Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք դրսից

Հոկտեմբեր 30,2015 14:30

Ինչպես բիզնեսի ոլորտում ցանկացած ներդրում նպատակ ունի ֆինանսական հաջողության հասնելու, այնպես էլ առօրյա կյանքում ցանկացած մարդ, ծախսելով իր ժամանակը, իր լուման է ներդնում իր ընտանիքի, աշխատանքային գործունեության, եւ վերջապես՝ հայրենիքի կառուցման  գործում: Ինչպես բիզնեսում ունես սահմանափակ միջոցներ եւ դրանք ծախսելու հետ կապված ռիսկեր, այնպես էլ կյանքում քո ծախսած ժամանակը սահմանափակ է եւ կարող է բերել անհաջողությունների:

Ինչպես բիզնեսում որոշ նախագծեր կարեւորում եւ նախընտրում ես  մյուս տարբերակներից, ելնելով ֆինանսական, բարոյական, մշակութային նկրտումներից, հենվելով սեփական արժեհամակարգի վրա, այնպես էլ առօրյա կյանքում որոշում ես, թե ինչի վրա ծախսել քո սահմանափակ ժամանակը՝ անձնական, ընտանեկան, թե պետական կյանքի կառուցման եւ բարելավման: Սակայն այստեղ հիմնական զուգահեռները վերջանում են, երբ սկսվում են տարբերությունները: Իրարամերժ բիզնես նախագծերից մեկն ընտրելիս նախապատվությունը տրվում է միջոցների ամենաարդյունավետ ներդրմանը,  մինչդեռ,  երբ բախվում են անձնական, ընտանեկան, խմբակային կամ պետական շահերը, որպես նախագծեր հասցված վնասը դառնում է անխուսափելի, կախված նրանից, թե որ նախագիծն է զոհաբերվում: Վնասը նույնպես կրում է անձնական, ընտանեկան կամ պետական բնույթ: Օրինակ, անձնվեր պետական գործիչը տեսականորեն, պետական շահերից ելնելով, կարող է զոհողությունների գնալ անձնական կամ ընտանեկան կյանքում, սոցիալապես անապահով ընտանիքի հայրը կամ զավակը հանուն ընտանիքի կամ հայրենիքի կարող է անցնել պայմանագրային զինվորական ծառայության սահմանի վրա, վտանգելով իր կյանքը, իսկ ոչ հայրենասեր պետական այրը կարող է զոհաբերել իր համաքաղաքացիների, ժողովրդի եւ պետության շահերը, հետամուտ լինելով անձնական կամ խմբակային շահերին:

Մյուս կարեւոր առանձնահատուկ տարբերությունն այն է, որ բիզնեսում դրամային կորուստները հնարավոր է վերականգնել: Մինչդեռ ժամանակի ձեւով վատնած ներդրումները  հնարավոր չէ հետբերել, հետեւաբար, ժամանակն անգին է, եւ յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում մեր ժամանակի ներդրման հետ կապված որոշումների համար: Վերջին հաշվով մենք արժանանում ենք այն ապրելակերպին, ընտանիքին, պետությանը, որի կառուցման գործում ունեցել ենք մեր լուման, մեր ներդրումը: Քառորդ դար առաջ ծանրագույն իրավիճակի մեջ գտնվելով եւ համազգային շարժում ձեւավորելով, մենք որպես ժողովուրդ մեր ներդրումն ունեցանք դարավոր մեր գերխնդիրներից թերեւս  ամենակարեւորներից մեկի՝ պետականության եւ ինքնիշխանության վերականգնման, ինչպես նաեւ Արցախի ազատագրման գործում:

Այժմ մեր առջեւ ծառանում է մեկ այլ գերխնդիր. համատարած շահերի բախում անձնական մակարդակի վրա կամ կոռուպցիա լայն իմաստով: Անձնական, ընտանեկան եւ պետական շահերը համատեղ պաշտպանելու փորձի եւ մշակույթի բացակայության պայմաններում, այդ շահերի շարունակական բախման արդյունքում մենք որպես ժողովուրդ կորցրել ենք առողջ, ամուր եւ զարգացած երիտասարդ պետություն ստեղծելու բազմաթիվ հնարավորություններ: Մի երեւույթ, որը ծանր հիվանդության պես խլում է մեր պետության կյանքը, խարխլում բազմահազարավոր մեր քաղաքացիների բարի կամքը, հույսը, հավատը՝ կապելու իրենց ընտանիքների ապագան հայրենիքի հետ, ստիպելով նրանց լքել հայրենի օջախները, եւ բախտ, հաջողություն փնտրել օտար երկրներում: Իմ խորին համոզմամբ, հենց այդ համակարգային, չարորակ բնույթ կրող շահերի բախումն է, որ առավելագույնս խոչընդոտում է մեր երկրում պետականության կառուցմանը, ստեղծելով, ըստ էության, ամենամեծ եւ միակ սպառնալիքը մեր երկրի համար՝ թե՛ զարգացման,թե՛ անվտանգության տեսակետից, որի վնասազերծման բանալին մեր ժողովրդի ձեռքերում է:

Առավել կարեւոր է ազգովի պայքար եւ լուծում տալ այս գերխնդրին ներկա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում, որոնք մեծամեծ վտանգներ, բայց եւ պատմական հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար՝ առաջիկա ամիսների, տարիների ընթացքում: Չհամախմբվելով այս գերխնդրի շուրջ, որի առկայությունն ընդունում են բոլորը եւ փոխարենը տարբեր ռազմավարություններով եւ մարտավարություններով, տարբեր խմբերի, նախաձեռնությունների, կուսակցությունների եւ խմբակցությունների միջոցով պայքարելով իրական փոփոխություններ չենթադրող հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունները, կամ հնչեղ դատական գործերը, մենք հերթական անգամ վատնում ենք մեր ժամանակը՝ հետեւանքների դեմ պայքարի վրա, թողնելով այդ հետեւանքները հարուցող հիմնախնդիրները չլուծված:

Շատ կարեւոր է նաեւ գիտակցել, որ լայն իմաստով կոռուպցիա կոչվող գերխնդրի լուծումը, որպես մեր հանրապետության ներուժի բացահայտման եւ բազմապատկման գրավական, չի պատկանում մեր ժողովրդի եւ ոչ մի առանձին հատվածի՝ իշխանամետ, ընդդիմադիր, քաղաքացիական, մասնագիտական եւ այլն: Այն ընդհանուր է բոլորի համար, եւ լուծումը պետք է տալ նույնպես, միայն համատեղ ջանքերով: Ջրբաժանն անցնում է միայն մեր հայրենակիցների միջեւ, որոնք կապում են իրենց հաջորդ սերնդի, մտերիմների, համախոհների ապագան մեր հայրենիքի հետ, եւ նրանց, ովքեր ընդհակառակը՝ չեն կապում իրենց անձնական եւ ընտանեկան շահերը մեր հայրենիքի, պետության շահերի հետ: Համախմբելով առաջիններին, հնարավոր կլինի բացահայտել եւ օգտագործել մեր հանրության եւ պետության ներուժը, որը իր հերթին հետեւողական քայլերի շնորհիվ հնարավորություն կտա ձգողության ուժ ստեղծել ժողովրդի մյուս զանգվածների համար:

 

 

ԼԵՎՈՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ

Բիզնես խորհրդատու, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031