Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործով բողոքի քննությունն այլեւս հանրային թեմա չէ՞

Հոկտեմբեր 30,2015 15:00

«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող, տարադրամի փոխանակման եւ բուքմեյքերական գործունեությամբ զբաղվող Արթուր Անդրեասյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` երկու հարյուր միլիոն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ։

Դատավճռով Արթուր Անդրեասյանից հօգուտ տուժող Էդվարդ Ներսիսյանի պետք է բռնագանձվի 48.198.210 ՀՀ դրամ, իսկ հօգուտ Գեւորգ Թադեւոսյանի՝ 13.530.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցում։
Տուժողներ Արտակ եւ Վեներա Գալստյանների՝ ընդդեմ Արթուր Անդրեասյանի՝ 52.458.000 ՀՀ դրամի բռնագանձման եւ գրավի ու սեփականության իրավունքների վերականգնման պահանջների մասին հայցը թողնվել է առանց քննության։ Ամբաստանյալ Ա. Անդրեասյանի գույքի վրա դրված կալանքը թողնվեց անփոփոխ եւ դատարանը մերժել է նաեւ Ասյա Գեւորգյանի ներկայացուցիչ Գագիկ Սոլոմոնյանի միջնորդությունը։ Վերաքննիչ բողոք բերած Արթուր Անդրեասյանի, նրա պաշտպան Մնացական Սարգսյանի բողոքների քննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին: Տեղեկացնենք, որ առաջին ատյանի դատարանում մի շարք ապացույցներ չհաստատվեցին, հետեւաբար, որոշ դրվագներով Անդրեասյանն արդարացվեց:

Մասնավորապես, բացակայում էր խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալու հանցակազմը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր, որ ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, թե ինչ հանցավոր վարքագիծ է դրսեւորել ամբաստանյալը, որով ներգործել է այլ տուժողներից Ա. Քոչինյանի եւ Թ. Քամալյանի գիտակցության եւ կամքի վրա, որի արդյունքում վերջիններս, ընկնելով մոլորության մեջ, անձամբ գույք են հանձնել ամբաստանյալին. «Կամ ինչ ճշմարիտ փաստեր է նա դիտավորյալ խեղաթյուրել, կամ լռել ճշմարտության մասին, չնայած պարտավոր էր Ա. Քոչինյանին եւ Թ. Քամալյանին իրազեկել այնպիսի հանգամանքների մասին, որոնց իմացության արդյունքում նրանք մոլորության մեջ չէին ընկնի։ Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ նշված դրվագներով ամբաստանյալի կողմից այնպիսի արարքների կատարում, որոնք կգնահատվեին որպես խարդախություն»։ Դատարանը հիմնավորված չի համարել նաեւ այն, որ մինչեւ Ա. Քոչինյանի եւ Թ. Քամալյանի գույքը՝ գումարները, վերցնելը կամ դրանց տիրանալն Անդրեասյանը դրսեւորել է «գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն եւ ունեցել է այն հափշտակելու նպատակ, ինչի բացակայության դեպքում խարդախությունը բացակայում է»։ Այս դրվագի հետ կապված՝ Ա. Անդրեասյանը ցուցմունք էր տվել, թե 2012թ. նոյեմբերին տարադրամի փոխանակմամբ զբաղվող Ա. Քոչինյանից եւ Թ. Քամալյանից պարտքով՝ առանց տոկոսի, համապատասխանաբար վերցրել է 19 մլն եւ 11 մլն ՀՀ դրամ ու խոստացել է, որ երբ գործերը լավանան, ինքն էլ իր հերթին կօգնի նրանց։

Հետագայում նա նշված անձանց հետ կնքել է փոխառության պայմանագրեր։ Ա. Քոչինյանը եւ Թ. Քամալյանը ցուցմունքներ էին տվել, որ ամբաստանյալը, ում ճանաչել են վաղուց, հաճախ օգնել են միմյանց՝ պարտքով փողեր տալով եւ վերցնելով: Դատաքննութամբ չհիմնավորվեց այն, որ ամբաստանյալը հափշտակությունները կատարել է օգտվելով իր մտերիմներ՝ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներ Ներսիկ Նազարյանի եւ Կարեն Բաբակեխյանի հովանավորությունից, եւ որ նրանց պարտք է եղել խոշոր գումարներ, որոնց համար վճարել է խոշոր տոկոսագումարներ։ Չնայած տուժող Արտյոմ Շախպազյանի ցուցմունքների համաձայն՝ 2006թ.-ին ինքը հիմնել է «Արդատեկ» ՍՊ ընկերությունը եւ Երեւանի Բաղրամյան պողոտայի N 60/44 եւ 60/48 վարձակալած հասցեներում զբաղվել կարի մեքենաների վաճառքով։ 2008թ.-ից ճանաչել է Արթուր Անդրեասյանին: Արթուր Անդրեասյանը նրան պատմել է, որ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է Երեւանի այդ ժամանակվա ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ համատեղ, նրա հետ էլ գտնվում է ջերմ հարաբերությունների մեջ. «Հանդիպումներից մեկի ընթացքում Արթուր Անդրեասյանը, իմանալով, որ իր ձեռքին 60.000 ԱՄՆ դոլար գումար կա, առաջարկել է այն ներդնել տարադրամի փոխանակման կետի շրջանառության մեջ։ Խոստացել է ստացված եկամուտից ամսական իրեն վճարել 1.500 ԱՄՆ դոլար։ Առաջարկությունը գայթակղել է իրեն, վստահել է Արթուրին, չի կասկածել նույնիսկ, որ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ։ Պայմանավորվել են, որ իր խնայողությունները պարբերաբար կփոխանցի նրան, նա այդ գումարները կդնի բիզնեսի մեջ, ստացված եկամուտները կհաշվարկի, սակայն կվճարի, երբ ինքը պահանջի։ Հենց այդ ժամանակ էլ Արթուրն իրեն պատմել է, որ աշխատեցնում է «Մոսկվիչկա» խանութներում գտնվող տարադրամի փոխանակման կետերը, ինչն էլ ավելի վստահություն է առաջացրել իր մոտ»։

Բողոքաբեր կողմը համաձայն չէ պատժաչափի հետ, քանի որ, ըստ նրանց, մի շարք ապացույցներ դատաքննությամբ հօդս ցնդեցին:

Չհաստատվեց, որ «ամբաստանյալը համակարգել է «Մոսկվիչկա» խանութների արտարժույթի առուվաճառքի գրասենյակների աշխատանքներն ու ստացել եկամուտներ» մեղադրանքը, եւ «վարկեր ստանալիս ամբաստանյալը տուժող Ներսիսյանի առաջարկով է ներկայացրել վերը նշված գրասենյակների հաշվետվությունները (ֆիսկալները)»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031