Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին ՀՀ-ն ամբողջապես կանցնի ծրագրային բյուջետավորման

Հոկտեմբեր 30,2015 12:12

2018 թվականից Հայաստանը պետք է անցնի հարյուր տոկոսանոց ծրագրային բյուջետավորման: ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման գործընթացը մեկնարկել է, տասը տարի առաջ, գործընթացի 15 տոկոսն արդեն ներդրված է: Առաջիկա երեք տարում Հայաստանը պետք է հասցնի աշխատանքների 85 տոկոսը կատարել: Այսօր այդ առիթով խորհրդարանում լսումներ էին կազմակերպվել: Այս թեմայով արդեն երկրորդ լսումներն են կայանում խորհրդարանում:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ասում է, որ նախորդ լսումների ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերը բավական դրական արդյունք տվեցին գործընթացին:

Պավել Սաֆարյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքը, մասնավորաբար, նշելով. «Եղել են երկրներ, որոնք փորձել են շատ արագ`4-5 տարում ներդնել համակարգը, հետո ամբողջությամբ հրաժարվել են: Մեր նպատակն առաջատար լինելը չէ, այլ հասնել ավելի արդյունավետ կառավարման: Դա է պատճառը, որ դանդաղ, խորհրդակցելով`խորհրդարանի, միջազգային կառույցների հետ, փորձում ենք հասնել դրան»:

Պավել Սաֆարյանն, որն ի սկզբանե համակարգել է այս աշխատանքը՝ խոստովանեց, որ ինքը բավական թերահավատ է եղել, բայց այժմ արձանագրում է, որ խորհրդարանական բոլոր հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի արդյունքում բավական դրական առաջընթաց ունենք:

Karavarutyun_1

Որակական փոփոխություններին նա կանդրադառնա երկուշաբթի օրը, խորհրդարանում մեկնարկելիք 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ:

Պավել Սաֆարյանն ասաց, որ մինչեւ գալիք տարվա փետրվարը պատրաստ կլինի ժամանակացույցը եւ համակարգի ներդրման գործողությունների ծրագիրը: ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը թերահավատ է`կհաջողվի՞ սահմանված ժամկետներում ներդնել համակարգը: Նա կասկածներ ունի, որ ստիպված կլինենք հետաձգել համակարգի ներդրումը: Պավել Սաֆարյանն առայժմ, համենայնդեպս, հետաձգման նախադրյալները չի տեսնում: Գործողությունների ծրագիրն ակնհայտ կդարձնի դա. «Մենք հնարավորություն ունենք 2018-ին համակարգը ներդնել: Բայց դա վերջնական չի»:

Նշենք, որ ծրագրային բյուջետավորման առավելությունների հիմնական փաստարկն այն է, որ այդ համակարգով կավելանա բյուջեի արդյունավետությունը, ավելի հստակ կսահմանվի պետական ծախսերի գրաֆիկը, հնարավորություն կլինի այդ ծախսերի կատարողականը վերահսկել, կապահովի բյուջեի թափանցիկությունը:

Կան խնդիրներ, որոնք կարող են ծագել, մասնավորաբար, որոշակի սահմանափակումներ են առաջանալու ԱԺ-կառավարություն հարաբերություններում, օրինակ, ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականի առումով, թուլանալու է տնտեսագիտական առումով տող առ տող բյուջեի կատարողականի վերահսկողությունը, քանի որ նախատեսվում է որոշակի ապակենտրոնացում ֆինանսները ծախսող սուբյեկտների համար, նրանց որոշակի ինքնուրույնություն է տրվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031