ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տարածաշրջանային այցը համարում է նոր հույս:
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո նա ասաց, որ համանախագահների ցանկացած այց բանակցությունները շարունակելու նոր հնարավորություն է. «Թե Հայաստանը, թե Ղարաբաղը մշտապես եղել են խաղաղ բանակցությունների կողմնակից: Թե նախկինում, թե այսօր, եթե դրան եղել է խոչընդոտ, ապա ոչ Հայաստանից, ոչ Ղարաբաղից է այդ խոչընդոտը եղել: Գործընթացի խոչընդոտողը, գործընթացը փակուղի տանողը մշտապես եղել է ադրբեջանական կողմը: Ադրբեջանական կողմի դիրքորոշումից է կախված, թե ինչպիսի ընթացք կունենան բանակցությունները»:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ պարոն Շարմազանովն ասաց, որ ՀՀ նախագահը իր հրապարակային ելույթներում երբեք բացի բանակցային գործընթացով լուծումից այլ տարբերակի կողմնակի չի եղել. «Եթե ադրբեջանական կողմը պատրաստ կլինի բանակցությունների շարունակմանը, մեզ համար խնդիր չկա, մենք բանակցությունների ջատագով ենք: Պարզապես համանախագահները պետք է հստակեցնեն, որ ցանկացած հավասարություն դնող հայտարարություն, չի օժանդակում խաղաղության ավելի ամրապնդմանը…Վտանգ կա, որ այդ փակուղի տանող ապակառուցողական կողմը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը: Իսկ մենք մշտապես մերժել ենք ցանկացած ապակառուցողական մոտեցում: Գիտենք խաղաղության գինը, որ անհրաժեշտ է բոլորիս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ