Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կուսակցական արձաններ» չկան

Հոկտեմբեր 30,2015 10:23

Վերջերս շփվում էի արվեստի մի գործչի հետ: Այդ մարդուն ստեղծագործական եւ մարդկային առումով համակրում եմ: Բայց երբ նա սկսեց հիացական տոնով խոսել իր սեփական գործերի մասին, մեջս կասկածներ առաջացան այդ արվեստագետի մտավոր ունակությունների վերաբերյալ: Ինձ թվում է՝ ոչ մի խելացի մարդ չի ասի իր մասին՝ «ես նշանավոր անձնավորություն եմ», «ես ազգային գործիչ եմ», «իմ գրածը գլուխգործոց է»: Սեփական անձին առանց հումորի վերաբերվելը ես ընկալում եմ որպես ինտելեկտի պակաս: Նման արվեստագետները հիշեցնում են ինձ այն քաղաքական գործիչներին, որոնք իրենց մասին խոսում են երրորդ դեմքով՝ մոտավորապես հետեւյալ ձեւակերպումներով. «Գվիդոն Մեծարյանը (փոխանակ ասի՝ «ես»-Ա. Ա.) այն ազգային գործիչներից է, որին ժողովուրդը լավ գիտի եւ պիտի երախտապարտ լինի նրա (չի ասում՝ «իմ»-Ա. Ա.) բազում ազգանպաստ ծառայությունների համար»: Երբ մարդիկ իրենց պատկերացնում են որպես մի կենդանի արձան, որի մասին պետք է խոսել գրեթե մահախոսականի ոճով, նրանք չեն ենթադրում, որ կողքից այդ մոտեցումը բավականին զավեշտալի է դիտվում:

Կուսակցություններն, իմ կարծիքով, նույնպես արձան չեն: Երեկ իմ բարեկամ Աղվան Վարդանյանը, որքան հասկացա, կարծիք հայտնեց, որ ինչ-որ մեկը պետք է իր կուսակցության՝ Դաշնակցության հետ վարվի այնպես, ինչպես 19-րդ դարի նահապետական ընտանիքի հնազանդ հարսը ահարկու սկեսուրի հետ (ոտքերը լվա եւ ջուրը խմի): Ամենայն հարգանքով կարծում եմ, որ աշխարհի երեսին չկա, չի եղել եւ չի լինի այնպիսի կուսակցություն, այնպիսի կառավարություն, այնպիսի նախագահ կամ այնպիսի թագավոր, որի ոտքերի ջուրն արժե խմել: Դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ դաշնակցականները լավ բաներ չեն արել, եւ մասնավորապես՝ որ մենք երախտապարտ չպիտի լինենք Առաջին հանրապետության կերտողներին: Ավելին՝ հաջորդ «իշխողները»՝ կոմունիստները, իսկ այնուհետեւ ՀՀՇ-ականները, ակնհայտորեն փորձել են (փորձում են) նսեմացնել 1918-20 թվականների դաշնակցական կառավարության արածները: Բայց դրանք իդեալականացնել, դարձնել այդ կառավարությունը անձեռնմխելի արձան կամ սրբազան կով, նույնպես, ինձ թվում է, սխալ է:

Ամբողջ ցավն այն է, որ կոմունիստներն ու ՀՀՇ-ականները ճիշտ նույն բանը մտածում են իրենց կառավարությունների մասին, եթե նույնիսկ նման ծայրահեղական արտահայտություններ իրենց թույլ չեն տալիս: Դարձյալ պետք է մշտապես շնորհակալ լինենք նրանց արածների համար, բայց եթե այդ կուսակցությունների վերնախավին հարցնենք, ապա իրենց կատարած ամեն մի քայլ այնպիսի մի քաղաքական «գլուխգործոց է», որը ծափահարություններից բացի՝ ոչ մի այլ բանի արժանի չէ: Ճիշտ նույն կարծիքի են իրենց մասին ներկա իշխանությունները: Նույնը կլինի վաղը եւ մյուս օրը: Իսկ «երեկվանները» միշտ կասեն՝ «այ, եթե մենք լինեինք, երկիրը կծաղկեր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդարեւ, ճիշդ էք, « «կուսակցական արձաններ» չկան »:

    Լաւագոյն պարագային, կարող է լինեն յուշարձաններ:

    (Անոնց համար որոնք կ’ուզեն ապրիլ միայն անցեալում: )

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031