Թուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ, Թուրքիայի նախագահը ամեն ինչ անում է՝ միանձնյա իշխանություն ձեւավորելու համար:
«Էրդողանը փորձում է նախագահական համակարգ հաստատել, որ կարողանա գործադիր իշխանության գործունեությունը վերահսկի ըստ սահմանադրության»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետի խոսքով, Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը նոյեմբերի մեկի խորհրդարանական ընտրություններին կհաջողվի ձայների մեծամասնություն հավաքել միայն ընտրակեղծիքների շնորհիվ. «Կհաջողվի այնքան ձայներ հավաքել, որ միանձնյա իշխի երկրում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նույն պատկերը կստացվի, ինչ հունիսի յոթի ընտրություններին»:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն էլ կատակեց, թե Հայաստանն ու Թուրքիան փորձի փոխանակում պետք է անեն. «Մեզ մոտ խորհրդարանական համակարգի ստեղծման կռիվ է, այնտեղ՝ նախագահական համակարգի»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Էրդողանին հաջողվեց երկիրը վերածել քաոսի, քրդերի եւ թուրքերի հարաբերությունները ծայրաստիճան սրել, քուրդ ժողովրդին վերացնելու համատարած կոչեր են. «Արտաքին քաղաքականությունում Էրդողանը ամբողջովին խայտառակվեց, հաջողություն չունեցավ սիրիական հարցում, իսկ Ռուսաստանի՝ Սիրիա մտնելուց հետո հայտնվեց խաղից դուրս վիճակում: Ներքաղաքական կյանքում Էրդողանը ստեղծեց խիստ լարվածություն խորհրդարանական բոլոր կուսակցությունների միջև, երկրում գործազրկությունն ավելացել է, արեւելյան շրջաններում տնտեսությունը կանգնած է, մանավանդ արեւելյան Հայաստանի հատվածներում : Թուրքիայում լուրջ հետընթաց է»:
Անդրադառնալով նոյեմբերի մեկի ընտրություններին, պարոն Իսպիրյանն ասաց, որ այս ընտրությունները նախորդից կտարբերվեն անկանխատեսելիությամբ. «Արդեն երեկ հայտնի դարձան իշխանությունների գաղտնի հրահանգները, գաղտնի ցուցակները՝ ինչ պետք է արվի ընտրության օրը ընտրախախտումների հաջող իրականացման համար: 37 նահանգում ընտրախախտումներ են արվելու, պետական պաշտոնյաների մեծ մասը գնված են, այդ օրը կեղծ պետհամարանիշներով մեքենաներ աշխատելու են հատուկ ընտրակեղծիքներն ապահովելու ուղղությամբ: Այդ մեքենաներով կտեղափոխվեն կեղծ քվեաթերթիկները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ