Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցասման եւ հորդորի շեշտերով

Հոկտեմբեր 30,2015 12:30

Գրիգոր Մելիք-Սարգսյանի «Հողմապտույտ» (ՎՄՎ-Պրինտ, 2015թ.) խորհրդանշական վերտառությամբ բանաստեղծությունների եւ կատակերգությունների երգիծական ժողովածուն նախորդ գրքերում որդեգրած սկզբունքների տրամաբանական շարունակությունն է` գրողի հասարակական իդեալի` կյանքի խավարը ցրող լույսի աղբյուրի ճառագայթումներով:

«Հողմապտույտ» ժողովածուն, սակայն, առանձնաշեշտվում է թեմատիկ-գաղափարական լայն ընդգրկումներով ու ժանրային բազմազանությամբ, բովանդակային հարստությամբ, երգիծական գրականության արտահայտչական տարբեր միջոցների անբռնազբոս եւ հմուտ օգտագործմամբ: Իրավաբանի մասնագիտական հարուստ գիտելիքները եւ կյանքի փորձը, նուրբ դիտողականությունը, մարդկային ու գրողական կոչման բարձր գիտակցությունը խնդրո առարկա գրքում շաղախված են քաղաքացիական առողջ եւ հասարակության առաջընթացը երաշխավորող կենսադիրքորոշումով, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանի հաստատուն համոզմունքներով ու անթեք հավատով: Մյուս կողմից` գրողը ցասման ու դատապարտման, այրող տողերից շանթարձակող սարկաստիկ շեշտադրումներով անարգանքի սյունին է գամում աշխարհիս կեղծապատիր, չար ու եղեռնագործ ուժերին` անդրադառնալով հայոց պատմության ողբերգական ու հերոսական էջերին, Արցախյան գոյապայքարին: Հիշենք «Հողմապտույտը», «Պտտահողմերը», «Փողատերերը», «Գազանների խրախճանքը», «Քաջ Նազարները», «Իսկ դու գիտես, որ…»: Իսկ «Պապական տունս», «Հռոմի պապը», «Նարեկացի», «Հաղթական օր», «Մի լքիր հողդ» չափաբերականներում հնչեցնում է ցավի, պանծացումի ու երախտագիտության նվագներ:

Մելիք-Սարգսյանը կյանքի է կոչում հնօրյա եւ նորօրյա իրողությունների դասերը, բացահայտում հոգու խռովքն ու արդար ցասումը` երգիծանքի նետն ուղղելով պատմության եւ հանրային կյանքի բնականոն ընթացքը խաթարողների ծավալապաշտական նկրտումներ ունեցողների, ընչաքաղցությամբ տառապողների դեմ:
«Կատակերգություններ» բաժնի գործերում, երգիծանքը որպես «ճշմարտությունը ստից տարբերելու» հզոր միջոց, գրողը ասպարեզ է հանում իրականության բազմադեմ ու տարասեռ երեւույթներ` խոսքի եւ դրության կոմիզմի պատկերներով շոշափում սոցիալ-հասարակական, կենցաղային, դատաիրավական, բարոյաքաղաքական եւ այլազան մի շարք հարցեր: Այդ շնչով են գրված եւ արձակ բանաստեղծությունների ներքին հանգավորումներով են կառուցված «Գռմռոցներ գազանանոցում», «Փսփսոցներ գժանոցում», «Ոտնձգություն», «Նոյ նավապետի նավահանգիստը եւ ոսոխների հոգեհանգիստը» կատակերգությունները: Եթե առաջին երեք կատակերգություններում իշխող թեման առօրեական, մարդկային հարաբերություններին է վերաբերում, ապա «Նոյ նավապետի նավահանգիստը եւ ոսոխների հոգեհանգիստը» կատակերգության մեջ շոշափված են աստվածաշնչյան պատումի եւ պատմական դեպքերի ու դեմքերի հետ կապված դրվագներ: Վերջին կատակերգությունում արդար ցասման, դատապարտման, ոչնչացնող ծաղրի են ենթարկված Բելը, Աբդուլ-Համիդը, Հիտլերը: Այս գործերում Մելիք-Սարգսյանի երգիծանքի ներքին շերտը հասարակության առաջադիմության, հայրենի պետականության հզորացման գաղափարն է: Այսինքն` գրողի գեղագիտական իդեալը` կյանքում գեղեցիկն ու բարին, արդարն ու ազնիվը հաստատելու միտումը անուղղակիորեն արտահայտվում է կյանքի բացասական կողմերի պատկերման միջոցով: Բելինսկին գրել է. «Ամեն մի բացասում, որպեսզի այն կենդանի ու բանաստեղծական լինի, պետք է կատարվի հանուն իդեալի»:

Գրիգոր Մելիք-Սարգսյանի «Հողմապտույտ» գիրքը, արդարեւ, ծառայում է այդ նպատակին:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031