Լրահոս
Օրվա լրահոսը

Պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիքը Հայաստանում ակնհայտ է

Հոկտեմբեր 30,2015 16:00

Մեր երկրում օրական շուրջ 3000 հիվանդ ունի ամոքիչ խնամքի կարիք

Հաշվի առնելով, որ հանրային առողջապահության նպատակն է պաշտպանել եւ բարելավել առողջության եւ կյանքի մակարդակը՝ նոր գիտելիքները եւ հմտությունները վերածելով ապացույցների վրա հիմնված, տնտեսապես շահավետ ծրագրերի, որոնք բնակչության շրջանում հասանելի կլինեն դրանց կարիքն ունեցող բոլոր անձանց, ներկայումս որպես կյանքի տեւողությունը կրճատող անբուժելի քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդներին օգնություն ցուցաբերելու առավել արդյունավետ տարբերակ դիտարկվում է առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ներդրումը:

Պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը հանդիսանում է առողջապահական համակարգի գործունեության նոր ուղղություն: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Ըստ նրա՝ 21-րդ դարի սկզբին ուռուցքային եւ ոչ վարակիչ մի շարք այլ հիվանդություններով հիվանդացության խիստ անբարենպաստ միտումները գլոբալ ծերացման աճի պայմաններում նպաստում են պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող անբուժելի հիվանդների թվաքանակի կտրուկ աճին:

Նշենք, որ բժշկական օգնության եւ սպասարկման այս տեսակն ուղղված է անբուժելի, արագ զարգացող եւ հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծմանը, ցավի եւ մյուս բացասական ախտանիշների մեղմացմանն ու կառավարմանը, ինչպես նաեւ հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցության ցուցաբերմանը, որը տիկին Վարդանյանի խոսքերով՝ կյանքի վերջնական փուլում ապահովում է հնարավոր լավագույն որակ, որն ուղղված չէ մահվան գալու ո՛չ կրճատմանը եւ ո՛չ երկարացմանը: Ըստ մեր զրուցակցի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն անհրաժեշտ են հիվանդության վերջնական փուլում գտնվող բոլոր հիվանդներին, այդ իսկ պատճառով էլ խիստ կարեւորում է բժշկական օգնության եւ սպասարկման այս տեսակի ներդրումն առողջապահական համակարգերի տարբեր մակարդակներում:
Մեր երկրում էլ պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը ներդնելու համար, Ծ. Վարդանյանի ներկայացմամբ, 2011թ. ապրիլից ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ գլխավորությամբ «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի կողմից սկսվել է պալիատիվ խնամքի պիլոտային ծրագիր: Այս պիլոտային ծրագրի հիման վրա էլ մշակվել է պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը, որը կներկայացվի կառավարության հաստատմանը: Նշենք նաեւ, որ Բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում կատարվել է փոփոխություն. բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների մեջ ներառվել է նաեւ պալիատիվ բժշկական օգնությունը:

Պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը հատկապես կարեւոր են քաղցկեղով եւ ՁԻԱՀ-ով հիվանդների համար: Մեր զրուցակցի ներկայացրած տվյալների համաձայն՝ 10 միլիոն կյանքում առաջին անգամ ախտորոշված քաղցկեղով հիվանդների 2/3-ը՝ 7 միլիոն մարդ, մահանում են իրենց ախտորոշման տարվա ընթացքում՝ զուրկ մնալով բուժումից, քաղցկեղով ապրող մարդկանց 80%-ի մոտ առկա է սաստիկ ցավը: Ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, որոնցից 3,3 միլիոնը մինչեւ 15 տարեկան են: Ըստ նրա՝ պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունը հրատապ է դառնում՝ կապված ներկայումս աշխարհի ծերացող բնակչության եւ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճի հետ. մասնավորապես՝ մինչեւ 2025 թվականը 1,200 միլիոն մարդ կունեան 60 կամ ավելի բարձր տարիք, մինչեւ 2050 թվականը նրանց թվաքանակը կաճի մինչեւ 2,000 միլիոն, 2050 թվականին քաղցկեղի տարեկան նոր դեպքերը ավելի քան կկրկնապատկվեն՝ կազմելով 24 միլիոն:

«Եթե կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը ցածր լինի, ապա ՁԻԱՀ-ից տարեկան մահացությունը կաճի 2016 թվականին մինչեւ հինգ միլիոն եւ 2030 թվականին՝ յոթ միլիոն: Ամբողջ աշխարհում բազմաթիվ հիվանդներ ուշացած են դիմում բժշկական կազմակերպություններին, ինչը հաճախ նպաստում է հիվանդությունների բարդությունների առաջացմանն ու անցանկալի հետեւանքների եւ մարդկային տառապանքների աճին: Այս հիվանդների համար պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիության ապահովումը հնարավորություն կընձեռի ստանալ որոշակի դրական արդյունքներ հիվանդության վերջին փուլում: Զարգացած երկրներում, նույնիսկ երբ հիվանդը ժամանակին է դիմում առողջապահական համակարգ, եւ նրա հիվանդությունը բուժելի է համարվում, պալիատիվ բժշկական օգնության ու սպասարկման տրամադրումը հնարավորություն է տալիս բարելավել նրա կյանքի որակը»,- ասում է տիկին Վարդանյանը: Նրա խոսքերով՝ մի շարք հետազոտություններ ապացուցել են պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը. «Պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը նպաստում են հիվանդի եւ նրա ընտանիքի կարիքների ու պահանջների ինչ-որ չափով բավարարմանը` մեղմացնելով վերջիններիս տառապանքները` արդյունքում հնարավորինս լավացնելով հիվանդի եւ ընտանիքի անդամների կյանքի որակը»:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում կյանքի սպասվող միջին տեւողությունը աճել է մինչեւ 73,8% (2006՝ 72,68), տղամարդկանց համար այն կազմել է 70,4%., իսկ կանանց համար՝ 76,9%:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղից մահացության միտումները խիստ անբարենպաստ են: Այսպես. եթե 100.000 բնակչի հաշվով քաղցկեղով հիվանդների մահացության ցուցանիշը 2000թ.-ին եղել է 153 պրոմիլե, 2005թ.-ին՝ 171 պրոմիլե, ապա 2012թ.-ին այն բարձրացել է՝ հասնելով մինչեւ 187 պրոմիլե մակարդակի, որը 2005թ.-ի ելակետային մակարդակի նկատմամբ բարձր է 1,2 անգամ: Տիկին Վարդանյանի ներկայացմամբ՝ կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված ձեւերն են աղեստամոքսային օրգանների քաղցկեղը (34.5%), կրծքի քաղցկեղը (25%) եւ վերարտադրողական օրգանների քաղցկեղը (15%): Տղամարդկանց շրջանում, 2008 թվականի տվյալներով, քաղցկեղի ամենատարածված ձեւերն են եղել թոքերի, բրոնխների քաղցկեղը (33.8%), աղեստամոքսային օրգանների քաղցկեղը (32.4%) եւ շագանակագեղձի քաղցկեղը (7.1%):

Ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալների՝ 1988թ.-ից մինչեւ 2015թ.-ի օգոստոսի 31-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2148 դեպք, որոնցից 334-ը՝ 2014թ.-ի ընթացքում, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1483 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 665 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 40 դեպք (1,9%) արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 53%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվաքանակը, 2015թ.-ի տվյալներով, կազմում է 3800:
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է նաեւ տուբերկուլյոզով հիվանդացության աճ՝ հատկապես հատուկ ռիսկի խմբերում: Վերջին 10 տարիներին տուբերկուլյոզով հիվանդացությունն աճել է 2,8 անգամ: Նկատվում է ընտանեկան տուբերկուլյոզի դեպքերի եւ կոնտակտավոր անձանց շրջանում հիվանդացության աճ:
Ծ. Վարդանյանը, հղում անելով վիճակագրական վերլուծության տվյալներին, փաստում է, որ պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիքը Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է, եւ օրական շուրջ 3000 հիվանդ ունի ամոքիչ խնամքի կարիք, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման միջոցառումների ներդրման հրատապ անհրաժեշտության մասին. «Ուսումնասիրվել է պալիատիվ բժշկական ներդրման միջազգային փորձը, ներկայացվել են նաեւ այն հիմնական բացերը, որոնց լուծման դեպքում հանրապետությունում հնարավոր կլինի ներդնել պալիատիվ բժշկական օգնություն եւ սպասարկում: Պետության առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը գնահատելու եւ ներդնելու նպատակով հանրապետությունում վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել է ուսումնասիրություն եւ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ ու համաժողովներ: Մասնավորապես, Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2011թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2014թ. ապրիլի 30-ը իրականացվել են պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման աշխատանքներ հանրապետության չորս փորձարարական տեղամասերում, որից 2-ը տեղակայվել են Երեւանում՝ ԱՆ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ սպասարկվել են հիմնականում օնկոլոգիական հիվանդներ, մյուսը՝ Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ սպասարկվել են ոչ միայն օնկոլոգիական հիվանդներ: Փորձարարական մյուս երկու տեղամասերը տեղակայվել են հանրապետության մարզերում՝ «Արարատի բժշկական կենտրոնում» եւ «Վանաձորի Լ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոց» ՓԲԸ-ում»:

Պարզվել է, որ պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող ամենահավանական խոցելի խումբը 50-80 տարիքային խումբն է:
Փորձարարական ծրագրի արդյունքների վերլուծության հիման վրա առաջիկա տարիներին կիրականացվի հիանդանոցային եւ արտահիվանդանոցային օղակներում պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման մեխանիզմների ձեւավորում եւ ներդրում:

Նշենք նաեւ, որ ՀՀ նախագահի 2012թ.-ի սեպտեմբերի 12-ի ՀՆԱ-5 հանձնարարականի համաձայն՝ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում ծավալվել է պալիատիվ բուժօգնության 10 մահճակալանոց բաժանմունք:

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031