Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցակը ՀՀ տնտեսության հիվանդությանը բնորոշող ամենավառ ապացույցն է։ Բանն այն է, որ նշված հազար խոշոր հարկատուները վճարում են Հայաստանում հավաքագրված ընդհանուր հարկերի 65 տոկոսը։ Այս ցուցանիշը տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանում գործեին ընդամենը երկու կամ տասը հազար տնտեսվարողներ։ Սակայն նույն հարկային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսների արդյունքներով Հայաստանում գործում են 95 հազար տնտեսվարողներ:
Այսինքն՝ Հայաստանի բոլոր տնտեսվարողների մեկ տոկոսը վճարում է երկրում հավաքվող հարկերի ու տուրքերի 65 տոկոսը, որը այս տարվա 9 ամիսների կտրվածքով կազմում է 515 միլիարդ 435 միլիոն դրամ։ Իսկ տնտեսվարողների մնացած 99 տոկոսը, կամ նույն է թե՝ 94 հազար ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ այս տարվա 9 ամիսներին կարողացել են վճարել ընդհանուր հարկեր-տուրքերի 35 տոկոսը, որը կազմում է 270 միլիարդ 160 մլն դրամ։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ ոչ մի վատ բան չկա նրանում, որ խոշոր հարկատուներն են հիմնական հարկեր-տուրքերը վճարում։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ հարկ վճարելը ենթադրում է նաեւ համապատասխան գումարների շրջանառություն։ Այլ կերպ ասած՝ եթե հազար խոշոր ընկերությունները վճարում են հարկեր– տուրքերի 65 տոկոսը, ապա դա նշանակում է, որ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն 65 տոկոսը հենց նույն այդ ընկերություններն են տնօրինում, փողը նրանց ձեռքում է։ Այս փաստը ցույց է տալիս, թե որքանով է կենտրոնացված, կամ նույն է թե՝ մենաշնորհված Հայաստանի տնտեսությունը։ Եւ հենց կենտրոնացվածությունն է պատճառը, որ տարիներ շարունակ Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված տնտեսվարողների ցանկը տարիներ շարունակ գրեթե չի փոխվում։ Եթե այդ ցանկում որեւէ անուն փոխվում էլ է, ապա դա ձեւական բնույթ է կրում, որովհետեւ եթե ուսումնասիրենք, կհամոզվենք, որ այդ «նորեկի» սեփականատերը նույն օլիգարխ-պաշտոնյան է, որին պատկանել է «նախկին» խոշոր հարկատու հանդիսացած ընկերությունը։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում