Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը հայտարարեց, որ այս տարի Գերմանիայի Բունդեսթագը չի քննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձև:
«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Քոչարյանն այս քննարկման հարցով մանրամասնեց. «Բունդեսթագում ձախերի պատգամավոր Ուլա Ելփքիմը սեպտեմբերի 13-ին Զմյուռնիայի ողբերգության միասնական հուշահամալիրի բացման օրը հայտարարեց, որ հավանաբար Բունդեսթագում նորից քննարկումներ կկազմակերպվեն այս թեմայով 2016-ին: Բայց մտավախություն կա, որ այդ բանաձևում կընդգրկվի Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի չեզոք, արհամարհական և ժխտողական հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ջանում են որքան հնարավոր է դիրքորոշումից փախչել ու Հայոց ցեղասպանությունը չճանաչել»:
Այս մոտեցումը պարոն Քոչարյանի համար զարմանալի չէ, քանի որ ըստ նրա՝ Գերմանիան իր դիրքորոշումը չի փոխել այս հարցում 2000-ից սկսած: Պատճառը Գերմանիայի և Թուրքիայի բարեկամական հարաբերություններն են, Գերմանիան հանձն է առել Թուրքիայի բանակը զինելուն:
Պարոն Քոչարյանը փաստեց, որ հիմա Գերմանիայում շուրջ 4 միլիոն թուրքեր են աշխատում, նրանց սերունդներն արդեն Գերմանիայի կառավարման համակարգ են ներթափանցել, և թուրքերը Գերմանիայի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեն:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ եթե 2016-ին Գերմանիայի Բունդեսթագը ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձև, ապա դա ի՞նչ ուժ կարող է ունենալ, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե նման որոշում կայացնի, առաջինը Թուրքիային մի լավ ապտակ կհասցնի բարոյական, և երկրորդը՝ Գերմանիան գուցե որոշ պարտականություններ ստանձնի: Մյուս կողմից կարևոր է, որ Եվրոպայում նման հզոր կառավարություն վերջապես Հայոց ցեղասպանությունը ճանաչի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ