«Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը խոսում է այն մասին, որ ցեղասպանություն հանցագործությունը վաղեմության ժամկետներ չունի և որ նման հանցագործության դեմ պայքարը ողջ մարդկության խնդիրն է»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, «Մենք շնորհակալ ենք Պարագվային Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար: Շատ կարևոր է, որ Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից 100 տարի անց Լատինական Ամերիկայի հերթական երկիրը ճանաչել և դատապարտել է այդ ոճրագործությունը»:
Պարոն Շարմազանովի կարծիքով, ողջ մարդկության խնդիրն է ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարելը, որ հետագայում նման ոճրագործությունները բացառվեն. «Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկային հասարակության նկատմամբ, ինչն ամրագրված է նաև Պարագվայի Սենատի կողմից ընդունված բանաձևում»:
Հիշեցնենք, որ Պարագվայի սենատում այսօր ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ