Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) այսօր տեղի ունեցավ եվրոպական «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ավարտական կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեցին իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:
«Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի շնորհիվ՝ հայաստանյան մի շարք բուհեր հնարավորություն ունեն առավել տեղեկացված լինելու իրենց շրջանավարտների զբաղվածության, առկա խնդիրների ու մասնագիտական բացթողումների մասին: Հետևաբար՝ մեզ համար շատ կարևոր է ծրագրի շարունակականությունը, որը թույլ կտա գնահատել ինչպես կրթական ոլորտի, այնպես էլ աշխատաշուկայի խնդիրներն ու բացթողումները»,- ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում և «HEN-GEAR» նախագծին մասնակցող հայաստանյան մյուս 7 բուհերում վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ սեմինարներ, փորձագիտական հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպվել: Ստեղծվել է պորտալ, որի միջոցով շրջանավարտները կարողանում են գրանցվել, պատասխանել մի շարք հարցերի՝ այդպիսով իրենց տվյալներն ու մասնագիտական հնարավորություններն ամրագրելով տվյալների շտեմարանում: Գրանցված գործատուները կարող են այդ շտեմարանում որոնումներ կատարել և իրենց պահանջներին համապատասխանող շրջանավարտներին աշխատանքի առաջարկ ներկայացնել:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի տեղեկացմամբ՝ երեք տարիների աշխատանքի արդյունքում այսօր համակարգում գրանցված է մոտ 9 000 շրջանավարտ, և առցանց հասանելի է մոտ 7 000 կենսագրություն:
Կարդացեք նաև
«Այս հարթակը հնարավորություն է տալիս մեզ հաշվի առնելու գործատուների, ինչպես նաև շրջանավարտների կարծիքը: Գործատուներն օգտագործում են այս հարթակը լավ կադրեր գտնելու համար: Եվ շատ ուրախալի է, որ նոր բուհեր էլ են միանում համակարգին: Այսինքն՝ հարթակը գնալով ավելի մեծ մի նախաձեռնության է վերածվում»,- ասաց «HEN-GEAR» նախագծի համակարգող Լուիզա Մենգորը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ