՝ հայտարարեց՝ բարոյականությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջում: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք իրենց որդեգրած սկզբունքներին տեր են՝ հիմա էլ չեն պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Ինչպես են պահանջելու նախագահի հրաժարական, երբ 100-ից ավելի պատգամավորներ կողմ չեն լինելու: Հո կոչ անելով չի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընտրացուցակներին, նա ասաց, որ 20 տոկոսը անուն-ազգանունների կրկնվում է: Մեր հարցին՝ Վահրամ Բաղդասարյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ ընդամենը 109 մարդու անուն-ազգանուն-հայրանուն է կրկնվում, ինչպե՞ս է, որ ձեր կոալիցիոն նախկին գործընկերոջ տվյալներին չեք հավատում, ՀԱԿ-ի տվյալներին հավատում եք՝ նա պատասխանեց. «Պետք է սպասենք պաշտոնական տեղեկատվությանը: Հավատալ-չհավատալու հարց չկա: Ես ուղղակի մեջբերեցի: Ինչ վերաբերում է կրկնություններին, իմ անուն-ազգանունով, հայրանունով, օրինակ, մեկ կրկնություն կա Գյումրիում, 17 կրկնություն՝ Շիրակի մարզում: Հիմա ինձ լսում է մեկ այլ Հովհաննես Հայկի Մարգարյան՝ Գյումրիից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ