Փափուկ խաղալիքները, որոնք երեխաների լավագույն ընկերներն են, կարող են նրանց համար պոտենցիալ վտանգ հանդիսանալ:
Ըստ Stay on the Healthy Path.com-ի՝ փորձագետները զգուշացնում են, որ փափուկ խաղալիքների վրա գտնվող բակտերիաների 80%-ը կարող է թունավորում առաջացնել: Ըստ հետազոտողների անցկացրած հարցումների՝ ծնողների մեծ մասը երեխայի հիվանդանալուց հետո չի լվանում արջուկներին, որոնցով նա խաղացել է հիվանդ ժամանակ: Իսկ վատագույն դեպքում՝ խաղալիքները գնման պահից ի վեր երբեք չեն լվացվում:
Ուսումնասիրությունից հետո միկրոկենսաբանները պարզել են, որ փափուկ խաղալիքների վրա գտնվող ստաֆիլոկոկ կոչվող մանրէն իր կենսագործունեության ընթացքում թույներ եւ ֆերմենտային ակտիվ նյութեր է արտադրում, եւ այսպիսով՝ թունավորման առաջացման պատճառ դառնում: Խաղալիքների քառորդ մասը պարունակում է կալիֆորմ բակտերիաներ, որը հուշում է վնասակար օրգանիզմների առկայության մասին: Փորձագետները խորհուրդ են տալիս խաղալիքները պարբերաբար լվանալ լվացքի մեքենայով: Նրանք կազմել են մի ուղեցույց, որին հետեւելով հնարավոր է նվազեցնել երեխաների հիվանդանալու ռիսկերը.
1. Լվացեք փափուկ խաղալիքները ցածր ջերմաստիճանով եւ, իհարկե, լվացքի մեքենայով:
2. Խուսափեք խաղալիքները հագուստի հետ լվանալուց, քանի որ դա կարող է բակտերիաների տարածման պատճառ դառնալ:
3. Խաղալիքները պետք է չորանան բնական եղանակով:
4. Խաղալիքի տեսքի ու ձեւի պաշտպանության համար լվանալուց առաջ արջուկը դրեք ծակված տոպրակի մեջ կամ գոնե հանեք արջուկի հագուստը:
5. Խաղալիքի վրայից պարբերաբար սպունգով հեռացրեք կեղտաբծերը:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.10..2015