Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինն արձագանքեց Հովիկ Աբրահամյանին

Հոկտեմբեր 30,2015 17:00

ՀՀ ԿԲ-ն պիտի ռուբլի պահուստավորի, կառավարությունն էլ
ԵՏՄ շուկա ապրանք արտահանողների շահերը պաշտպանի

«Դա մեծ նշանակություն կունենա այն երկրների համար, որոնք ՌԴ-ից ներկրում են վառելիք, այդ թվում՝ առաջին հերթին Հայաստանի, քանի որ սահմանին սակագնի գանձման եւ դոլար-ռուբլի փոխարժեքի տատանումների հետ կապված խնդիրներ էլ չենք ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանձնարարականը: Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղի է ունեցել վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության եւ էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ադապտացիան նոր տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ մի շարք ներդրումային նախագծերի հեռանկարներն ու ոլորտում սարքավորումների ներմուծումից կախվածության նվազեցմանն առնչվող հարցեր: Պուտինն անթույլատրելի է համարել «օտարերկրյա արժույթի օգտագործումը» ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում ու հանձնարարել է վերջ տալ նման պրակտիկային: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-8-ը բելառուսական Գռոդնո քաղաքում տեղի ունեցած ԵՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկությամբ` ԵՏՄ երկրներում ազգային արժույթներով փոխհաշվարկների իրականացման եւ ռազմավարական ապրանքների առեւտրում ռուբլու անցման վերաբերյալ: Խոսքը ոչ թե ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցման մասին է, այլ ընդամենը միջպետական առեւտրային գործարքներում ռուբլով գործարքներ կատարելու, մասնավորաբար ռազմավարական նշանակության ապրանքների` գազ, նավթ, այլ էներգակիրներ: Ըստ որոշ հաշվարկների՝ էներգակիրների՝ ռուբլով առեւտրի արդյունքում Հայաստանը տարեկան մեկ միլիարդ դոլար կարող է տնտեսել: Ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը սեփական հաշվարկն էլ ունի. «Եթե նկատի ունենանք, որ Հայաստանը տարեկան միայն 1,7 միլիարդ մետր խորանարդ գազ է ներկրում, միայն գազի մասով` սահմանին գազի մեկ մետր խորանարդը 65 դոլար է, մինչեւ վերջին ինֆլյացիան, ռուսական ռուբլին 82 տոկոսով արժեզրկվել էր, եթե անգամ 40 տոկոսով հաշվենք, ապա էֆեկտն ակնհայտ է: Բայց Հայաստանը տարեկան 650-700 միլիոն դոլարի գազ եւ նավթամթերքներ է ներկրում: Տարրական մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ ահռելի շահելու ենք»:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Սարգիս Մանուկյանի կարծիքով էլ՝ Ռուսաստանից ներմուծվող ռազմավարական ապրանքների դիմաց ռուբլով վճարելու առաջարկը շահավետ է, թեեւ հայաստանյան արտահանող ընկերությունների համար ռուսական ռուբլով փոխհաշվարկների անցումը ունի զգալի ռիսկեր. «Իհարկե դժվար է հավատալ, որ Ռուսաստանին ձեռք կտա իր արտահանվող էներգակիրների համար հրաժարվել հսկայական ծավալի արտարժույթից»: Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, Պուտինի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այս գործընթացը թեեւ դժվար, բայց իրականանալի է. «Հայաստանը պետք է արագացնի Ռուսաստանի հետ փոխադարձ հաշվարկների անցումը ռուբլով եւ ոչ միայն էներգակիրների՝ բնական գազի, նավթամթերքների, հարստացված ուրանի, այլ նաեւ հացահատիկի, ալյումինի հումքի, ադամանդի եւ այլ ներմուծվող պատրաստի ապրանքների եւ հումքային արտադրանքների համար: Խոսքը վերաբերում է մոտ 1 մլրդ դոլար արտարժույթի մասին, եւ որի մնալը Հայաստանում բխում է մեր շահերից: Ռուսաստանի հետ գործարքներում եւ պայմանագրերում էներգահումքային եւ այլ ռազմավարական նշանակության ապրանքների գները պետք է հաստատվեն ռուբլով, այն էլ Ռուսաստանի ներքին գներին համապատասխան, եւ վճարումները կատարվեն ռուբլով: Միաժամանակ ՀՀ կառավարությունը պետք է հաշվի առնի նաեւ դեպի ԵՏՄ շուկա ապրանք արտահանող հայկական ընկերությունների շահերը, որպեսզի ռուբլով փոխհաշվարկների արդյունքում այդ ընկերությունների ռիսկերը եւ վնասները չեզոքացվեն»:

Գործընթացը Հայաստանի համար բացառիկ դրական են գնահատում նաեւ ՀՀ նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը: Խոսրով Հարությունյանն այս առիթով «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, արձագանքել է Հովիկ Աբրահամյանի առաջարկին: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՌԴ-Չինաստան, ՌԴ-Հնդկաստան փոխհարաբերություններում վաղուց այդ խոսակցությունը գնում էր` էներգակիրների համար արժույթ սահմանել սեփական դրամը, ոչ թե դոլարը: «Դա բոլորին է ձեռնտու, այդ թվում նաեւ Ռուսաստանին»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Հրանտ Բագրատյանն էլ վերահաստատում է իր կարծիքը. «Հայաստան լիքը ռուբլի ունենք, լիքը տրանսֆերտներ ռուբլով են գալիս: Կոնկրետ Հայաստանին դա օգուտ է»: Միաժամանակ, Հրանտ Բագրատյանը վերապահում ունի. «ՀՀ Կենտրոնական բանկը պիտի պահուստավորի ռուբլին, պահուստում պիտի ռուբլի ունենա, այլապես զրո արդյունք կստացվի»:

Էներգակիրների՝ ռուբլով առեւտուրը հնարավո՞ր է ներքին շուկայում վառելիքի գնի էժանացման էլ հանգեցնի՝ մեր հարցին Միքայել Մելքումյանն ասաց, որ առայժմ չի կարող ասել, քանի որ դրամի արժեզրկման հետ համադրումներ պետք է անել. «Հարկային քաղաքականության հետ փոխհաշվարկված բաներ կան, բայց որ աճը կկանխի` ակնհայտ է եւ կարեւոր»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031