Խոսքը վերաբերվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների ծրագրին, որը Համաշխարհային բանկի տնօրենները խորհուրդը հաստատել է 2014թ.-ին: Ծրագիրը չունի որևէ լուրջ տնտեսական և այլ հիմնավորում և վառ օրինակ է, թե ինչպես 50 միլիոն ԱՄՆ դոլար չափով խիստ սահմանափակ պետական ռեսուրսներից, ի դեպ՝ վարկային, ծախսվում է մի ծրագրի իրականացման վրա, որն ամբողջությամբ անիմաստ է և որևէ լուրջ կերպ չի նպաստելու արտահանողների մրցունակության բարձրացմանը: Ծրագիրն աննպատակահարմար է հետևյալ հիմնական պատճառներով`
(ա) Արտահանողների ցածր մրցունակությունը միջազգային շուկաներում պայմանավորված չէ չափագրման համակարգի թերություններով կամ միջազգային շուկաներում մեր մասին տեղեկատվության պակասով: Արտահանողները մրցունակ չեն, որովհետև Հայաստանից ավանդապես արտահանվող ապրանքները ցածր արժեքով և մարժայով ոլորտներում են, որոնցում մենք լուրջ խաղացող լինել չենք կարող` վերամշակված սնունդ, պահածոներ, բանջարեղեն, շշալցված ջուր, հյութեր և այլն:
(բ) Հենց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շատ արտադրողներ վերոնշյալ ավանդական ոլորտներում լավ գիտակցում են, որ իրենք միջազգային շուկաներում մրցունակ լինել չեն կարող և անհասկանալի է, թե ինչու է Համաշխարհային բանկը տրամադրում 50 միլիոն ԱՄՆ դոլար վարկ նպաստելու այն արտահանողներին, որոնք նույնիսկ տեսականորեն մրցունակ լինել չեն կարող: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս ծրագրի գնահատման փաստաթղթում, որը հասանելի է Համաշխարհային բանկի Հայաստանին նվիրված կայքում:
Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության կողմից համատեղ պատրաստված այս ծրագրի կոնցեպտուալ մերկությունը և սխալները ներկայացված են ստորև.
Կարդացեք նաև
· Ծրագրի անհրաժեշտության հիմնավորում:
(ա) Ներկայացված չէ որևէ վիճակագրական կամ այլ փաստարկ հիմնավորելու, որ արտահանման աճի դանդաղ տեմպերը արդյունաբերական կամ այլ խթանիչ քաղաքականության բացակայության հետևանքն են:
(բ) Արտահանումը կարող է չաճել, քանի որ տեղական արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրողները չեն կարողանում մրցակցել տրանսպորտային բարձր ծախսերի կամ այլ պատճառներով: Իսկ Համաշխարհային Բանկի մտքով անցե՞լ է, որ գուցե պետք է զարգացնել արտահանման այլ ուղղություններ: Ջեմ, թթու վարունգ և մուրաբա արտահանելով երկիր չեն կառուցում:
(գ) Այն պնդումները, որ Հայաստանում արտահանումը խթանող գործակալությունների ֆինանսավորման աճը կնպաստի արտահանման ծավալների աճին լրիվ անհիմն են: Որևէ թվային կամ այլ հիմնավորում ներկայացված չէ, թե արդյոք տարիներ շարունակ գործող Զարգացման հայկական գործակալությունը կամ որևէ այլ մարմին որքանով է նպաստել արտահանման աճին:
(դ) Համաշխարհային բանկի մտքով անցե՞լ է, որ ուղղակի օտարերկրյա ներդրումների պակասը կարող է պայմանավորված լինել տնտեսության մոնոպոլացմամբ, երբ մի շարք օլիգարխներ վերահսկում են տնտեսության գերակշիռ հատվածը:
(ե) Արդյոք Համաշխարհային բանկը չի գտնում, որ որակյալ և բարձր կրթված աշխատուժի պակասն է էապես նպաստում այն հանգամանքին, որ մենք չենք կարողանում աշխարհին առաջարկել մրցունակ արտադրատեսակներ:
· Համաշխարհային բանկի ծրագիրը նախապատրաստելիս խախտել է հենց իր մեթոդական և գործառնական պարտադիր պահանջների բազմաթիվ կետեր, ինչը թույլ է տալիս հարցականի տակ դնել բոլոր հիմնավորումները և եզրահանգումները: Այս ծրագրի տնտեսական հիմնավորումը մեղմ ասած թերի է և պրոֆեսիոնալ խայտառակ մակարդակով: Հիմնական թերությունները ներկայացված են ստորև`
Համաշխարհային բանկի ծրագիրը նույնիսկ պարունակում է բազմաթիվ ներքին հակասություններ, որոնք ապացուցում են, որ դա գումարների վատնում է անհասկանալի նպատակներով: Մասնավորապես, Ծրագրի գնահատման փաստաթղթի Հավելված 9-ում ներկայացված բազմաթիվ ձեռնարկությունների հարցման արդյունքներ կապված արտադրողների արտահանման շուկա դուրս գալու հիմնական արգելքների հետ:
Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող միջոցառումները համահունչ չեն նույնիսկ իր իսկ կողմից ֆինանսավորված հարցման արդյունքների հետ: Հարց է առաջանում, թե ինչու Համաշխարհային բանկը ծրագիրն իրականացնելուց առաջ չի անցկացրել մրցունակության գնահատում և ուսումնասիրել արտահանողների ծախսային կառուցվածքը, որպեսզի հավաստի կերպով որոշի արդյոք որոշ ճյուղեր ընդհանրապես մրցակցելու հեռանկար ունեն, թե ոչ: Գուցե արտադրողները չեն էլ գիտակցում, որ միջազգային շուկաներում իրենք մրցունակ լինել չեն կարող: Նրանք սովոր են աշխատելու հայկական արտոնյալ դաշտում՝ առանձնապես չմտածելով մրցունակության մասին: Համաշխարհային բանկի ծրագրի տնտեսական հակափաստարկները ներկայացված են ստորև`
1. Հյութեր, պահածոներ և այլ վերամշակված սնունդ արտադրողների հարցման արդյունքները վկայում են, որ տրանսպորտային ծախսերը հանդիսանում են հիմնական արգելքը: Իսկ ի՞նչ է պնդում Համաշխարհային բանկի ծրագրային փաստաթուղթը: Հետևյալը` եթե ներդրվի ժամանակակից մետրոլոգիական/չափագրական համակարգ, միաձուլվեն Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և տարբեր երկրներում բացվեն առևտրային ներկայացուցչություններ, ապա արտահանողների բոլոր խնդիրները կլուծվեն: Կցանկանայինք նշել, որ ցածր հավելյալ արժեքով արտադրություններում, ինչպիսիք են հյութերը, պահածոները և շշալցված ջուրը, տրանսպորտային ծախսերը դրանք դարձնում են խիստ անմրցունակ` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը: Որքան էլ որ խթանեք այդ ճյուղերի արտահանումը, միևնույնն է, դրանց միավոր արժեքը չի նվազի և այդ արտադրանքը խոշոր միջազգային շուկաներ հասցնելու ծախսերը չեն կրճատվի: Այսինքն, այդ արտադրությունները մեծ մասշտաբով անմրցունակ են հիմնարար տնտեսագիտական օրենքների պատճառով: Մենք գիտակցում ենք, որ որոշ արտահանում կարող է լինել` թիրախավորելով շուկայի որոշ նեղ սեգմենտներ, բայց դա չի կարող կրել լայնամասշտաբ բնույթ:
2. Եթե որոշ գինի արտադրողներ կարողանում են արտահանել, ապա դա նշանակում է, որ իրենք ի զորու են բավարարել ներկրող երկրի որակին ներկայացվող ստանդարտները և անցնել սերտիֆիկացում: Ինչո՞ւ պետք է Կառավարությունը սուբսիդավորի այդ արտահանողների համար սերտիֆիկացման և այլ պահանջներին բավարարելու համար խորհրդատվության ծախսերը: Դրանք բավականին մեծ ընկերություններ են և պետք է ինքնուրույն և իրենց միջոցներից վճարեն նմանատիպ ծախսերը:
3. Համաշխարհային բանկը իրո՞ք կարծում է, որ հայկական դեղագործական ընկերությունները չեն կարողանում մրցակցել միջազգային շուկաներում, որովհետև կա հայկական ընկերությունների մասին տեղեկատվության պակաս և տրանսպորտային ծախսերն են խանգարում: Շատ հիասթափեցնող պրոֆեսիոնալ մոտեցում է: Մի՞թե Համաշխարհային բանկը չի հասկանում, որ հայկական դեղագործական ընկերությունները արտադրում են շատ խիստ սովորական և ցածրարժեք դեղամիջոցներ և ցածր որակի: Այդ իսկ պատճառով, չեն կարողանում մրցակցել: Դեղագործական բիզնեսը բարձր շահութաբերությամբ բիզնես է: Եթե հայկական ընկերությունները կարողանային առաջարկել յուրօրինակ և հատուկ կարիքների համար նախատեսված որակյալ դեղորայք, ապա նրանք վաղուց դուրս եկած կլինեին միջազգային շուկա և տրանսպորտային ծախսերը ամենևին էլ խոչընդոտ չեն: Օրինակ` նույնիսկ եթե բարձրարժեք սրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղերի մի մեծ խմբաքանակ արտահանվի ինքնաթիռով, ապա տրանսպորտային ծախսերը կկազմեն ընդհանուր արժեքի ոչ ավել, քան 3-5 տոկոսը: Արդյոք Դուբայում կամ այլ վայրերում առևտրային ներկայացուցչությունների հիմնադրումը հայկական դեղամիջոցները կդարձնի՞ մրցունակ: Ցավալի է, որ Համաշխարհային բանկը այս պարզ ճշմարտությունները չի հասկանում:
4. Ապշեցուցիչ է, որ Համաշխարհային բանկը հակասում է իր իսկ ֆինանսավորած հարցման արդյունքներին: Տեքստիլ արտադրանք և կոշիկներ արտադրողները հարցման ժամանակ նշել էին, որ նրանք ամբողջ հումքը ներմուծում են այն երկրներից, որոնք հանդիսանում են իրենց մրցակիցները վերջնական արտադրանքի շուկայում ևս: Արդյոք սա չի նշանակում, որ հագուստ և կոշիկ արտադրողները չեն կարող մրցակցել Թուրքիայի և Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ, որոնք արտադրում են և հումքը և վերջնական արտադրանքը ավելի մեծ ծավալներով և, հետևաբար, ցածր ինքնարժեքով: Թե հայկական արտադրողները որոշել են Համաշխարհային բանկի օգնությամբ մտնել թանկարժեք բրենդեր շուկա:
Խիստ հիասթափեցնող է, որ Համաշխարհային բանկը կուրորեն լսում է Հայաստանի Կառավարության մտացնոր գաղափարները և ամբողջ ուժով լծվում դրանց իրականացմանը:
«Արդյունավետ զարգացում» ՀԿ