Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «Հասարակությունը բազմաթիվ այդպիսի իշխանափոխություններ է տեսել»

Հոկտեմբեր 29,2015 21:40

Քաղաքագետը դաշտում բազմաթիվ թեկնածուներ է տեսնում

«Այո-ի ճակատը, լինելով իշխանությունների կողմից հովանավորվող ճակատ ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս»,- Aravot.am-ի եւ 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ եթե այո-ի կողմնակից ուժերը անջատ-անջատ գործեն, ապա դա իրենց չի վնասի, բայց ոչ-ի պարագայում իրավիճակը այլ կլինի. «Եթե «Ոչ»-ը պառակտված է գործում, ապա այդ առումով իրենց վնաս է: Ես գտնում եմ, որ ընդդիմությունը, որը բավականին թույլ է Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո, իրեն չպետք է այդ մեծ շռայլությունը թույլ տար եւ անջատ-անջատ գործեր՝ մտածելով, թե ինչ-որ հաջողության կհասնի: Բացի դրանից ընդդիմադիր կուսակցությունները շատ լավ գիտեն, որ հասարակության կողմից անվստահություն կա: Սա միայն ընդդիմությանը չի վերաբերվում, վերաբերվում է Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին, որովհետեւ վերջին 1, 1.5, 2 տարիների ընթացքում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ մեր կուսակցությունները բավական հեռու են ժողովրդի կարիքները հաշվի առնելուց, իսկ եթե մոտ լիներ, ապա շատ քիչ ռեսուրսներ ունեն»:

Քաղաքագետը ընդգծեց, որ երբ իշխանությունը ցանկանում էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը կամ տրանսպորտի սակագինը, քաղաքական ուժերը չկարողացան որեւէ արդյունքի հասնել, եւ հաղթանակը մեծ մասամբ քաղաքացիական ակտիվիստներին էր եւ հասարակական կազմակերպություններինը:

«Ես գտնում եմ, որ ընդդիմության պառակտված հանդես գալը իրեն վնաս կհասցնի, ինչպես նաեւ ես գտնում եմ, որ այստեղ շատ կարեւոր է, թե ինչ դիրքորոշում ունեն մեր հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարի փորձ ունեն իշխանությունների դեմ, կոպիտ ասած, եւ ինչ դիրքորոշում ունի մեր քաղաքացիական հասարակությունը, որովհետեւ նրանց դիրքորոշումը շատ կարեւոր է: Որովհետեւ նրանց շնորհիվ է, որ իշխանությունը գնում է զիջումների թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պահով, թե՛ տրանսպորտի թանկացման պահով: Հասարակությունը իրենց է ավելի շատ վստահում, քան քաղաքական ուժերին, որովհետեւ քաղաքական ուժերը որեւէ կարեւոր գործ չարեցին»,- ասաց նա:

Անդրադառնալով «Նոր Հայաստան» նախաձեռնության՝ իշխանափոխության մասին հայտարարություններին, Գագիկ Համբարյանն ասաց, որ պետք է ռեալ նայել. «1996 թվականից սկսած մենք այդ իշխանափոխության մասին լսում ենք, բայց ո՛չ հասարակությունը, ո՛չ որեւէ մեկը այդ իշխանափոխությունը չտեսավ: Ամեն մարդ պայքարում է, ամեն քաղաքական ուժ պայքարում է, ունի իր երազանքները: Կուսակցությունները, որոնք Ազգային ժողովում ներկայացված են 4-5 հոգով, խմբակցություններ, որոնք որպես այդպիսին բացարձակ գոյություն չունեն, վառ, պայծառ անհատներ են, իսկ խմբակցություն չկա:

Իսկ անհատի պայքարը իշխանության դեմ, ինչպես գյումրեցին է ասում, ձեռքին բզով խփես, իմա՞ստը, ասենք թե հայտարարեցին, որ իշխանափոխություն են անելու դեկտեմբերի 1-ին, հետո՞, այդ իշխանափոխությունը լինելո՞ւ է: Ես ուրախ եմ, որ իրենք հավատում են գոնե իրենց ասածին, բայց հասարակությանը խաբել հնարավոր չէ, հասարակությունը բազմաթիվ այդպիսի իշխանափոխություններ է տեսել: Վերջին օրինակները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանափոխությունն էր, որը ավարտվեց Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Գասպարյան Վովայի հետ աղոթքով, վերջացրած Գագիկ Ծառուկյանի իշխանափոխությունը, որն ավարտվեց փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթով: Եթե այդ տիպի մարդիկ, որոնք բավականին մեծ հարգանք եւ պատիվ ունեին հասարակության մեջ, չկարողացան դա անել, սեմեստրը մեկ անգամ հարցազրույց տվող կուսակցության լիդերը կարո՞ղ է դա անել»:

Գագիկ Համբարյանը սահմանադրական փոփոխությունների դեպքում վարչապետի բազմաթիվ թեկնածուներ է տեսնում: Խնդրեցինք նրան անուններ նշել. «Նույն Հանրապետական կուսակցությունը բազմաբեւեռ է, այնտեղ տարբեր խոշոր բեւեռներ կան, որոնք ունեն իրենց սեփական լիդերները, որոնք միավորվում են ընդհանուր առմամբ մեկ բուրգի մեջ՝ ի շնորհիվ Սերժ Սարգսյանի: Հովիկ Աբրահամյանը իր թիմն ունի, հին հանրապետականները՝ ի դեմս Անդրանիկ Մարգարյանի կողմնակիցների իրենց թեկնածուն ունեն՝ Տարոն Մարգարյան, այնտեղ երիտհանրապետականներ կան, որոնց մեջ շատ ակտիվ է եւ նրանց թիկունքում կանգնած է Միքայել Մինասյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տաղանդավոր եւ բանիմաց անձ է, որը կարող է շատ արագ մտնել քաղաքականություն, որը չունի ոչ մի բիծ իր անցյալի տարով, նույն Արա Աբրահամյանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031