Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հոկտեմբեր 30,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վեցերորդ

ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Եթե Տաթեւիկը չասեր, ես չէի էլ իմանալու, որ Արշակյանն ու Հովհաննեսն իմ հաշվով «Գարունի» խմբագրի մոտ բարեխոսել էին, եւ չնայած էս մասին մի անգամ էլ եմ գրել, էս անգամ միանգամայն այլ առիթով եմ հիշում ու գրում, եւ ընդհանրապես՝ մարդ արարածը բարձր տրամադրության մեջ միշտ էլ հաճելի բաներ է հիշում, եւ էսօր տրամադրությունս առանձնապես է բարձր, որովհետեւ երեկ՝ 2013 թվականի հունիսի 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Դանիայի հավաքականին փառահեղորեն հաղթեց 4:0 հաշվով՝ իրենց իսկ դաշտում, եւ այսօր գրեթե բոլոր հայերի տրամադրությունն է բարձր,   եւ գրեթե եմ ասում, որովհետեւ մի քանիսին գիտեմ, որ առանձնապես չեն ուրախանում մերոնց հաջողություններից, եւ էս ասածս ընդամենը ֆուտբոլին ու մեր ֆուտբոլասերներին է վերաբերում, որովհետեւ հիշում եմ, որ նախքան «Արարատ-73»-ը մենք ֆուտբոլային բազում ու բազմազան անհաջողություններ էինք տեսել, եւ չնայած էդ տեւական ու շարունակական անհաջողությունները խորապես չէինք ընկալում ու չէինք գիտակցում, դրանք եղել էին ու կային,

ընդ որում՝ միանգամայն հիմնավոր ու տեւականորեն էին եղել, բայց մենք մեր ֆուտբոլային հիմնավոր ու շարունակական պարտությունները ոչ միայն չէինք գիտակցում, այլեւ չէինք էլ փորձում գիտակցել, որովհետեւ Հովիվյան Սաքոն արդեն կար, եւ Հովիվյան Սաքոյի լինելիության փաստը հայ ֆուտբոլասերներից շատերի համար ավելին էր, քան՝ ցանկացած հաղթանակ, եւ երբ Բաքվից Արտյոմ Ֆալյանը հայտնվեց եւ «Արարատի» հաղթանակներն սկսվեցին, էդ ֆալյանական հաղթանակները շատերի սրտով չէին, որովհետեւ էդ հաղթանակներն էապես էին ստվերում Հովիվյան Սաքոյի փառքը, եւ երբ Բաքվից անակնկալ հայտնված Արտյոմ Ֆալյանի շնորհիվ «Արարատի» հաղթանակները սովորական իրադարձություն դարձան, դրանից մեր ֆուտբոլիստներից շատերը ոչ միայն չուրախացան, այլեւ նույնիսկ տխրեցին, որովհետեւ էդ ֆալյանական հաղթանակները ոչ միայն Հովիվյան Սաքոյի շնորհիվ չէին ձեռք բերվում, այլեւ դրանք հիմնականում իրականանում էին Հովիվյան Սաքոյի բացակայության պայմաններում, եւ դա հայ ֆուտբոլասերներից շատերի սրտով չէր, ավելի ճիշտ՝ ոչ թե ֆուտբոլասերների սրտով չէր, այլ՝ Սաքոյասերնրի, եւ Սաքոյասերների ընկճվածությունն էդ թվերին Քյավառ Վալոդի առաջնորդությամբ չափազանց լուրջ եղանակ էր ստեղծում, որովհետեւ անցյալ դարի վաթսունականների սկզբներից մինչեւ վաթսունականների վերջերը Հայաստանում ու մանավանդ Երեւանում Սաքոյասերները քանակով անհամեմատ շատ էին, քան՝ սովորական ֆուտբոլասերները, եւ որ ասում եմ թե՝ Սաքոյասերներն ընկճված էին, էդ չի նշանակում թե՝ ձեռքները ծալած, պարապ նստած էին. ավելին. նրանք պայքարելով՝ շատ շուտով հասան իրենց նպատակին, այն է՝ նոր «Արարատի» հիմնադիր Արտյոմ Ֆալյանին ոչ միայն «Արարատից», այլեւ Երեւանից ու Հայաստանից հեռացրին, բայց մինչ այդ Ֆալյանն արդեն Հովիվյանին «Արարատից» հեռացրել էր, եւ Հովիվյան Սաքոն Մոսկվայի «Սպարտակի» կազմում «Արարատին» արդեն գոլ էր խփել, եւ էդ խաղի միակ ու հաղթական էդ գոլը Հովիվյանասերների մեծագույն սփոփանքն ու ուրախությունն էր, եւ չնայած Սաքոյասերներին հաջողվեց Ֆալյանին հեռացնել «Արարատից» ու Հայաստանից, այնուամենայնիվ, նրանց չհաջողվեց «Արարատ» վերադարձնել Հովիվյան Սաքոյին, որովհետեւ նույնիսկ Ֆալյանին փոխարինած Պոնոմարյովն էր հասկանում, որ Հովիվյան Սաքոն նոր «Արարատում» անելիք չունի, եւ չնայած Պոնոմարյովն ընդամենը մի քանի ամսում հաջողացրեց նոր «Արարատին» 8-ից 13-րդ հորիզոնականն իջեցնել, այդուհանդերձ, Սաքոյասերները Պոնոմարյովից ավելի գոհ էին, քան՝ Ֆալյանից, եւ նմանապես «Արարատի» գրեթե բոլոր ֆուտբոլիստներն էին Պոնոմարյովից ավելի գոհ, քան՝ Ֆալյանից, եւ հատկապես ու առանձնապես էն ֆուտբոլիստներն էին Պոնոմարյովից գոհ, որոնք Ֆալյանի օրոք ու Ֆալյանի շնորհիվ էին ֆուտբոլիստ ու մարդ դառել, եւ մարդ դառնալը հատկապես եմ նշում ու շեշտում, որովհետեւ էդ թվերին արդեն Կրիվոյի բնակիչ էի, եւ նոր «Արարատի» մարզումներն անգամ բաց չէի թողնում, եւ երբ մարզումից հետո «Արարատի» տղերքը հանդերձարանից դուրս էին գալիս, մենք հմայված ու հիացմունքով նայում էինք մեր ժամանակի էդ հերոսներին, եւ Հովիվյան

Սաքոն արդեն նրանց մեջ չէր:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031