Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մաս-ռեսթլերներն աշխարհին լուրջ հայտ են ներկայացնում

Հոկտեմբեր 30,2015 13:00

ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում միաժամանակ անցկացված մաս-ռեսթլինգի Եվրոպայի բաց առաջնությունում եւ աշխարհի գավաթի 2-րդ փուլում Հայաստանը ներկայացված էր 36 մարզիկով, որոնցից հաջող հանդես եկան 12-ը՝ նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ:

Պատվանդանի հաղթողի աստիճանին բարձրացավ 70 կգ քաշային Կարեն Մարտիրոսյանը: Եթե մեր տղաներն առաջին անգամ չէ, որ պաշտոնական առաջնություններում մրցանակային տեղեր են զբաղեցնում, արդեն աղջիկներն էլ սկսում են չզիջել նրանց: Երեւանում նրանք նվաճեցին երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ:
«Առավոտը» եզրափակիչ մենամարտերից առաջ զրուցեց Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի հետ:

– Մրցումներն ավարտվում են: Արդեն կարո՞ղ եք ամփոփել:

– Կազմակերպական առումով ամեն բան անցավ շատ լավ եւ դա վկայում են թե Հայաստան ժամանած միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, այնպես էլ իրենք՝ մասնակիցները, մրցավարներն ու հյուրերը:

Մարզական առումով Հայաստանի ռեսթլերներն իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով եւ քիչ հետո պայքարելու են տղամարդկանց եւ կանանց առաջնությունների ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների համար: Բայց, անկեղծ ասած, կիսաեզրափակիչներում ու եզրափակիչներում ակնկալում էինք մեր ավելի շատ մարզիկ-մարզուհիների տեսնել:

– Նախնական հայտերով պայքարի մեջ պետք է ներգրավվեին 20 երկրների 200 մաս-ռեսթլերներ: Սակայն բոլորը չէ, որ ժամանել են: Գիտե՞ք պատճառը:

– Այո, երեւանյան մրցաշարին մասնակցեցին ութ երկրների շուրջ 100 ռեսթլերներ: Մենք ավելի շատ երկրներ էինք սպասում, սակայն մրցաշարերն այնքան խիտ են, որ երկրները չեն հասցնում բոլորին մասնակցել, այսպես ասած, չեն տեղավորվում դրանցում: Բայց դրանից մեր մրցաշարերի որակը չտուժեց: Օրինակ, մենք մտածում էինք, որ Ռուսաստանը՝ աշխարհում մաս-ռեսթլինգի բացարձակ առաջատարը, Երեւան կժամանի 2-րդ եւ 3-րդ համարներով, սակայն Հայաստան եկան նրանց ուժեղագույն կազմերը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններն ու մրցանակակիրները: Եվ այն, որ Հայաստանի մարզիկներն արդեն կարողանում են պայքարել նրանց դեմ, սկսել են որոշ մենամարտերում հաղթել ու նրանցից մեդալներ խլել, դա մեզ ոգեւորում է:

– Փաստորեն, Եվրոպայի բաց առաջնության եւ աշխարհի գավաթի 2-րդ փուլի արդյունքներով կազմավորվելու են Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները: Դրանք ապագայում ի՞նչ մրցումներ ունեն:

– Մոտ մեկ ամսից՝ նոյեմբերի վերջերին, Մոսկվայում կայանալու է աշխարհի գավաթի վերջին՝ երրորդ փուլը, որտեղ որոշվելու են ոչ միայն այդ փուլի, այլեւ ընդհանուր հաղթողները: Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի բարդ ու դժվար պայքար է սպասվում, քանի որ մասնակից երկրներն ու մարզիկներն անկասկած անհամեմատ շատ կլինեն: Մենք ամենայն լրջությամբ ենք նախապատրաստվելու, քանի որ Հայաստանի մաս-ռեսթլերներն արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը եւ վստահություն ձեռք բերել: Ունենք մարզիկներ, որոնք կայուն մրցելույթներ են ունենում բոլոր առաջնություններում, մեդալներ նվաճում: Սա ցույց է տալիս, որ հայ մաս-ռեսթլերները ուժեղ են: Ճիշտ է, Ռուսաստանից դեռ ուժեղ չենք, բայց մնացած բոլոր երկրներին, հաստատ, գերազանցում ենք: Ու պատահական չէր, որ աշխարհի անցած տարվա առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով 36 երկրների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: Եվ դա այն դեպքում, որ մենք մասնակցում էինք ոչ ամբողջական կազմով: Այն ժամանակ մեր հավաքականը, գուցե, ամենասակավաթիվն էր՝ ընդամենը վեց մարզիկ: Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի աշխարհի գավաթի ընդհանուր արդյունքում նույնպես մեդալներ նվաճենք:

– Այս անգամ Մոսկվա ամբողջակա՞ն կազմերով եք մեկնելու:

– Առայժմ դժվար է ասել: Հնարավորությունները իսկապես սահմանափակ են: Մեր հովանավորները դեռ «քնում են», իսկ աջակցողները հիմնականում Յակուտիայի մեր բարեկամներն ու ընկերներն են: Ի դեպ, ովքեր այսօր մեզ Հայաստանում աջակցում են, նրանց մեզ ծանոթացրել են հենց Յակուտիայի մեր բարեկամները: Ես անձամբ աշխատելու եմ անել ամեն բան, որպեսզի մեր հավաքականի բոլոր անդամները մեկնեն Մոսկվա:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031