Արցախ աշխարհի Քաշաթաղի շրջանի Երցվանքի գյուղական համայնքը՝ կազմված Երիցվանք, Կրմեն և Ամիրյան գյուղերից, գտնվում է Հակարի և Որոտան գետերի միացման մասում (աջ ափին)՝ շրջկենտրոն Բերձորից մոտ 70 կմ հարավ: Ազատագրվել է 1993 թ. աշնանը, վերաբնակեցվել 1997-ի գարնանը: Այդ ժամանակից էլ գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը, որն այժմ կոչվում է ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունով:
Դպրոցի 11-12-րդ միացյալ դասարաններում սովորում են 5 աշակերտ: Դպրոցի մանկխորհի առաջարկով այս դասարանը շրջվարչակազմի որոշմամբ կոչվել է հայ գուսան, երգահան Գուսան Հայկազունու՝ Գագիկ Նազարյանի անունով: Դասարանի բացման արարողությանը ներկա էր գուսանը՝ որդու՝ Սիփանի, դստեր՝ Վարդիշաղի և իր հիմնած «Հայկազունք» երաժշտական համույթի երգիչների հետ: Դպրոցի միջանցքում կայացավ ցերեկույթ: Սկզբում կատարելով Գուսանի «Գետաշեն» երգը՝ ներկաներին ելույթով ողջունեցին աշակերտները: Ընթերցեցին հայ մեծերի բանաստեղծություններից:
Ներկայացրեցին նաև Հայկազունու կենսագրությունը: Ծնվել է 1951թ. ապրիլի 20-ին, Արտաշատ քաղաքում: Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է, Արցախյան պատերազմի մասնակից, Երկրապահ կամավորների միության անդամ։ Հինգերորդ դասարանցի Անահիտ Մուրադյանը բավականին լավ կատարեց Հայկազունու «Պիտի գնամ վաղ, թե ուշ» երգը, և շատերը ձայնակցեցին աղջնակին: Գուսանի գրած այս և այլ երգեր այսօր շատերի համար նվիրական գործեր են, և պատահական չէ, որ բանակում դրանք շատ են հնչում: Դպրոցի տնօրեն Վարդիկ Սաֆյանը, խոսելով դասարանը Հայկազունու անունով կոչելու մասին, նշեց, որ ողջ կոլեկտիվի ցանկությամբ է այդ իրականանում, և շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին, որ օժանդակել է այս հարցում:
Կարդացեք նաև
«Նախնիների արյան կանչով Գուսան Հայկազունը մասնակցեց Արցախյան ազատագրական մարտերին, և հենց մարտական դիրքերում էլ ծնվեցին նրա ռազմահայրենասիրական երգերը, որոնք այժմ մեր ժողովրդի մշակույթի անբաժան մասն են ու սիրված երգեր»,-ասաց տնօրենը: 11-12-րդ դասարանների դասղեկ Մերուժան Մարգարյանը գոհունակություն հայտնեց, որ հենց Գուսան Հայկազունու անունով է կոչվում իր ղեկավարած դասարանը, և նշեց, որ աշակերտներն այսուհետ ավելի պարտավորված են զգալու և լավ են սովորելու: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորեց օրվա առթիվ, բարձր գնահատեց Հայկազունու դերը Արցախյան գոյամարտի ժամանակ և այսօր՝ ասելով. «Գուսանն իր երգերով հավերժ է մնալու մեր ժողովրդի պատմության մեջ: Հպարտանալու տեղ ունեք, որ նրա անունով է կոչվում մի դասարան»:
«Ինձ համար մեծ պատիվ է ու հպարտություն, որ արժանի դարձա՝ իմ անունով դասարան կոչվի ազատագրված ու շենացող այս հողում: Նշանակում է՝ արել եմ ինչ-որ բան իմ ազգի, ժողովրդի համար: Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողին՝ ընկերոջս՝ դասարանի ղեկավարին, դպրոցի տնօրենությանը, համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանին, ազգաբնակչությանը, և շրջանի ղեկավարությանը», -ասաց Գուսանը՝ կատարելով նոր երգերից՝ «Լավագույն տղերքը դուք եք»: Երգը նվիրված է բոլոր նրանց, ովքեր չեն հեռացել հայրենիքից, մնացել և ազգի շահը բարձր են դասում անձնականից: Խոսելով իր ստեղծագործության մասին՝ ասաց, որ մինչ Արցախյան շարժումը, ինքը ոչ երգել, որ նվագել է իմացել, իսկ նոտաներ ընդհանրապես չգիտի: Սակայն մեր ժողովրդի ընդվզումը փոխեց ամեն ինչ իր կյանքում, և Գագիկ Ստեփանյանը դարձավ գուսան-երգահան: «Հայեր միացեք»-ը ծնվեց 88-ի սկզբներին և դարձավ ժողովրդին ոգեշնչող երգ: «Գետաշեն»-ը գրվեց այն ժամանակ, երբ Գագիկը ջոկատի կազմում Գետաշեն հասավ: Իսկ 92-ի այն տագնապալի օրերին, երբ թվում էր՝ Արցախը դատարկվում է, Գուսանը գրեց «Հպարտ գնացեք»-ը, որը ոգի տվեց պատերազմ մեկնող մեր տղաներին նաև կռվի ժամանակ: «Լավ երգը նման է ծանր հրետանու»,-ասաց Հայկազունը:
Գուսանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր նրանցից, ովքեր զորավիգ եղան իրեն, երբ հիվանդ էր: Եվ դա մեծ ազդեցություն ունեցավ, որ ինքն ապաքինվեց և այսօր այստեղ է: Դասարանի կարմիր ժապավենը կտրեցին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանը և Գուսանը: Գրատախտակի վրա Հայկազուն ստորագրեց Մասիսների նկարով: 12-րդ դասարանի աշակերտներ Քրիստինե Իգիթյանը, Նելլի Ազարյանը և Սերյոժա Հովհաննիսյանը հպարտությամբ մտան արդեն անվանակոչված դասարան, որտեղ գրատախտակին մեր ժողովրդի լավագույն զավակներից Գուսան Հայկազունու ստորագրությունն էր:
Ներկաներից շատերը ցանկություն հայտնեցին լուսանկարվել Գուսանի հետ՝ գրատախտակի մոտ: Ցերեկույթին ներկա էին նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, ով Հայկազունու մանկության ընկերներից է, աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, հարևան համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, հյուրեր: Հանդիսավոր մասից հետո կայացած տոնական խնջույքի ժամանակ նույնպես հնչեցին Գուսանի երգերը, այդ թվում նաև Քաշաթաղին նվիրվածը:
Գուսանը կարևորեց Քաշաթաղի դերը՝ ասելով, որ երբ ասում են Արցախ, ինքն սկզբում Քաշաթաղն է պատկերացնում, որն ազատագրվելով, դարձավ մեր ժողովրդի երազանքի՝ ՄԻԱՑՈՒՄ-ի իրականացումը, և ինքն ու շատ երգիչներ մշտապես այցելում են Քաշաթաղ, լինում համայնքներում, ճանաչում մեր աշխատասեր ու հայրենասեր ժողովրդին, գրում երգեր՝ նվիրված նրանց:
Զոհրաբ Ըռքոյան