Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որի ընթացքում պարզ կդառնա, թե այդ երկիր դառնո՞ւմ է արդյոք խորհրդարանական պետությունը, թե՞ ոչ: Իշխող կուսակցությունը սա պատկերացնում է որպես երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդում, իսկ քննադատները ասում են, որ այս բարեփոխումները պետք են Սերժ Սարգսյանին եւ նրա կուսակցությանը, որպեսզի պահպանեն իշխանությունը: Այս մասին ասված է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին «BBC»-ի ռուսական ծառայության կատարած անդրադարձում:
Ի թիվս այլ հարցերի՝ «BBC»-ն գրել է նաեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանի զինված ուժերի ղեկավարման մասին: «Վարչապետը պատերազմի ժամանակ դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, ինչը կարեւոր է, քանի որ, փաստացի, Հայաստանը պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի հետ: Խաղաղ ժամանակ բանակը ենթարկվելու է կառավարությանն, իսկ արտակարգ իրավիճակներում զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու է վարչապետը»:
Հեղինակը նաեւ գրել է, որ ընդդիմության հիմնական մտահոգությունն այն է, որ Սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են Սերժ Սարգսյանին երկրի ղեկավարի պաշտոնում պահելու համար: «Եթե այս բարեփոխումներն ընդունվեն, Սերժ Սարգսյանը կկարողանա երկիրը ղեկավարել կամ որպես Ազգային ժողովի նախագահ, կամ՝ վարչապետ: Դա նաեւ Հանրապետական կուսակցության դիրքերը կամրապնդի»:
Անդրադարձ է կատարվել նաեւ «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներին: Նշված է, որ Սահմանադրական բարեփոխումներից երկու ամիս առաջ ընդդիմությունն արդեն մի քանի խմբեր է ձեւավորել, որոնք ոչ են ասում բարեփոխումներին. «Չեք անցկացնի», Ազգային փրկության ճակատ, «Ոչ» եւ «Նոր Հայաստան»:
Կարդացեք նաև
«BBC»-ն նաեւ մեջբերել է «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածներից մեկը, որում, մասնավորապես նշված է. «Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ էր «այո»-ի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի հասնել, այն դեպքում, երբ ընդդիմությունը, որը հենց սկզբից դեմ էր Սահմանադրական բարեփոխումներին, չկարողացավ համախմբվել «ոչ»-ի շուրջ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ