Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին ասաց, որ ՀՀԿ շտաբերի աշխատանքները, քարոզչական գործունեությունը շարունակվում են. «Թե կենտրոնական թե տարածքային ու մարզային շտաբերում հավաքված են փորձառու գործիչներ, մեր խնդիրն է մեր հանրությանը ներկայացնել նոր, բարեփոխված Սահմանադրության առավելությունները, եւ դեկտեմբերի վեցին մեր ժողովուրդը կորոշի՝ գնում ենք նոր Սահմանադրությամբ առաջ, թե մնում է հին Սահմանադրությունը»;
Անդրադառնալով նույնականացման քարտ ունեցող 183.000 քաղաքացիներին, ասաց՝ պետք է հնարավորություն տան այդ քաղաքացիներին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում արդեն մի քանի օր է՝ քննարկվում է նույնականացման քարտեր ունեցող ընտրողների հարցը, քանի որ այդ քարտերի վրա չեն դրվելու դրոշմներ, ինչպիսիք դրվում են ընտրությունից հետո անձնագրերում: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, որ նույնականացման քարտեր ունեցող ընտրողների դեպքում դժվար կլինի վերահսկել, թե ով քանի անգամ մասնակցեց ընտրությանը:
Էդուարդ Շարմազանովը խնդիրներ չի տեսնում. «Ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ հնարավորություն է տալիս վերահսկել ընտրական գործընթացը. Թե դիտորդներին, թե վստահված անձանց: Եթե այս կամ այն քաղաքական ուժը չունի բավարար չափով վստահված անձինք, որ վերահսկի ընտրական գործընթացը, եթե քաղաքական ուժը չի վստահում իրենց վստահված անձանց, դա նրանց խնդիրն է: Կրկնում եմ, այսօրվա ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, վերահսկել ընտրական գործընթացը: Այնպես որ, կարծում եմ՝ շատ դեպքերում սա ավելորդ աղմուկ է»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, չկա հանրապետական մի պատգամավոր որն ընդգրկված չլինի շտաբերում. «Չկա պատգամավոր, որն ընտրված չլինի հանրաքվեի քարոզչական աշխատանքներում: Ի տարբերություն որոշ կուսակցությունների, մենք ընտրությունից ընտրություն չէ, որ բացում ենք մեր գրասենյակները: Ունենք վստահված անձեր, կազմակերպիչներ, որեւէ խնդիր չունենք: Անհնար է՝ մեծամասնական պատգամավորը ընդգրկված չլինի ու իր ընտրողին իր կարծիքը չասի: Մենք կարգապահ կուսակցություն ենք, եւ մեզ մոտ բոլորը գիտեն իրենց անելիքները»:
Պարոն Շարմազանովը զարմանում է՝ ինչու են ՀՀԿ- շտաբերի շուրջ աժիոտաժ ստեղծում. «Ամեն անգամ, երբ ՀՀԿ-ն ստեղծում է շտաբ, աժիոտաժ է սկսում, շատ նորմալ գործընթաց է, ինչ է եղել…
Մենք շահագրգռված ենք, որ այս հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Նա ասաց, որ ԵԽԽՎ, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների դիտորդներին են հրավիրել, եւ դիտորդները կգան, իրենք էլ գնահատականը կտան. «Այս ընտրությունը մահի ու կյանքի պայքար չէ, պետք է ամեն ինչ որոշի մեր քաղաքացին, ինչպես կլինի, այնպես էլ կլինի, կասի այո, կլինի այո, կասի՝ ոչ, կլինի ոչ: Մենք կքարոզենք պլյուսները, մեր ընդդիմադիր ընկերները իրենցը կանեն, դեկտեմբերի վեցին ժողովուրդը կորոշի: Այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս վերջ դնել մի կուսակցությունից, մեկ պաշտոնյայի կողմից կառավարվելուն, բարձրացնում է ժողովրդավարացումը, հնարավորություն է տալիս ընդդիմությանը նոր լծակներ ձեռք բերել, առանց ընդդիմության անհնար է դառնում որեւէ պաշտոնյայի նշանակում ԱԺ-ում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ