Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե վերջերս Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարի օրերին Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը լողավազանում խեղդվելիս է եղել եւ նրան փրկել է ադրբեջանցի մի մարզիկ եւ որ Դավիթ Աթանեսյանն իբր դրա համար նրանից շնորհակալ չէ:
Aravot.am-ը Դավիթ Աթանեսյանին խնդրեց մեկնաբանել թե տեղի ունեցածը, թե տարածվող լուրերի իսկությունը: «Մենք Կիպրոսում մասնակցում էինք Եվրոպայի առաջնությանը: Մարզումից հետո ես տաք մարմնով մտա լողավազան, որի ջուրը սառն էր եւ սրտի կանգ ունեցա: Ինձ փրկել ու ջրից հանել են Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը, ադրբեջանցի մարզիկը եւ իմ աշակերտներից մեկը: Անմիջապես տեղափոխվել եմ հիվանդանոց եւ ապաքինվել: Ես երախտամոռ չեմ եւ արդեն իմ խորին շնորհակալությունը հայտնել եմ ինձ փրկողներին, այդ թվում նաեւ ադրբեջանցի մարզիկին եւ ասել, որ ամբողջ կյանքում երախտապարտ եմ լինելու նրանց: Դրանից ավելի ի՞նչ պետք է անեի: Մենք մարզիկ ենք եւ քաղաքականությանը չենք խառնվում: Հասկանում եմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները միջադեպը պետք է օգտագործեին այլ, իրենց ձեռնտու նպատակներով: Բայց ցավ եմ ապրում, որ հայկական լրատվամիջոցները առանց իրականությունը պարզելու փորձի այդքան հեշտությամբ տրվում են նրանց սեւ PR-ին՝ ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին՝ ստեղծելով անշնորհակալ հայերի մտացածին կերպար», – ասաց Դավիթ Աթանեսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ