«Երբ խոսում ենք հայկական տոների մասին`հստակ կարող ենք ասել, որ հայկական միջավայրում շաբաթական 4 օր տոնական է՝ սրբերի տոներն են, իսկ կիրակի մշտապես նշվում է Քրիստոսի հարության տոնը: Սակայն գիտելիքի պակասի հետեւանքով հաճախ տոների գեղեցկությունը փնտրում ենք այլ երկրներից «եկած» տոներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Նշան քահանա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ վաղն աշխարհը տոնելու է «Հելոուինը»:
Խոսելով այդ տոնի ծագումից՝ տեր հայրն ասաց, որ 835 թ, Հռոմի Գրիգոր 4-րդ պապը հռչակել է Բոլոր սրբերի տոնը՝ «Օլ հելլոուս իվ»-ը, որը հետագայում դարձել է «Հելոուին» եւ իմաստային ձեւափոխման ենթարկվել՝ ծառայելով դիվապաշտությանը. «Հայ երիտասարդությունը միշտ փորձում է ամերիկյան «Հելոուին»-ը պատճենել, մինչդեռ շատ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում եւ Մեքսիկայում, այդ տոնը գեղեցիկ ավանդույթ է՝ սրբերին է նվիրված: Չգիտես ինչու` սատանիստական կերպարներով ու դիմակներով ենք տոնում, բայց ինչո՞ւ չմարմնավորել բարի կերպարներին: Այդ դդումային դիմակները, մոմերը այլ ձեւափոխման արդյունք են: «Հելոուին»-ը նշողները ակամա վերածվում են դիվապաշտական արարողության մասնակցի՝ չգիտակցելով այդ մասին»:
Տեր Նշանն ասաց, որ հաճախ է «Հելոուին»-ը տոնողներին հարցրել՝ դուք սատանի՞ստ եք: Երիտասարդներն էլ պատասխանել են՝ «իհարկե ոչ»՝ չգիտակցելով, որ սատանիստական շարժման արձագանքն են կրում:
Կարդացեք նաև
Հոգեւորականը նաեւ տեղեկացրեց, որ հնում դիվական զորություններին պաշտելը տարիներ շարունակ թաքուն էին պահում, իսկ հիմա դա բացահայտ է արվում՝ մարդկանց ընտանեկան եւ քրիստոնեական արժեքներից հեռացնելու նպատակով. «Ամերիկյան միջավայրում կելտական եւ հին իռլանդական սատանայապաշտական ավանդույթները հենց դրան սկսեցին ծառայել: Սա դեգրադացված տոն է, որը միտված է վատ իմաստով հաճույքին եւ մարմնականին մոտեցնելուն, բայց չմոռանանք, որ հոգեւոր ուրախությունն էլ է հաճելի: Հիշենք Բարեկենդանը, որն ընտանիքի եւ խրախճանքի տոն է եւ դիմակահանդեսով է նշվում»:
Հավելենք, որ վաղը՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, Բոլոր սրբերի տոնն է: Հայ առաքելական եկեղեցին նշելու է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են երկնքի արքայության սրբազան մատյանում: Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իսկ ինչու՞ եկեղեցում չի զգուշացվում այս մասին, թեկուզ Հելուինին նախորդող շաբաթ, կամ մեկ օր առաջ, կամ մի որևէ ծիսակատարության ավարտին, երբ մարդիկ պատրաստվում են տուն գնալ:
Չի՞ կարելի արդյոք հայտարարել, որ այսինչ բանը, որ անելու եք մի քանի օրից` դա սատանիապաշտություն է: