Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Doing Business »-ին լուրջ մի վերաբերվեք. այն հաշվի չի առնում մեր երկրում կոռուպցիան եւ անհավասար մրցակցությունը

Հոկտեմբեր 29,2015 20:00

Տնտեսագետների կարծիքով՝ եթե անգամ «Doing Business »-ում դիրքերը բարելավել ենք, սա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է «Հայաստանում բիզնես գրանցելը մի բան է, բիզնես անելը մեկ այլ բան: Մեր երկրում բիզնես միջավայրում այնքան ստվեր ու կոռուպցիոն ռիսկեր կան, որ «Doing Business»-ի՝ Հայաստանի դրական ցուցանիշով պայմանավորել ու ասել, որ Հայաստանը պուպուշ երկիր է, օտարերկրյա ներդրողներին դրանով չենք խաբի:

Նրանք բացի ֆորմալ դաշտից, շփվելու են նաեւ անուղղակիորեն ոչ ֆորմալ դաշտի հետ եւ կոռուպցիայի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած  որ «Doing Business 2016» զեկույցին:

Նշենք, որ Հայաստանը, ըստ այդ «գործարարությամբ զբաղվելը» զեկույցի 35-րդ տեղում է. 3 կետով բարելավել է դիրքերը:

Մանուկյանի ներկայացմամբ՝ «Doing Business»-ի մեթոդաբանությունը փոփոխվել է, եւ հրապարակած տվյալները չի կարելի բացարձակ ճշմարտություն ընդունել:

«Doing Business» զեկույցում որպես դրական ցուցանիշ նշված է՝ Հայաստանը հեշտացրել է  շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը. մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Այս առնչությամբ տնտեսագետ Մանուկյանը նկատեց, որ նման փոքր բաներից ելնելով համարել, որ մեր երկրում լուրջ բարեփոխումներ են եղել բիզնես միջավայրում, ու դա դրոշակ սարքել՝ անիմաստ է:

«Մի կարեւոր բան էլ՝ այդ համաթիվը, որը հաշվարկում է համաշխարհային բանկը,  հիմնվում է ոչ ստվերային հատվածի վրա: Պարզ է, որ եթե մի գործարար, որն ուզենա գալ եւ Հայաստանում աշխատել,  պետք է հաշվի առնվի, որ բացի օրենսդրական դաշտից, գոյութուն ունի ստվերային դաշտ եւս, գումարած նաեւ կոռուպցիան, այս համաթվերի  մասին «Doing Business»-ը բիզնես ոչինչ չի ասում»,-նշեց Արտակ Մանուկյանը:

Զեկույցը կազմելու համար, ինչպես ասաց տնտեսագետը, դիտարկում են օրենսդրական դաշտը, իսկ մոնոպոլիայի բարձր աստիճանը, դրանից բխող կոռուպցիոն ռիսկերն ու  անուղղակիորեն արգելքներն ու նման էական բաներին զեկույց կազմողները չեն նայում. «Ասենք նշում են թափանցիկությունը, որն ըստ երևույթին վերաբերում է հարկային հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով ներկայացնելը, սակայն միայն սրանով թափանցիկ գործարար միջավայր համարելը, ճիշտ չէ»:

Արտակ Մանուկյանի խոսքերով՝  նման մանր ցուցանիշներով մեր կառավարությունն այդ զեկույցը կազմողների հետ փորձում են շղարշ ստեղծել, որ մեր երկրում  բիզնես միջավայրում ամեն ինչ լավ է. «Հայաստանում բիզնես անելու, բիզնես միջավայրի մասին ամենալավ գնահատականը օտարերկրյա ներդրումների նվազումն է, շուկայում անհավասար մրցակցության առկայությունն է. սրանից լավ ինդիկատոր չկա»:

Հայաստանի գործատուների միության հանրապետական միության նախագհ Գագիկ Մակարյանն էլ  «Doing Business 2016» Հայաստանի դիրքերի բարելավման մասին ասաց,  որ Եվրասիական տնտեսական միության երկրների շրջանակում ներմուծման դեպքում փաստաթղթավորումն են հաշվի առել, եւ զեկույցում այս ցուցանիշով 29 բալով առաջ ենք, շինարարության թույլտվության հետ կապված էլ բարելավել ենք դիրքերը. «Այնուամենայնիվ, Հայաստանը 2-3 տարի առաջ էլ այդ զեկույցում Բելգիայի եւ Ֆրանսիայի միջեւ էր, հիմա էլ Ճապոնիայից հետո ենք: Այս ցուցանիշները չենք հասցնում իրական կյանքում մարսել, օգտագործել, որովհետեւ իրականությունը շատ ավելի բարդ ու խճճված է, քան թղթերի վրա ցուցանիշներով ռեֆորմներով ձեւակերպված օրենքները: Իմ կարծիքով այս «Doing Business»  մեթոդաբանությունը  պետք է վերանայել, որովհետեւ իրենք ամեն մի երկրում մայրաքաղաքներն են ընտրում, խոշոր քաղաքները: Ի վերջո, մեզ մոտ մայրաքաղաքներում եւ մարզերում խիստ տարբերվում է բիզնես մշակույթը»:

Պարոն Մակարյանի խոսքերով՝ «Զեկույցում ասում են, որ նոր օրենքի համաձայն, որեւէ գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Էլկենտրոնային պատահականությամբ  գործերը դատավորներին հանձնելով չէ միայն, այլ պետք է հաշվի առնել, թե տվյալ դատավորը, երբ գործը ստանձնեց՝ ինչ վերաբերմունք ունի այդ գործի նկատմամբ, ում շահերն է պաշտպանում, ով է նրան զանգում այդ գործի համար»:

Մակարյանի կարծիքով՝  այդ ցուցանիշներով իմիջ է ստեղծվում, բայց այդ ցուցանիշները  չենք կարողանում օգտագործել. «Եկող տարի մենք գուցե առաջ, գուցե  հետ գնանք, այդ դեգերումները մի կետից մյուսը, չի նշանակում, որ առաջատար երկրների բիզնես մշակույթն ենք կիրառում Հայաստանում: Բիզնեսը սիրում է մշակույթ, հանգիստ միջավայր, օրենքի գերակայություն, եւ հավասար մրցակցային պայմաններ: Մեզ մոտ կա կոռուպցիայի բարձր ցուցանիշ, անհավասար մրցակցություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհերքելի է որ Հայաստանում բիզնես անելը դժուար բան է:

    Սակայն եթէ ուզում ենք իսկապէս այդ խնդիրը լուծել, անհրաժեշտ է որ դադրինք միայն ու միայմ, բացառապէս, զայն վերագրել այն երեւոյթներին զորս նշում է այս տնտեսագէտը:

    «Աշխատանքային կենցաղի» խնդիր մը կայ, աշխատաւորների մօտ, որ կապ չունի ոչ կաշառակերութեան հետ, ոչ ել «ստվերային» չգիտեմ ինչերի հետ:

    Խուսափում ենք, փախչում ենք դիմագրաւելէ խնդրի այդ երեսը,
    բացառեալ – եւ չափազանցեալ – կերպով շեշտելով միւս երեւոյթները:

    Ես կ’ուզենայի նաեւ գիտնալ եթէ այս տնտեսագէտը, իսկական փորձառութեամբ կամ ուղղակի, գետնիը վրայ ուսումնասիրութեամբ, բաւարար չափով ծանօթ կամ տեղեակ է այլ երկիրների բիզնեսի աշխարհին:

    Եթէ ոչ – եւ շատ պիտի զարմանամ որ պատասխանը լինի այո -, ուրեմն ի՞նչ հիման վրայ է արտայայտում իր դիտողութիւնները: Օդի՞ն մէջ: Երեւակայութեա՞ն համեմատ: Իդէալ ու անթերի, կատարեալ աշխարհի մը երազային հեռանկարո՞վ…

    Ամէն անգամ որ Հայաստանում մի լաւ բանի նշոյլը իսկ արտացոլայ, պէտք է որ մէկը անպայման հասնի ու զայն ոտնակոխէ, ոգեկոչելով խաւարները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031